Հանուն հավատի, սիրո զոհաբերության առաջին օրինակը․ Ս. Ստեփանոս Նախավկայի հիշատակության օր
Հանուն հավատի, սիրո զոհաբերության առաջին օրինակը․ Ս. Ստեփանոս Նախավկայի հիշատակության օր
«Սիրել, նվիրվել, չուրանալ Աստծուն, քայլել, ապրել Տիրոջ հետ՝ Նրան ունենալով մտքում, հոգում, սրտում».
Այս խորհուրդն են մեզ փոխանցում հանուն հավատի, Քրիստոսի համար նահատակվածները, կարծում է Երևանի Նորք-Մարաշ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը:
Այս տարի դեկտեմբերի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի համար նահատակված առաջին մարտիրոսի հիշատակության օրը։ Սուրբ Ստեփանոսն իր հավատով, նվիրումով օրինակ է քրիստոնյաների համար՝ ճանաչելու Ճշմարտությունը:
Ս. Ստեփանոս` հավատով ու Սուրբ Հոգով լցված մարդը
Ստեփանոս նշանակում է պսակավոր: Ըստ Հայ Եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացու` այդ անվանումը նա ստացել է, երբ գնացել է Ս. Պետրոս և Ս. Հովհաննես առաքյալների մոտ՝ մկրտվելու, ջրի վրա երևացել է լուսապսակ: Ս. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու սիրված սրբերից է։
Գործք Առաքելոցից հայտնի է, որ Հոգեգալստից հետո առաքյալները սպասարկում էին սեղանները, որ կարիքավորներին նպաստներ բաշխեն: Քանի որ Հիսուսին հավատացողների թիվն ավելանում էր, և առաքյալներն ի վիճակի չէին հոգալ բոլորի կարիքները, իրենց հետևորդներին պատվիրում են ընտրել 7 մարդ՝ սեղանները սպասարկելու համար: Ըստ Ս. Ղուկաս Ավետարանչի` ընտրյալների մեջ էր նաև Ս. Ստեփանոսը.
«Հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր»: (Գործք. 6:5)
Առաքյալները ձեռնադրում են նրան` արժանացնելով սարկավագի աստիճանին:
«Ս. Ստեփանոսի միջոցով շատերը ճանաչեցին Քրիստոսին։ Նա լցված էր Սուրբ հոգու շնորհներով ու զորությամբ, զանազան հրաշքներ էր գործում ժողովրդի մեջ»,- նշում է քահանան:
Տեր Զաքարիան ընդգծում է՝ Ս. Ստեփանոսի նահատակության պատճառ են դառնում Քրիստոսի ուսմունքին դեմ մարդիկ, որ տեղում փորձում էին ստեղծել բացասական տրամադրություն: Նրանք համոզում են մարդկանց, թե Ստեփանոսը հայհոյում է Աստծուն ու Մովսես մարգարեին: Նրան ի վերջո ատյան են տանում.
«Ասվում է՝ երբ ատյանում օրենսգետները նստած էին՝ նրան դատելու, տեսնում են, որ Ստեփանոսի երեսը նման էր հրեշտակի: Երբ նրան մեղադրում են օրենքի դեմ խոսելու, հայհոյական խոսքեր ասելու համար՝ նա սկսում է մեկնել Հին Կտակարանը»:
Ս. Ստեփանոսն իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Հիսուս է խոստացյալ Մեսիան ու հանդիմանում հրեաներին՝ իրենց խստասրտության համար: Նշում է.
«Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին։ Եվ սպանեցին նրանց, ովքեր նախօրոք ավետեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ, դուք, որ հրեշտակների միջոցով ստացաք Օրենքը, բայց այն չպահեցիք»։ (Գործք Առաքելոց 7:52-53)
Ստեփանոսին սպանում են քարկոծելով: Մինչդեռ այդ ընթացքում, ըստ քահանայի, նա աղոթում էր իրեն քարկոծողների համար.
«Ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, սա նրանց իբրև մեղք մի՛ համարիր»։ Եվ այս ասելուց հետո հոգին ավանդեց»։ (Գործք Առաքելոց 7:60)
Ս. Ստեփանոսը դարձավ Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը, այդ պատճառով կոչվեց նախավկա: Տեր Զաքարիայի խոսքով՝ դեկտեմբերի 25-ին կարելի է նաև շնորհավորել սարկավագներին՝ իրենց կոչման, ծառայության համար։ Հիշատակության օրը կատարվում են սարկավագական ձեռնադրությունները։