Դասախոսություն «Սիրո գերազանցությունը․ հոգևոր-հոգեբանական դիտարկումներ» թեմայով
Դասախոսություն «Սիրո գերազանցությունը․ հոգևոր-հոգեբանական դիտարկումներ» թեմայով
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում անցկացվեց դասախոսություն՝ «Սիրո գերազանցությունը․ հոգևոր-հոգեբանական դիտարկումներ» թեմայով: Այն կազմակերպել էր «Դիալոգ» կրոնի և հանրային կապերի ուսումնավերլուծական կենտրոնը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:
Դասախոսությունը մեկնարկեց ԱՀԹ Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի աղոթքով։ Տեր Հայրը ներկաներին փոխանցեց նաև Սուրբ Սարգիս զորավարի տոնի հոգևոր խորհուրդը:
Դասախոսությունը վարեց հոգեբան Արմինե Վահանյանը։
Բանախոսն անդրադարձ կատարեց ժամանակակից հասարակության մեջ «սեր» հասկացության իմաստների առկայությանը՝ վերամբարձ զգացմունքներից մինչև ռոմանտիկ ընկալում, զգայական պատկերից մինչև անձնային կախվածություն, հիվանդագին վիճակից մինչև ինքնամերժում, որտեղ այն դիտվում է որպես հեղինակային մոտեցումների քուրայում ձուլվող մի հանքանյութ, որի «պիտանելիության ժամկետը և օգտագործման հուշաթերթիկը» շատ անգամ կախված է լինում մասնագետի աշխարհայացքային մոտեցումներից կամ էլ անձնային տարաբնույթ որակներից: Սերը, քրիստոնեական հոգեբանության տեսանկյունից, ենթադրում է անձի կամքի ընդգրկուն մասնակցություն և ակտիվություն: Քրիստոնեական էթիկայի մեջ սերը մեծ տեղ է զբաղեցնում և ներկայացվում է որպես գլխավոր պատվիրան, գլխավոր էթիկական սկզբունք։
Փարիսեցիներից մեկի հարցին, թե ո՞րն է օրենքի մեծագույն պատվիրանը, մեր Տեր և փրկիչ Հիսուս Քրիստոս պատասխանում է. «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով»: Սա է առաջին և ամենամեծ պատվիրանը, երկրորդը նման է նրան. «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես»: Սերը կապ ունի ոչ միայն զգացմունքների, այլև կամքի հետ: Սերը չի հակադրվում բանականությանը, այլ ստանձնում է ողջ պատասխանատվությունը հոգևոր կյանքի և այն դերի համար, որը նա կարող է ստանձնել մեկ ուրիշի կյանքում:
Բանախոսը կարևորեց, որ քրիստոնեական սերը մարդու վարքը նորմալացնող արտաքին պարզ հանգամանք չէ, այլ վերաբերում է յուրօրինակ և միևնույն ժամանակ եզակի մարդկային անհատականության ներքին էությանը, որը քրիստոնեական հոգեբանության և էթիկայի մեջ մեկնաբանվում է որպես արժեքների արժեք կամ բացարձակ գերազանցություն։