Առաջին պահքը՝ հաստատված Գրիգոր Լուսավորչի կողմից

Առաջին պահքը՝ հաստատված Գրիգոր Լուսավորչի կողմից

Հունվարի 22-ից մեկնարկում է Հայ Առաքելական Եկեղեցու առաջին պահքը, որ կոչվում է Առաջավորաց: Այն շաբաթապահք է, տևում է 5 օր։
 

Մենք կարող ենք ազգովի դարձի գալ, եթե հասկանանք մեր առաջին պահքի, ծոմապահության խորհուրդը, նշում է Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը.
 

«Եթե ազգովի բռնենք դարձի ճանապարհը, բոլորս լինենք պահեցողության մեջ, հասկանանք, որ պետք է մաքրվենք մեր մեղքերից, առավել Աստծուն մոտենանք, մեզ մոտ շատ բան կփոխվի: Երբ մեր հոգին մաքրենք, կսկսենք մարդկանց նայել ոչ թե սև ու սպիտակ, այլ գունավոր, լույսի մեջ»:
 

Ցավով է նկատում, որ մենք չունենք լսելու կարողություն: Մինչդեռ, եթե կարողանանք լսել մեկս մյուսին, կսովորենք ու մեզ մոտ կփոխվի իրականությունը:
 

Ավանդությունը պատմում է․․․
 

Առաջավորաց պահքը հաստատվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: 
 

Ըստ ավանդության՝ Խոր Վիրապից ելնելուց հետո՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը նախքան Տրդատ արքային ու ողջ ժողովրդին մկրտելը 65 օր քարոզում է Քրիստոսի հավատքը։ Այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրում է պահեցողությամբ ու ապաշխարությամբ պատրաստվել մկրտության: Հնում պահք ասելով հասկանում էին ծոմը, այսինքն՝ ոչինչ չէին ուտում, քիչ ջուր էին խմում, կամ էլ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: 
 

Տեր Զենոնի խոսքով՝ Առաջավորաց պահքը կարծես հայոց ազգի համար դարձի պահք լինի, քանի որ մինչև այդ  քրիսոտոնեությունը օջախաբար էր տարածված հայոց աշխարհում: Գրիգոր Լուսավորչի քարոզչությամբ քրիստոնեությունը դարձավ պետական կրոն, տարածվեց հայոց աշխարհում:
 

Տեր Զենոնը Առաջավորքը համեմատում է նաև ադամական պահքի հետ․
 

«Աստված, երբ ստեղծեց Ադամին ու Եվային, սահմանեց առաջին պահքը, ասաց՝ ամեն ծառի պտղից կարող եք ուտել, բայց այս ծառի պտղից չեք կարող: Սա եղավ առաջին պահքը՝ ընդհանուր ժողովրդի»: 
 

Առաջավորաց պահքի առաջին չորս օրերի ընթացքում՝ երկուշաբթիից մինչև հինգշաբթի, Սուրբ Պատարագ չի լինում, եկեղեցում չեն կարդում Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, քանի որ պահքը հաստատվել է այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել Հին Կտակարանի ու Նոր Կտակարանի գրքերը: 
 

Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը Հովնան մարգարեի հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին։ 
 

Տերը որոշում է պատժել նինվեացիներին ու Հովնան մարգարեին ուղարկում՝ է Իր խոսքը փոխանցելու:
 

 «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…» (Հովն. 3:7-8): 
 

Աստված իր որոշումը փոխում է, ներում է, ընդունում է նրանց դարձը, ինչը ըստ Տեր Զենոնի՝ օրինակ է նաև մեզ համար: 
 

Առաջավորաց պահքը հիմնականում նախորդում է Սուրբ Սարգսի տոնին, սակայն տոնի հետ առնչություն չունի, և սխալ է այն Սուրբ Սարգսի պահք անվանելը: Հոգևորականը հիշեցնում է՝ սրբերին պահք չի նվիրվում:
 

Պահք, տեսակներ
 

Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցում տարվա կեսը ուտիք է, այսինքն՝ ոչ պահքի օրեր, կեսը՝ պահոց շրջան է:
 

Հոգևորականը ներկայացնում է՝ գոյություն ունի սրբապահք, օրինակ՝ Մեծ պահքը: Այն կոչվում է նաև աղու հացի պահք, քանի որ կարելի էր օգտագործել մի բաժակ ջուր, մի կտոր հաց՝ աղի հետ: Կա օրապահք, երբ չորեքշաբթի, ուրբաթ օրերին ուտում ենք բուսական սնունդ: 
 

Անի Ավագյան

  • 2024-01-22
×