Զարդեր՝ անսահման սիրո ու ամուր հավատի մասին

Զարդեր՝ անսահման սիրո ու ամուր հավատի մասին

Գեղեցկություն, ներդաշնակություն, հոգևոր խորհուրդ ու անսահման սեր. մասնագիտությամբ տնտեսագետ Մարինա Նուշիկյանն այս ամենը միավորելով է ստեղծում իր զարդերը, որ դարձել են հավատի արտահայտման իր յուրահատուկ միջոցը: Նպատակ ունի իր գործերի միջոցով սեր տարածել, խոսել հավատի, հույսի մասին: Զարդերի ստեղծման հիմքում կա հետաքրքիր պատմություն: Գաղափարն առաջացել է տարիներ առաջ, երբ Մարինան վիրահատության ժամանակ երազում տեսել է սուրբ Հովհաննես Մկրտչին:

 

«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը «Նիսսի» ապրանքանիշի հիմնադիր Մարինա Նուշիկյանն է:

 

Հիմքում՝ հավատ ու անսահման սեր

 

-Զարդերը ստեղծելու նպատակներից մեկը շուրջը ներդաշնակություն ու հավատ սփռելն է: Ես ինքս զգացել եմ, որ Աստված հրաշք է: Վիրահատության ժամանակ իմ տեսած երազը, կորոնավիրուսի համաճարակը, երբ տարածվել էր բացասական մթնոլորտ, համընկան: Ցանկացա մարդկանց փոխանցել այն հույզերն ու զգացմունքները, որոնցով ինքս էի լցված, այն ներդաշնակությունը, որը գտել եմ՝ մոտենալով Աստծուն։ Այս գործերը դարձան իմ գաղափարները, էմոցիաները, ազգային ու հոգևոր արժեքներն արտահայտելու միջոց: Ես ինքս զարդեր շատ եմ սիրում ու միշտ կրել եմ: Երկար ժամանակ փնտրում էի սուրբ Հովհաննես Մկրտչի պատկերով զարդ ու չէի գտնում, հետագայում այն գտա միայն Երուսաղեմում: Հասկացա, որ պետք է ստեղծեմ այս աշխատանքները, քանի որ Հայաստանում նման գործեր չէին հանդիպում: Ինձ հաճախ հարցնում են, թե ի՞նչ է նշանակում՝ Նիսսի: Ես միշտ պատասխանում եմ՝ հաղթանակ: Անկեղծ ասած, այդ անվանումը լսել եմ երազում: Հետո սկսել եմ հետաքրքրվել, ուսումնասիրել ու բառը գտել եմ Աստվածաշնչում: «Նիսսի»-ի տարբերանշանին պատկերված է երեքնուկ, որը, այս դեպքում, խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը: «Նիսսի»-ն ինձ համար միայն բիզնես չէ, ես կարևորում եմ նախ խորհուրդը: Ապրանքանիշի ստեղծման հիմքում հավատն է:

 

Աստվածաշնչից դրվագներ՝ զարդերի տեսքով

 

-Զարդերից ամեն մեկն իմ կյանքի մի մասնիկն է: Յուրաքանչյուրի հետ կապված են որոշակի հույզեր ու զգացմունքներ: Գործերը, մինչ ստեղծվելը, անցնում են որոշակի ճանապարհ իմ հոգում, մտքում: Ես չեմ հետևում այսօր տարածված թրենդերին, ունեմ իմ տեսանկյունը: Ինձ համար կարևոր է, որ մարդը զարդը կրելով՝ ներքուստ հանգստություն, խաղաղություն գտնի: Իմ հաճախորդներից ամեն մեկը գիտի, թե ինչու է հենց այդ զարդը կրում: Աշխատանքների համար գտնում եմ որևէ պատմություն, աստվածաշնչյան դրվագ ու ներկայացնում այն զարդի տեսքով: Ես շատ եմ կարդում, ուսումնասիրում: Օրինակ՝ խոսում ենք սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին, բայց քիչ են զարդերը, որ ներկայացնում են նրան, փոխանցում անհրաժեշտ խորհուրդը: Ես փորձում եմ ստեղծել նման զարդեր: Իմ ոգեշնչման աղբյուրն Աստծո հանդեպ անսահման սերն է։ Մեր բրենդի կարգախոսն է՝ «Կրի՛ր այն, ինչ արժևորում ես»: Ես ուզում եմ, որ իմ զարդերը մարդկանց մոտեցնեն Աստծուն: Կարծում եմ, որ ինձ մոտ հաջողվում է: Սոցիալական ցանցերում «Նիսսի»-ի էջը գործում է մոտ 4 տարի: Չէի պատկերացնում, որ նման կարճ ժամանակում այն այսքան կսիրվի մարդկանց կողմից: Էջին ուղարկված նամակների մեծ մասին պատասխանում եմ ինքս: Գրեթե ոչ մի բացասական կարծիք չենք կարդում:

 

Զարդերը՝ Սուրբ Գրքին ծանոթացնելու միջոց

 

-Իմ զարդերի միջոցով փորձում եմ մարդկանց ծանոթացնել Աստվածաշնչի հետ: Բրենդի սոցիալական ցանցի էջերում աշխատանքների նկարներին կից տեղադրում ենք Սուրբ Գրքից հատվածներ, որ մարդիկ կարդան, ուսումնասիրեն Աստվածաշունչը: Կարծում եմ, որ այն ևս կարող է օգնել մարդկանց, որ այս կյանքում գտնեն ճիշտ ճանապարհը:

 

Զարդեր՝ ամուր հավատի մասին

 

- Ծնողներս մեծացել են Սովետական Միությունում, երբ ընդունված չէր հավատի մասին շատ խոսելը: Եկեղեցի գնացել ենք, մոմ վառել, բայց կխաբեմ, եթե ասեմ, որ եղել եմ շատ հավատացյալ մարդ: Երկրորդ երեխայիս ծնվելու ժամանակ ծանոթացա մի աղջկա հետ, որն անսահման հավատ ունի, նա ինձ շատ բան սովորեցրեց, շնորհակալ եմ նրան: Հիմա ուզում եմ, որ իմ զարդերը մարդկանց ինչ-որ բան փոխանցեն՝ վաղվա օրվա հանդեպ հույս, սեր ու ներդաշնակություն, ամրացնեն հավատը մարդկանց հոգիներում: Մի տխուր փաստ կա: Նկատել եմ, որ այսօր Հայաստանում, երբ մարդ շատ է խոսում Աստծուց, հավատից, բոլորը մտածում են, թե նա աղանդավոր է, չեմ հասկանում, թե ինչու: Ես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ եմ, իմ զարդերն էլ ամուր հավատի մասին են: Ես իմ սերն ու հավատն արտահայտում եմ զարդերի միջոցով:

 

Երազում եմ, որ…

 

-Կարծում եմ բոլորս էլ նկատել ենք, որ այսօր մեր կյանքում շատացել է բացասականը: Բոլորը համատարած զբաղված են մեկը մյուսին ուղղելով, դաստիարակելով, քննադատելով: Ես կարծում եմ, որ դա նշան է, որ մենք շատ ենք հեռացել Աստծուց: Վստահ եմ, որ Նա մեզնից երես չի թեքի, բայց մենք էլ պիտի սիրենք Աստծուն ու ապրենք Նրա խոսքով: Երազում եմ, որ մեր երկրում սկսենք դիմացինին չվիրավորել, մարդիկ ներդաշնակ լինեն իրենց հետ, հետո սկսեն մնացածին ուղղություն ցույց տալ: Իրավունք չունենք՝ միմյանց շարունակ դատապարտելու: Պիտի հիշենք նաև, որ ոչ մի բան ստիպողաբար լավ չի ստացվում: Ես, օրինակ, որևէ մեկին չեմ ստիպում հավատալ, բայց այդ ուղղությամբ աշխատում եմ իմ գործի միջոցով: Ես շատ եմ ուզում, որ մեկս մյուսին այնպես սովորեցնենք, որ իրար չնեղացնենք ու չնվաստացնենք, համբերատար լինենք: Եթե մեկը մի բան չգիտի, քմծիծաղով չվերաբերվենք: Այս ամենից բացի ունեմ մի մեծ երազանք, հույս ունեմ, որ կստացվի ինձ մոտ. խոստացել եմ, որ եթե հնարավորություն ունենամ, օրերից մի օր կկառուցեմ 7 եկեղեցի:

 

Պատրաստեց Անի ԱՎԱԳՅԱՆԸ

  • 2023-01-10
×