Հոգով զորացած տոնախմբենք Տիրոջ Ծնունդը

Հոգով զորացած տոնախմբենք Տիրոջ Ծնունդը

Սուրբ Ծննդյան պահք
 

Օրեր անց Հայ Առաքելական Եկեղեցին կտոնի Սուրբ Ծնունդը, բայց արդյո՞ք պատրաստ ենք այս տոնին ու գիտենք՝ ինչպես դիմավորել։ Եկեղեցու հայրերը կոչ են անում պահեցողությամբ պատրաստվել տոնին․ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը պահք է։ Հնում մեր նախնիները պահել են այն։ Այսօր Սուրբ Ծննդյանը նախորդող շաբաթապահքը քիչ տարածված է, բայց, ըստ հոգևորականների, անհրաժեշտ է։


Մեր զրուցակիցը Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանն է։


Պահք՝ հոգին զորացնելու, պատրաստ լինելու համար


-Ամանորը գեղեցիկ տոն է, բայց քրիստոնյա աշխարհը փառավոր ուրախությունով է լցվում Սուրբ Ծննդին՝ քրիստոնյաների մեծագույն տոնին, որին պետք է հոգով պատրաստ լինել։ Այդ պատճառով կարևոր է Սուրբ Ծննդյան պահքը, որը տարվա առաջին պահոց շրջանն է։ Կարևոր է՝ աղոթքով մուտք գործել նոր տարի։ Լավ կլինի՝ այս սովորությունը կրկին տարածվի։ 


Պահքն առհասարակ ուժ է տալիս մարդուն, հոգին զորացնում է, մաքրագործում։ Պահոց շրջանները ինքնակատարելագործման համար են, որոնց ժամանակ պիտի հեռու լինենք վատ սովորություններից՝ հայհոյանքից, բամբասանքից, այլ մեղքերից։ 


Կարևոր է, որ գիտակից քայլերով գնանք Տիրոջ հաստատած ուղիներով, կարողանանք ապրել եկեղեցու հայրերի կանոների համաձայն։ Մաղթում եմ մեր ժողովրդին, որ կարողանանք մեր ամենօրյա կյանքի մեջ գնահատել Աստծո ներկայությունը, հոգով, Աստծով զորացած տոնախմբենք, դիմավորենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը։ 


Խորհրդային Միության քարոզչությունը՝ պատճառ


-Ժամանակին մեր Ժողովուրդը հավուր պատշաճի պատրաստվել է Սուրբ Ծննդին, պահել Պահքը, այդ օրերին սնվել հատուկ կերակուրներով։ Խորհրդային Միության տարիներին, սակայն, քարոզվել է անաստվածությունը։ Մարդկանց ամեն կերպ փորձել են հեռացնել եկեղեցուց։ Դրա արդյունքում՝ այսօր մեծ մասամբ չեն պահում Սուրբ Ծննդյան պահքը։
 

Ամուր պահենք մեր հավատքը, եկեղեցին, հայրենիքը


-Մաղթում եմ, որ մենք՝ որպես քրիստոնյա ազգ, կարողանանք գնահատել քրիստոնեական արժեքները, ամուր պահենք մեր հավատքը, եկեղեցին, հայրենիքը, մեր ընտանիքները։ Մանուկ Հիսուս թող ծնվի յուրաքանաչյուրիս սրտում և օրհնություն բերի յուրաքանչյուր ընտանիքի։ Ամեն մարդու սիրտ թող դառնա փոքր մսուր, ուր կբնակվի Հիսուս, աստվածային մեծ զորությունը։ Այս ամենի մեջ մեծ նշանակություն ունի մարդու հոգևոր զարթոնքը։ Տա Աստված՝ մեր ազգը վերափոխվի՝ որպես ճշմարիտ քրիստոնյա։
 

 Պատրաստեց Անի Ավագյանը

 
  • 2023-12-30
×