Ամբողջ օրվա ու գիշերվա ընթացքում անցկացվելու են Հայ Եկեղեցու 9 ժամերգությունները

Ամբողջ օրվա ու գիշերվա ընթացքում անցկացվելու են Հայ Եկեղեցու 9 ժամերգությունները

Հունվարի 22-ից 26-ը՝ Առաջավորաց պահքի ընթացքում, շուրջօրյա բաց են Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիները: Ամբողջ օրվա ու գիշերվա ընթացքում անցկացվելու են Հայ Եկեղեցու 9 ժամերգությունները:

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կատարվելու են ապաշխարության կոչելու և ապաշխարողների արձակման կարգերը:

 

Ժամերգությունները սկսվում են առավոտյան ժամը 09:00-ից, իրականացվում մինչև հաջորդ օրն առավոտյան ժամը 05:00: 

 

Առաջավորաց պահքը Հայ Առաքելական Եկեղեցու առաջին պահքն է: Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի խոսքով՝ այն կարծես հայոց ազգի համար դարձի պահք լինի: Այս շաբաթապահքը հաստատվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից, որից հետո նա Արածանի գետում մկրտեց արքայական ընտանիքն ու դարձի եկած ժողովրդին։ Քահանայի խոսքով՝ կարևոր է այս պահքի խուրհուրդը հասկանալ և հոգեպես մաքրվել.

 

«Ցանկանում ենք, որ հայ ժողովուրդն ապաշխարի: Զարթոնք ապրենք, գնանք դեպի Քրիստոս, Աստված: Կարողանանք մաքրվել մեր մեղքերից»,- նշում է հոգևոր հովիվը:

 

Հոգևորականը հիշեցնում է անառակ որդու մասին: Նա գիտակցեց իր սխալը, մեղա եկավ, գնաց դարձի ճանապարհով: Հայրն ընդունեց նրան: Կարծում է, որ այս պատմությունը կարող է լավ դաս ու օրինակ լինել մեր ժողովրդի համար: 

 

«Մեր ցանկությունն է, որ հայ ժողովուրդը վերականգնվի իր նույն կարգավիճակում՝ որպես ընտրյալ ժողովուրդ, մաքրվի մեղքերից՝ գիտակցելով և զղջում ապրելով իր սխալների համար»,- նշում է Տեր Զենոնը:

 

Հունվարի 26-ին` ժամը 17.00-ի երեկոյան ժամերգության ավարտին, կկատարվի Ապաշխարողների արձակման կարգ։

 

Ստորև ժամերգությունների ժամանակացույցը՝

 

9.00 - Արեւագալի

11.00 - ճաշու 3-րդ ժամի

13.00 - ճաշու 6-րդ ժամի

15.00 - ճաշու 9-րդ ժամի

17.00 - երեկոյան

20.00 - խաղաղական

23.00 - հանգստյան

02.00 - գիշերային

05.00 - առավոտյան

 
  • 2024-01-24
×