Նավասարդ Սրբազանն օրհնության գրի արժանացրեց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանին
Նավասարդ Սրբազանն օրհնության գրի արժանացրեց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանին
Փետրվարի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ եւ Երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանին արժանացրեց օրհնության և գնահատանքի գրի 70-ամյա հոբելյանի և եկեղեցական երկարամյա ծառայության ու վաստակի համար։
Օրհնագրում մասնավորապես ասվում է. «Այն երեցները, ովքեր լավ վերակացու են, կրկնակի պատվի թող արժանանան» (Ա Տիմոթեոս Ե 17):
Չորս տասնամյակից ավելի Ձեր ծառայասիրությամբ, նախանձախնդրությամբ և նվիրումով Սուրբ Ավետարանի հունդերն եք ցանում մեր Եկեղեցու անդաստաններում՝ արժանիորեն վայելելով հավատավոր զավակների և հոգևոր եղբայրների սերն ու ջերմությունը: Ազգային արժեքներն արթնացնելու տեսլականով կյանքի եք կոչում մեր եկեղեցասեր երիտասարդներին հայեցի դաստիարակելու ազգաշահ առաքելությունը: Ձեր հայրական հոգածությամբ և սիրով նրանց առաջնորդում եք ավետարանական տիրավանդ պատգամներով՝ նրանց հոգիներում առատացնելով Մայր Եկեղեցու և Հայրենիքի հանդեպ ունեցած ազնիվ զգացումները:
Հղում ենք Ձեզ և Ձեր ընտանիքին մեր բարեմաղթանքներն ու օրհնությունները՝ ցանկանալով աստվածաշնորհ խաղաղություն և բազում արևշատ օրեր: Աղոթք ենք առաքում առ Աստված, հայցում քաջառողջություն և Տիրոջ բարեխնամությունը՝ Ձեր առաքելության անխախտ ընթացքի համար»։
Տեր Պետրոսն իր 40-ամյա ծառայության ընթացքում վերջին 10 տարիները համակարգում է նաեւ թեմի երիտասարդական միությունները։ Նրա ղեկավարությամբ երիտասարդները բազմաթիվ ծրագրեր են իրականացրել։ Դրանց մեջ իրենց կարեւոր տեղն ունեն ազգային տոները (Բուն Բարեկենդան, Միջինք, Համբարձում, Վարդավառ եւ այլն) վերականգնելու եւ ցեղասպանության 100-րդ տարելիցն արժեւորելու ուղղված մի քանի տասնյակ նախաձեռնությունները, Խաչի քարոզը, Հաղթանակի աղոթքը, ինտելեկտուալ փառատոնի վերականգնումը եւ այլն։ Տեր Պետրոսի գլխավորությամբ թեմի երիտասարդները նաեւ պատվով ներկայացնում են թեմը` Հայ Եկեղեցու տարբեր ծրագրերում։