Ստանձնե՛նք կյանքի մեր առաքելությունը

Ստանձնե՛նք կյանքի մեր առաքելությունը

Ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո ողորմածությանը: Այս խորհուրդն ունի Հին Կտակարանի 12 մարգարեներից Հովնան մարգարեի հիշատակության օրը: Այն Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Առաջավորաց պահքի ընթացքում:

 

Հովնան մարգարեի օրինակը կարևոր դաս է մեզ համար: Պետք է կատարենք Աստծո կամքը, որ արժանանանք փրկության, նշում է Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը.

 

«Այնտեղ, որտեղ մեղքը ավելանում է, Աստծո շնորհը հեռանում է: Որտեղ ապաշխարում են և փնտրում Աստծո կամքը, ձգտում այն կատարել, այնտեղ ավելանում է Աստծո սերը, շնորհն ու առաջնորդությունը»: 

 

Առաջավորաց պահքի նպատակը ապաշխարության կոչն է՝ հիշելով նաև Ս. Հովնան մարգարեի օրինակը:

 

Ապաշխարության մեծագույն օրինակը

 

Հովնան մարգարեն աստվածապաշտ մարդ էր: Նրան Տերը ընտրել էր, որ իր խոսքը հասցնի Նինվեի բնակիչներին, որոնք ապրում էին մեղքերի մեջ: Տեր Աշոտի խոսքով՝ նա առաջինն ուղարկվեց հեթանոսների մոտ՝ ապաշխարության կոչ հնչեցնելու:

 

Հին Կտակարանի «Հովնանի մարգարեություն»-ում նշվում է, որ Ս. Հովնանը սկզբում խուսափում է Աստծո կամքը կատարել: Փորձում է թաքնվել Թարսիս բնակավայրում: Փախուստի ճանապարհին ծովը փոթորկվում է, ու մարգարեն ստիպված խոստովանում է նավի անձնակազմին, որն հենց ինքն է նավաբեկության պատճառը: Նավաստիները ծովն են նետում Հովնանին: Նրան կուլ է տալիս հսկա կետը: Ձկան փորում սարսափած մարգարեն աղոթքով ու զղջումով խնդրում է՝ փրկություն: Երեք օր հետո ազատվում է «բանտարկությունից»

 

Մարգարեն որոշում է կատարել իր առաքելությունը: Քարոզում է Նինվեում, տեղեկացնում է քաղաքի կործանման վտանգի մասին: Նինվեի բոլոր բնակիչները լսում են նրան, ապաշխարում ու աղոթքով փրկվում են կործանումից:

 

Քաղաքը փրկվում է, քանի որ Հովնանը ստանձնում է իր առաքելությունը, ընդգծում է Տեր Աշոտը.

 

«Նա փոխեց իր ընթացքը, վստահեց Աստծուն և Նրա ողորմածությամբ, օգնությամբ նինվեացիներն ապաշխարեցին»: 

 

«Աստծո խնամքն ու ողորմածությունն ուղղված են ամբողջ մարդկությանը: Հովնանը տեսավ, թե որքան զորեղ է Տերը, որ կարող է մեկ մարդու միջոցով փոխել ամբողջ քաղաքի բնակիչների կյանքը: Սա ապաշխարության մեծագույն օրինակ է»,-բացատրում է Տեր Աշոտը:

 

Հովնան մարգարեն՝ Հիսուս Քրիստոսի նախատիպ

 

Քահանան նշում է, որ Հովնան մարգարեն եղավ Հիսուս Քրիստոսի նախատիպը: Նա 3 օր ու գիշեր մնաց ձկան փորում, իսկ Քրիստոսը՝ գերեզմանում, մինչև հարություն առնելը: Ի տարբերություն Հովնանի՝ Քրիստոսը ի սկզբանե չի խուսափում անարգանքից, խաչելությունից՝ հանուն մարդկանց փրկության:

 

«Որպեսզի մարդ հարազատանա Աստծո հետ, հարկ է, որ ապաշխարի, արժանի լինի Աստծո օրհնությանը, առաջնորդությանը»,-նկատում է Տեր Աշոտը:

 

Ս. Հովնանի օրինակը՝ դաս մեզ համար

 

Նինվեացիները, մարգարեի կոչը լսելով, ապաշխարեցին, սակայն այսօր շատերը գիտեն Տիրոջ պատգամների, նրա չարչարանքների ու խաչելության մասին, բայց շարունակում են մնալ մեղքի մեջ, ցավով է նկատում քահանան.

 

«Հովնան Մարգարեի օրինակով Աստված պատգամում է մեզ, որ մենք ճանաչենք մեր  առաքելությունը, ստանձնենք այն և գիտակցենք, որ մեր կյանքի առաքելության ապահով և հաջող ընթացքը պայմանավորված է մեր ջանքերով, նաև Աստծո առաջնորդությամբ»:

 

Հոգևորականը հորդորում է՝ հետևել նինվեացիների օրինակին.

 

«Ապաշխարությունը կյանքը փոխելու ընթացք է, միտքը փոխելու ընթացք է»:

 

Անի Ավագյան

 
  • 2024-01-26
×