Պայքարե՛նք մեր տեսակի համար

Պայքարե՛նք մեր տեսակի համար

Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

 

Լույսի ու խավարի, կյանքի ու մահվան, հավատի և ուրացման պայքար էր 451 թվականին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտը: Հայերը կռվում էին ինքնությունը չկորցնելու համար՝ «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն» կարգախոսով, որը մեր նշանաբանը դարձավ նաև նորօրյա պայքարում: 451 թվականին հայրենիքի, Հայ Եկեղեցու և հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են

 

Հանուն ինքնության, հանուն սերունդների

 

Ավարայրի ճակատամարտում հայ քաջերի օրինակը դարեր շարունակ բոցավառել է հայոց ոգին, կարևոր դաս եղել սերունդների համար: Թեև չեղավ ռազմական հաղթանակ, բայց հայերը չուրացան իրենց կրոնը, իրենց նահատակությամբ հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքն ու լինելիության իրավունքը, նշում է Նորագավթի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Գափոյանը:

 

 

Ըստ քահանայի՝ հիշատակության օրվա խորհուրդը մեծ է ու արդիական մինչև օրս

 

«Վարդանանց պատերազմը դարեր շարունակ եղել է մղիչ ուժ, որ առաջ գնանք, պայքարենք, ունենանք հաղթանակներ»: 

 

Օրը մեզ պատգամում է, որ երբեք չկորցնենք հույսը, անգամ, երբ թվում է, թե հեռվում լույս չկա:

 

«Ամենածանր ժամանակներում անգամ տեղի են ունենում շրջադարձային փոփոխություններ: Կան դեպքեր, երբ մենք ենք շուռ տալիս պատմության անիվը՝ զոհաբերությունների, նվիրումի, կյանքի գնով»,- նշում է քահանան

 

Հայրենիքի սուրբ նահատակները

 

Վարդանանց պատերազմը ցույց է տալիս, որ Հայ Եկեղեցին միշտ լծված է  հայրենիքի պաշտպանության գործին: Տեր Վարդանը հիշեցնում է՝ պայքարի գաղափարական մղիչ ուժը Եկեղեցին էր: Հոգևորականներն առաջնորդում, ոգևորում էին հայ մարտիկներին:

 

Ըստ պատմական աղբյուրների՝ հայոց թագավորության անկումից ու Ս. Սահակ Պարթևի վախճանից հետո երկրի ղեկն իրենց ձեռքը վերցրին պարսիկներն ու սկսեցին հալածել քրիստոնյաներին

 

Հազկերտը՝ պարսից արքան, 451 թ.-ի գարնանը զրադաշտականությունը պարտադրելու համար՝ մտավ Հայաստան: Բանակի դեմ ելան զինվորը, հոգևորականը, իշխանն ու գյուղացին: Հայոց եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի ու Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ, քաջալերում էր զորքին, Ս. Մկրտության, Ս. Պատարագի խորհրդով ամրապնդում նրանց հավատն ու ոգին

 

Պատմիչ Եղիշեն գրում է.

 

«Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին և առավոտյան Ս. Հաղորդություն ընդունեցին»:

 

Հայ մարտիկները դարձան հայրենիքի սուրբ նահատակներ: Ըստ Հայսմավուրքի՝ պատերազմից օրեր անց, երբ ոմանք եկան՝ զոհվածների մարմինները հողին հանձնելու, տեսան, որ հայ քաջերի մարմինների վրա լույս էր ծագում

 

Պատերազմը մեկ օր տևեց, բայց դիմադրությունը շարունակվեց, որի ընթացքում նահատակների թիվը հասավ 1036-ի:

 

Տեր Վարդանի խոսքով՝ պայքարը ցույց տվեց, որ մարդիկ գնում են ինքնազոհաբերման, բայց չեն փոխվում, չեն ուրանում:

 

Պատմությունը կրկնվում է

 

Հոգևորականը ցավով է նշում, որ այսօր առաջ է եկել այլ արժեքային համակարգ, անտարբերություն, որը մեղք է: Մարդիկ չեն գնահատում, արժևորում մեր ժառանգությունը, մինչդեռ Ավարայրի ճակատամարտը լավ դաս է մեզ համար.

 

«Այս շրջանում, երբ գտնվում ենք ծանր իրավիճակում, չպետք է երբեք կորցնենք զգոնությունը: Հիշենք, որ դժվար ճանապարհ ենք անցել ու այդ դժվար օրերին հաղթանակներ ենք տարել, ունեցել ենք շատ կորուստներ, զոհաբերություններ, բայց ամեն բան արվել է՝ ապրելու, սերունդներին ապրեցնելու համար»:

 

Ձեռքբերումներ ունենալու, քայլ առ քայլ առաջ գնալու և մեր գոյությունը պահպանելու համար՝ կարևոր է հավատքը

 

«Պատմությունը կրկնվում է: Պետք է իրատես լինենք, չապրենք միայն անցյալի հիշողություններով, այլ անցյալը մեզ համար դարձնենք ուսումնական ձեռնարկ: Պետք է կարողանանք նախկին նվիրումն ունենալ ու փորձենք պայքարել առաջընթացի, մեր տեսակի գոյատևման համար»,- նշում է Տեր Վարդանը:

 

Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը մատուցվում է Ս. Պատարագ:

 

Անի Ավագյան

 
  • 2023-02-08
×