Սրտումդ տեղ թող լույսի համար

Սրտումդ տեղ թող լույսի համար

Լուսանկարը՝ Սամուել Ոսկանյանի


«Եվ այդ սիրտը քեզ չի տված,
  Որ դու մաշես ամեն օր»…:

 

Ամենայն հայոց բանաստեղծն իր տողերով հիշեցնում է՝ մեր սրտերում բազմաթիվ հոգսերի փոխարեն պիտի լինի Լույսը.

 

«Այնտեղ պիտի ապրի Աստված,                                                                                                       

Ոչ թե ցավեր նորանոր»։ Հ. Թումանյան

 

Մեր սրտերն իրար նմա՞ն են, օրինակ՝ մեր ու մեզնից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու ապրող մարդկանց: Կենսաբանորեն՝ այո, բայց արդյո՞ք դրանք նույն հաճախականությամբ են ցավում, բաբախում, լցվում սիրով, լույսով կամ չարությամբ: Օրինակ՝ մենք հաճախ ենք ասում, որ հայերի աչքերը տարբերվում են: Մեր աչքերը երևի մատնում են, որ մենք անհոգ ժողովուրդներից չենք, իսկ ինչի՞ մասին է պատմում մեր սիրտը

 

Անկասկած մեզնից տասնյակ հազարավոր կիլոմետրեր ապրող շատ մարդիկ պատկերացում չունեն մեր ցավերի, տագնապների մասին, որ դարերով մեզ հանգիստ չեն թողնում: Այդ ցավերի կողքին մեզ շարունակ անհանգստացնում են հազարավոր մանր խնդիրներ, որ ուշադրության արժանի չեն, բայց նպաստում են, որ փոխվի մեր կյանքը: Առօրյա մանր հոգսերը թույլ չեն տալիս, որ մենք մտածենք կարևորի, արժանիի մասին:

 

Հաշվե՞լ ենք, թե ամեն օր որքա՞ն աննշան դեպքեր, հոգսեր են ցավեցնում մեզ: Որքա՞ն չարություն, անարժան զգացողություններ են կուտակվում մեր սրտում: Մենք ակամա մեր սրտերը մաշում ենք, չենք թողնում, որ այնտեղ շատանա լույսը: Տեղ չենք թողնում գեղեցիկին, արժանիին: Թույլ չենք տալիս, որ երջանկությունն ու սերը հանգիստ ներս մտնեն, հարմար տեղավորվեն մեր մեջ ու չուզենան հեռանալ:

 

Մենք շարունակ գանգատվում ենք հոգսերից, տարածված չարությունից: Ամեն բան կարող է փոխվել, երբ միմյանց հանդեպ սիրով լցվենք, երբ չարությունը, նախանձը փոխարինենք սրտացավությամբ, երբ հայրենիքի հանդեպ սերը վեր դասենք առօրյա խնդիրներից: 

 

Ծանր մտքերը բարի պտուղ չեն տալիս։ Պետք է ազատվել մռայլ մտքերից ու դրա փոխարեն աշխատել, գործել, փորձել փոխել իրավիճակը: Սրտում պետք է տեղ թողնել երջանկության ու սիրո համար: 

 

«Մի՛ սպառիր ուժը հոգուդ

Մտածմունքով կարճատես.                                                                                                          

Հանգիստ եղիր, աղոթք արա,                                                                                              

Անհիշաչար եղիր միշտ»: Հ.Թ.

 

Սուրբ Գիրքը պատգամում է՝ չպղծել մեր սրտերն ու մտքերը անարժան բաներով: Դրա փոխարեն պետք է նորոգվել հոգով ու սրտով: Պետք է պատրաստ լինել բացել մեր սրտի դռները:

 

«Բացիր սիրտդ Աստծո առջև, և Աստված այն իր Սուրբ Հոգու զորությամբ և արիությամբ պիտի ողողի»: (Միքիա 3.8) 

 

Աղոթե՛լ, մաքրե՛լ մտքերը, հոգիները, թույլ չտալ, որ բացասականը կլանի մեզ ու մեր սրտերը:

 

Անի Ավագյան

 
  • 2024-02-02
×