Փետրվարի 21-ին Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցում տեղի ունեցավ «Գովք մայրենի» գրական-երաժշտական միջոցառումը` նվիրված հայոց լեզվին:
Երեխաները ներկայացրին գրական-երաժշտական, պարային ներկայացում, երգեր՝ նվիրված Հայաստանին:
Միջոցառմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետարանից հրավիրված հյուրեր և Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր, բանաստեղծ և երգահան Տեր Թովմա քահանա Անդրեասյանը:
Տեր Թովման դպրոցի գրադարանին նվիրեց իր գրքերից, խոսեց բանաստեղծական արվեստի մասին, մաղթեց, որ երեխաների մեջ զորանա ընթերցասիրությունը: Հոգևորականը կարևորեց դպրոցների աշխատանքը ազգայինը, հայկականը երեխաների հոգում սերմանելու գործում.
«Դեռևս 449 թվականին, երբ հայ ժողովուրդը պատասխանում էր պարսից Հազկերտ թագավորին իր հանրահայտ նամակով, ժողովուրդը, հոգևորականները և իշխանները ձևակերպեցին մի նշանաբան, այն է` մի ազգ, մի հայրենիք, մի եկեղեցի: Այդ նշանաբանով, հաղթահարելով մեր ժողովրդին բաժին ընկած դժվարին փորձությունները, եկել-հասել ենք մեր օրեր: Մեզնից յուրաքանչյուրն իր հիմնական կրթությունը, իր անհատական հիմնավոր ձևավորումը ստանում է դպրոցում»:
Քահանան կարևորեց ուսուցիչների առաքելությունը աշակերտների մեջ հայրենասիրություն, ազգային արժեքներ և գիտակցություն սերմանելու գործում:
×