Այցելություններ՝ Պատկերասրահ

Այցելություններ՝ Պատկերասրահ

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միություններն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ ժամանակավոր ցուցադրվում էր անհայտ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը: 

 

Երիտասարդների բարեխոս Ս Սարգիս զորավարի տոնին սրբապատկերը տեսնելու համար Պատկերասրահ են այցելել Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու և Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու երիտասարդաց միությունների անդամները:

 

Կտավում Ս. Սարգիսը պատկերված է հեծյալ զորավարի կերպարանքով: Ներկայացվում է որդու՝ Մարտիրոսի հետ: Չար ուժերին հաղթող հեծյալ սուրբը կրում է զինվորական հանդերձանք՝ քամուց ծածանվող կարմիր թիկնոց, ձեռքին՝ վեր բարձրացրած աշտե, ոտքերին՝ ճտքավոր կոշիկներ, գլխին՝ սաղավարտ ու լուսապսակ: 


 

Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների երիտասարդները Պատկերասրահ այցելել են Տեր Արսեն քահանա Սարոյանի առաջնորդությամբ, խնդրել են սրբի բարեխոսությունը հայոց բանակի զորացման համար։ 

 

 

Սրբապատկերը շուրջ 85 տարի առաջ Պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր կամ Սուրբ Աստվածածին եկեղեցուց: Կտավի պատմությանը տեղում ծանոթացել են Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդները՝ հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի հետ միասին:

 

Սրբապատկերում զորավարի նժույգը զարդագեղ հանդերձանքով է, ոտքերի տակ փարթամ կանաչավուն մարգագետինն է՝ հայերեն գրությամբ. «Յիշատակ է, պատկեր ի Վարդազարի որդի Ստէփանին, որ ․․․ ՌՆ Ամէնափրկիչ սբ եկեղեցուն ՄՀ թվն»։

 

 

Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիների երիտասարդաց միության անդամներն այցելել են թանգարան, խնդրել են, որ սուրբը բարեխոսի մեր անձերի համար։

 

 

Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամները Պատկերասրահ այցելել են եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանի առաջնորդությամբ: 

 

 

Պատկերասրահ են այցելել նաև Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները և Կիրակնօրյա դպրոցի սաները:

 



Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու երիտասարդաց միությունը և համայնքի անդամներն այցելել են թանգարան՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի առաջնորդությամբ:
 

Սրբապատկերը Պատկերասրահի Հայ հին եւ միջնադարյան արվեստի սրահում կցուցադրվի մինչև փետրվարի 2-ը: 

 
  • 2023-01-31
×