Ապրել՝ Արցախը Հայաստանի գրկում տեսնելու ազգային իղձով

Ապրել՝ Արցախը Հայաստանի գրկում տեսնելու ազգային իղձով

«Համբերության և տոկունության ժամանակաշրջանում պետք է պայքարել խելքով և աշխատանքով, իսկ կռվի պարագայում պետք է պատրաստ լինել հերոսի նման»,- հայդուկապետ, ռազմական տեսաբան, արևմտահայ ազատագրական պայքարի մեծագույն հերոսներից Հրայր Դժոխքի ձայնն է հնչում մեր ազգային գոյապայքարի դաշտում: Նա մեր ազգային-ազատագրական շարժումների այն լեգենդար ղեկավարներից է եղել, ում կյանքը դարձավ բանաձև սերունդների համար:  «Գերեզմանիս թող արձանին վրա գրեն՝ Հաղթության կոթող է սա»,- սա ևս ֆիդայապետի պատգամներից է, որը մեզ համար պետք է նշանակի մի բան. մեր բոլոր ժամանակների պատերազմներում անմահացած հերոսների շիրիմները ծնելու են նոր պայքար, և վերականգնվելու է պատմական արդարությունը:

 

Արցախի Մարտունի քաղաքում՝ ընտանեկան պանթեոնում երկու հետախույզ հերոս եղբայրների՝ կապիտան Արթուր և շարքային Արսեն Աղասյանների շիրիմներն են: Մեր ազգային գոյապայքարի էջերը թերթելիս ապագայի սերունդները  բացահատելու են, թե ինչպես ընդամենը 23 տարեկանում կապիտան ու վաշտի հրամանատար դարձած Արթուր Գրիգորիի Աղասյանը, լինելով   Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող, 2016 թվականի Ապրիլյան պատերազմի, Արցախյան երրորդ  պատերազմների մասնակից, իր նպաստը բերեց  Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում:  Եղբոր օրինակով զինվորական դառնալու ուղին էր բռնել նաև ժամկետային զինծառայող Արսեն Աղասյանը: Սկզբում ծառայում էր Հորաթաղում, ապա տեղափոխվում հետախուզական վաշտ, որտեղ ծառայում էր ավագ եղբայրը:

 

Սկսվել էր Արցախյան երրորդ պատերազմը: Գրեթե մեկ շաբաթ նրանք խիզախաբար դիմադրեցին թշնամուն: Անմահացան նույն օրը՝ Թալիշի և Մատաղիսի դիրքերում: Երկու եղբայր՝ «Արցախի հերոս» Արթուր Աղասյան և «Արիության մեդալի» ասպետ Արսեն Աղասյան, որոնց անունը ևս գրվեց հավերժության լուսամատյանում:

 

Արցախը մեր գոյության կենաց ծառի արմատներից է: Նրա բնիկ տերը՝ արցախցին, այսօր բռնի տեղահանված է: Գալու է հատուցման ժամը, վերադառնալու է, որովհետև այդ հողը մեր անմահացած հերոս եղբայրների արյամբ է սրբացել: Որքա՛ն մեծ ուժ պետք է ունենա հերոսներ ծնած հայոց մայրը, ում  երկու որդիների շիրիմները մնացել են Արցախում: Նա իր կյանքի բանաձևն է դարձրել այս գաղափարը, որ մեզ համար հնչում է իբրև չավարտված պայքարի պատգամ.

 

-Այս պատերազմում նույն օրը, նույն ժամին ես կորցրել եմ իմ երկու արծիվներին, իմ հզոր տղաներին: Մեր կորած հողերը մեզ են սպասում, մեր տղաները չեն պարտվել, չհաշտվե՛ք այդ մտքի հետ:

 

Չե՛նք հաշտվելու: Սա մեր անմահների գնդի մարտիկների կոչն է մե՛զ ու ապագայի սերունդներին: Եվ այս մասին է մեր զրույցը հերոսամայր Մարգարիտա Աղասյանի հետ, ում զավակների կյանքի ու սխրանքի պատմությունը ամբողջանալու է ժամանակի հոլովույթում:

 

-Արթուրս  դեռ փոքրուց  մեծ սեր ուներ զենքի նկատմամբ։ Երբ ամռանը գնում էինք  գյուղ, նա  քրոջս ամուսնու պնևմատիկ հրացանով անտառ էր գնում ու կրակում։ Երբ միասին դաս էինք սովորում, ես իմ երեք տղաներին միշտ ասում էի, որ ծնողը, հայրենիքը  շատ թանկ ու անփոխարինելի են:

 

2015-ի հուլիսին Արթուրս զորակոչվեց և ծառայությունը սկսեց Մատաղիսում։ 2016 թ. սկսվեց Քառօրյան։ Նրա դիրքը ամենավտանգավոր դիրքերից մեկն էր: Թշնամին ամեն կերպ առաջ էր շարժվում, բայց Արթուրի գրագետ մարտավարության շնորհիվ «յաշմաշը» հետ է քաշվում՝ տալով զոհեր ու վիրավորներ։ Նրան մայիսի 9-ին  շնորհում են լեյտենանտի կոչում,  ու պարգևատրվում է «Մարտական Խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով: Ավարտելով ժամկետային ծառայությունը՝ որոշում է մնալ ու շարունակել հայրենանվեր գործը:

 

Արսենս չարաճճի ու բարեսիրտ տղա էր: Նրա տարերքը ըմբշամարտն էր։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո նա ընդունվեց  Երևանի օլիմպիական քոլեջ։ Չորս տարի ուսանելուց հետո վերադաձավ Մարտունի։ 2018 հունվարին զորակոչվեց բանակ:

 

2016 թվականին, երբ նկարահանվում էր  «Նվիրյալները» հաղորդաշարը, երկու որդիներս իրարից անկախ նույն նախադասությունն են ասել.

 

- Ո՛չ մի թիզ հող թշնամուն…

 

Արթուրի ու Արսենի վառ հերոսը մեր Ավոն էր… Նրանք տանը, դպրոցում, ամենուր նրա՝ Ազգային հերոսի մասին էին խոսում:

 

Որդիներս հայրենիքով հիվանդ էին: Արթուրը իր զինվորներին հոր պես էր սիրում:

 

՛Հայրենիքի հանդեպ անմնացորդ  սերը Արթուր և Արսեն Աղասյանի ոչ թե պարզապես դաստիարակություն էր, այլ գենետիկ կոդ, որ ժառանգել էին իրենց պապից, հորից և հորեղբորից,  ովքեր ըմբշամարտի վարպետներ են եղել և մասնակցել են Արցախյան ազատամարտին:  Գրիգորի և Մարգարիտա Աղասյանների ընտանիքում ծնված զավակները՝ հերոսներ Արթուրը, Արսենը ևս գնացին նրանց ճանապարհով: Նրանց կրտսեր եղբայր Աբրիկի և քույր Միլենայի համար Հայաստանն ու Արցախը մեր ամբողջական հայրենիքն է:

 

 -Որպեսզի ետ բերենք Արցախը, պետք է սկսենք դպրոցից, մեր սերունդներին կրթենք ու դաստիարակենք հայեցի, զինենք նախ գիտելիքով, ապա՝ զենքով։ Միայն հայեցի դաստիարակությամբ ու հայեցի ապրելով կվերականգնենք մեր Միացյալ Հայրենիքը: Լինենք միասնական՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք: Միակ բարեմաղթանքս է՝ ունենալ միասնական, ուժեղ ու անպարտ Հայրենիք: Հաջորդիվ  կհանդիպենք Արցախում,- ասում է հերոսամայրը:

 

Սրանք սովորական բառեր չեն: Իմ հիշողության մեջ հառնում է հերոսամայր Մարգարիտա Աղասյանի՝ ամիսներ առաջ արած գրառումը. «Արցախը չենք լքելու երբեք, ես տեղ չունեմ գնալու»:

 

Արցախ աշխարհը վերադարձնելու գաղափարը ոչ մի օր մեզ չի լքելու: Հավերժության լուսամատյանում գրված հերոսների սխրանքի պատմությունները վեր հանելիս վերաիմաստավորելու ենք մեր գոյաբանական ընթացքը և ապրելու ենք պատմական արդարությունը վերականգնելու անսասան հավատով:

 

Խոնարհո՛ւմս, սիրելի՛ հերոսամայր…

 

 

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2024-02-21
×