Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր
Կռվի դաշտում Ղևոնդյանց քահանաների մտքում աղոթքն էր, ձեռքին՝ զենքը. պայքարում էին՝ «Վասն հավատոյ և վասն հայրենյաց»:
451 թվականին՝ Ավարայրի ճակատամարտի ժամանակ, նրանք քայլում էին հայոց բանակի առջևից ու իրենց խոսքերով ոգի ու ուժ տալիս հայ մարտիկներին, որոնք պարսից զորքերի դեմ էին դուրս եկել հանուն հավատքի ու հայոց ինքնության: Նրանք նահատակվեցին, բայց հավատարիմ մնացին իրենց հավատքին ու ինքնությանը:
Դարեր անց կարևոր է հիշել երանելի սրբերի սխրանքը: Հիշատակության օրվա խորհուրդը կապված է մեր հոգու փրկության, մեր ժողովրդի գոյության, հարատևության հետ, նշում է Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը:
Հավատարիմ լինենք հավատքին, ազգին, պետականությանը
Պետք է խոնարհվենք նրանց հերոսական վարքի, հավատքի առաջ, նշում է Տեր Խորենը.
«Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր նվիրումը բերի, անհրաժեշտության դեպքում գնա զոհողությունների՝ հավատքը պաշտպանելու, Աստծուն հավատարիմ լինելու: Հավատարիմ լինենք նաև մեր պետականությանը, ազգին, ժողովրդին»:
Դարեր առաջ հոգևորականները նահատակվեցին հանուն Քրիստոսի: Ըստ քահանայի՝ այսօր, երբ լուրջ մարտահրավերների մեջ ենք, պետք է պայքարենք՝ պատվիրաններով ապրելով.
«Պատվիրանները պահելով պետք է պատրաստ լինենք նահատակությանը: Արժևորենք սերը, լինենք միաբանության մեջ։ Եղբայրասիրությունը, ի վերջո, պետք է հաղթի»:
Հոգևորականն ընդգծում է՝ մեր օրերի խնդիրը հպարտությամբ ու անտարբերությամբ ապրելն է, իրար չհասկանալը, չսիրելը.
«Մեզ համար կարևոր է Աստվածպաշտությունը, Աստծո հանդեպ հավատարմությունը: Այդ ամենի ամենակարևոր դրսևորումը Տիրոջ պատգամներով ապրելն է: Աստվածսիրությամբ հասնե՛նք մարդասիրության ու ազգասիրության: Սիրե՛նք Աստծուն՝ ամբողջ հոգով, մտքով սրտով և սիրենք ընկերոջը մեր անձի նման»:
Ժամանակին ազգը պայքարում էր Հազկերտի հրովարտակի դեմ, բայց այսօր էլ պետք է պայքարենք, մերժենք մեր կյանքում տարածված շատ արատավոր երևույթներ։
«Կարևոր է, որ մերժենք անմիաբանության հազկերտին, անտարբերության, անհանդուրժողականության, հակառակության, ատելության, մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը չգնահատելու, եկեղեցու դերն ու նշանակությունը չգնահատելու, մոլորությունների, այլասերվածությունների հազկերտին»,- նշում է Տեր Խորենը:
Նվիրում` հայրենիքին ու Տիրոջը
Ս. Ղևոնդյանք Հայ Եկեղեցու պարծանք սրբերն են, անձնավորում են հայրենիքի ու հավատքի նվիրումի գաղափարը:
Հոգևորականները կոչվել են Ղևոնդ Երեցի անունով: Պատմիչները հիշատակում են նաև Հովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները:
Ըստ պատմական աղբյուրների Հազկերտ արքան Ղևոնդյանց քահանաներից վրեժխնդիր եղավ Վարդանանց հերոսամարտից հետո: Պարսից դեմ պայքարում աչքի ընկած հոգևորականներին բանտարկեցին, որտեղ նրանք ենթարկվում էին բազմաթիվ չարչարանքների, բայց չէին ուրանում իրենց հավատքը:
Սրբերին լավ նկարագրում է նաև տեսիլքը, որը, ըստ ավանդության, հայտնվում է պարսից մոգպետին: Մի անգամ գիշերով նա գնում է տեսնելու՝ ի՞նչ են անում այդ այրերը: Նայելով ծերպից ներս` տեսնում է նրանց քնած: Այդ ժամանակ բանտի ներսում ծագում է պայծառ լույս, ու սրբերն աղոթում են: Հաջորդ գիշեր երևում է նույն տեսիլքը: Մոգպետն ընկնում է նրանց ոտքերն ու պատմում տեսիլքի մասին: Սրբերը նրան սովորեցնում են ճշմարիտ հավատը: Մոգպետն ու նրա ամբողջ տունը մկրտվում են:
Լուրը հասնում է Հազկերտին: Հայ քաջ հոգևորականները, ի վերջո, սպանվում են՝ ենթարկվելով չարչարանքների:
Տոն` վերանորոգելու ուխտը
Ղևոնդյանց տոնը հայ քահանայական դասի տոնն է:
«Հոգևորականներիս համար, այն առանձնահատուկ տոն է՝ վերանոգորոգելու քահանայական ուխտը, այդ ամենը արժևորելու, մեծ ծառայության մեջ վկայելու՝ «Վասն հավատո և վասն հայրենյանց պատգամը»,- նշում է քահանան:
Հայ Առաքելական Եկեղեցին օրեր անց կնշի նաև Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը:
Անի Ավագյան
×