Եթե վերադառնանք, Տերը կընդունի. Անառակի կիրակի

Եթե վերադառնանք, Տերը կընդունի. Անառակի կիրակի

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է` Անառակի: Այն իր անունը ստացել է Աստվածաշնչի՝ «Անառակ որդու առակ»-ից: Օրը խորհրդանշում է մեղքեր գործած որդու վերադարձը դեպի Հայրը:

 

Մեծ Պահքի այս կիրակին հիշեցնում է՝ ճշմարիտ զղջմամբ ու ապաշխարությամբ կարող ենք ընդունված լինել Աստծո կողմից:

 

Կորած էր և գտնվեց

 

Առակը պատմում է ընտանիքի կրտսեր զավակի մասին, որը, հորից ստանալով ունեցվածքի իր բաժինը, հեռանում է տնից, ապրում անառակ կյանքով: Հետագայում վատնում է ամբողջ ունեցվածքը, մնում ձեռնունայն ու մեն-մենակ: Որդին զղջումով վերադառնում է հոր մոտ՝ ակնկալելով, որ հայրը կհամաձայնի իրեն ընդունել գոնե` որպես ծառա:

 

«Հա՛յր, մեղանչեցի երկնքի և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»։ (Ղուկ. 15:21)

 

Արդյո՞ք ամեն մեկս մի անառակ որդի չէ, որ պետք է վերադառնա Տիրոջ մոտ, նշում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Հիշեցնում է՝ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, վերջում՝ մարդուն ու նրան տարավ դրախտ:

 

«Այս հողեղեն արարածը, որ հավատարիմ պիտի լիներ Տիրոջը, մեղք գործեց, արտաքսվեց դրախտից, գնաց օտար աշխարհ։ Նա ապրեց անառակ կյանքով, կռապաշտությամբ: Աստված իր որդուն ուղարկեց, որպեսզի խաչվի և փրկի մարդկությանը»:

 

Հոգևորականի խոսքով՝ մեզնից յուրաքանչյուրի պարտքն է կրտսեր որդու նման ապաշխարել ու դարձի գալ, խնդրել Տիրոջը, որ մեզ էլ ընդունի՝ որպես անառակ որդիների:

 

Եթե անկեղծ զղջմամբ վերադառնանք, Տերը կընդունի մեզ

 

Առակում հայրը Աստված է, իսկ որդիները՝ նրա մեղավոր զավակները: Հայրը գրկաբաց է ընդունում տուն եկող զավակին: Այստեղ ներկայացվում է Նրա անսահման սերը: 

 

Հայրը հրամայում է մի պարարտ եզ մորթել: Տեր Շահեի խոսքով՝ այս հատվածը խորհրդանշում է Աստծո՝ Իր միածին Որդուն որպես բանական զոհ երկիր ուղարկելը:

 

«Խնդրենք Աստծուն՝ Տեր, մեզ դարձրու քո հավատարիմ զավակը: Մենք գիտենք քո ողորմածության, գթառատության մասին, որ մեզ համար էլ պարարտ եզը պիտի մորթես: Հոր գթառատ ձեռքերը թող լինեն մեր ուսերին, մենք` խոնարհ Քո առաջ, Տեր, Մեղա երկնքի և Քո առաջ»:

 

Հպարտություն, մեծամտություն, դիմացինին ստորադասելու հատկանիշ

 

Առակում ներկայացվում է նաև ավագ եղբոր սխալը: Նա չի ուրախանում եղբոր դարձի գալով, քննադատում է հորը: Դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն չի արժանացել նման պատվի: Նրա հոգում բույն է դնում հպարտությունը, մեծամտությունն ու դիմացինին ստորադասելու, իրեն գերադասելու հատկանիշը:

 

Հայրը նրան պատասխանում է. «Պետք էր ուրախանալ և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»։ (Ղուկ. 15:32)

 

Անի Ավագյան

 
  • 2024-02-25
×