Երանելի Սարգիս Շնորհալի. Աստծուն փառավորելու մասին

Երանելի Սարգիս Շնորհալի. Աստծուն փառավորելու մասին

«Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ որ ընդունել է, ուրիշի հանդեպ թող նույնը մատակարարի որպես բարի տնտես Աստծու զանազան շնորհների: Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման: Եթե մեկը մատակարարի, թող այն լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով» (Ա Պետրոս 4:10-11):

 

Փառավորենք Աստծուն՝ մեր Քահանայապետին՝ Հիսուսի միջոցով, որով փրկվեցինք և ազատվեցինք, սրբվեցինք մեղքերի ու անօրինության տիղմից, ընծայվեցինք երկնքին՝ Հայր Աստծուն և անսահման փառք ժառանգեցինք:

 

Կփառավորվենք, երբ առաքինություններ գործենք, երբ կարողանանք լավը վատից տարբերել, ճանաչել մահացու և կենարար կերակուրները, երբ տարբերենք սիրելիին՝ թշնամուց, երբ սպանենք մեր միջի չար գազանին՝ ցանկություններին և խոնարհ հոգով թևաթափ անենք մահվան թռչունին: Ահա սրանցով է Հայրը փառավորվում Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, որովհետև Որդու միջոցով սովորեցինք առաքինությունները, դեպի երկինք տանող ճանապարհի մեջ մտանք և հրեշտակային առաքինություններ գործադրեցինք երկրի վրա:

 

Արդ, փառավորենք Հորը Որդու միջոցով և Որդուն՝ Հոր, որովհետև Հայր ու Որդի նույն փառքն ունեն և միմյանցից անբաժան են: Երբ փառավորում ենք Հորը, փառավորվում է Որդին, և երբ փառավորում ենք Որդուն, նրա հետ փառավորվում է նաև Հայրը: Ինչպես որ ամեն ինչով նույնն են և չեն բաժանվում ո՛չ բնությամբ, ո՛չ էությամբ, ո՛չ աստվածությամբ, ո՛չ զորությամբ, այլ միայն՝ անձնավորությամբ, նույնպես նաև փառքով, որովհետև Հայրը փառավորվում է Որդով և Որդին՝ Հորով, Հոգին փառավորվում է Որդով և Որդին՝ Հոգով, ինչպես որ Քրիստոս ասաց. «Նա ինձ պիտի փառավորի, որովհետև ինչ որ առնում է ինձնից, կհայտնի ձեզ» (Հովհ. 16:14), նաև. «Հա՛յր, փառավորիր Որդուդ» (Հովհ. 17:1), ապա խոսքն ուղղելով Հորը՝ ասում է. «Ես քեզ փառավորեցի երկրի վրա» (17:4):

 

Տեսնում ես սուրբ և անզուգական Երրորդության փառքի զանազանությունը: Արդ, փառավորենք Նրան, ոչ այնպես, ինչպես Նա է արժանի, այլ ըստ մեր տկարության, որովհետև սրա համար մեզ աշխարհ բերեց և Իր պատգամներով հորդորեց ու ասաց. «Օրհնության պատարագն ինձ կփառավորի» (Սաղմոս 49:23), նորից. «Աստծուն օրհնության պատարագ մատուցի՛ր» (Սաղմոս 49:14): Պողոսը նույնպես աղաչում է՝ ասելով. «Պատրաստե՛ք ձեր մարմինները որպես զոհ կենդանի, սուրբ, աստվածահաճո, այդ է ձեր բանական պաշտամունքը» (Հռոմ. 12:1):

 

Ո՛վ մարդ, քեզ պարգևած անսահման բարիքների փոխարեն մեծ բան չի ուզում քեզնից, այլ միայն խոսքերով փառաբանություն: Չխնայենք պարգևները և չար աչքով չնայենք խնդրանքին: Մտածիր նաև այժմյան և հանդերձյալ կյանքի պարգևների առատության մասին, թե կարո՞ղ ենք արդյոք գոնե մի մասը հատուցել մեզ շնորհողին: Չեմ խոսում հանդերձյալ կյանքի անպատում և անճառելի պարտքերի մասին, որոնց ո՛չ մտքով կարող ենք տեսնել, ո՛չ խոսքով բացատրել, և որոնց հատուցման համար մեզնից այդքան քրտինք, ջանք ու առաքինություն է պահանջվում, այլ այն բաների մասին, որոնք մեզ մոտ են, որ աչքով տեսնում ենք, խոսքով՝ բացատրում և մարմնով՝ վայելում, որոնք թեև գալիքի համեմատ փոքր են, սակայն մեզ համար դժվար ու անկարելի են:

 

Գոյություն չունեինք, և Աստված մեզ ստեղծեց, անէությունից էության բերեց, խոսքով զարդարեց և Իր պատկերով պատեց, երկինքը լուսատուներով զարդարեց, երկիրը հաստատեց և տարվա չորս եղանակներով պսակեց և այլն: Արարիչն ու Տերը այս ամենը մեր կարիքների համար ստեղծեց՝ մեզ իշխան և թագավոր կարգելով այս ամենի վրա, ավելին՝ փառքով և պատվով պսակեց, փափկության Դրախտի մեջ դրեց, որպեսզի պատվիրանի համաձայն ապրենք և վայելենք այդ ամենը, սակայն մենք անմտությամբ կորցրեցինք այդ և դատապարտության տակ ընկանք:

 

Արդ, փառավորենք Աստծուն և նմանվենք հրեշտակներին, որոնք հավիտյան փառավորում են Տիրոջը, թեև մնացած բաներով հետ ենք նրանցից, գոնե սրանով հետ չմնանք: Նրանք անլռելի ձայնով օրհնաբանում են, անդադար փառավորում և սաստիկ երկյուղով զարհուրում, իսկ մենք ծուլանում ենք և քնով անցնում, չարախոսությամբ ենք անցկացնում մեր օրհնության ժամանակը, լկտի երգերով և կատակերգությամբ ավելի ենք հեշտանում, քան սերովբեական սրբաբանությամբ:

 

Արդ, ո՞վ պիտի ազատի մեզ հավիտենական տանջանքներից կամ ո՞վ պիտի մեզ ողորմության և քավության արժանացնի: Աղաչում ենք, արթնանանք և թոթափենք մեր վրայից Դավթի ասած քունը, որ մահվան է առաջնորդում, և փառավորենք Աստծուն մեր տկարությամբ, ոչ թե Նրա փառքն ավելացնելու համար, քանի որ կարիք չունի, այլ որպեսզի Նրան փառավորելով՝ մենք էլ փառավորվենք, որովհետև հողեղենների համար չկա ավելի մեծ փառք, քան Աստծուն օրհնելն ու փառավորելը:

 

Ուրեմն, Աստծուն փոխ տանք ոչ միայն մեր փառաբանությունը, օրհնությունն ու սրբաբանությունը, այլև խոնարհությունը, հեզությունը, անոխակալությունը, համբերությունը, անհիշաչարությունը, եղբայրսիրությունը, ողորմությունը, հավատքը, լույսը և սերը, որպեսզի Իինքն էլ պատեհ ժամանակին մեզ դառնա և արժանացնի երկնքի արքայությանը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով:

 

Փոխակերպումը գրաբարից՝

Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ

  • 2024-03-01
×