Ս. Հաղորդություն. 3 հարց ու պատասխան

Ս. Հաղորդություն. 3 հարց ու պատասխան

-Ինչո՞ւ է կարևոր Ս. Հաղորդություն ստանալը

 

Ս. Հաղորդությունը Հայ Առաքելական Եկեղեցու յոթ խորհուրդներից է, որի միջոցով ստեղծվում է կենսական կապ քրիստոնյայի ու Քրիստոսի միջև: Հաղորդվելու խորհուրդը՝ Աստծո հետ միանալն է, հաղորդակցվելը, Քրիստոսին միանալը: Այն կարևոր պայման է Աստծո ու մարդու միջև խզված կապը վերականգնելու: Ըստ Աստվածաշնչի՝ քրիստոնյան առանց այս խորհրդի չի կարող դառնալ Երկնքի արքայության ժառանգորդ, հավիտենական կյանք ժառանգել. «Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն կտամ» (Հովհ. 6:54): 

 

Ս. Հաղորդության խորհուրդը հաստատել է Հիսուս Քրիստոս վերջին ընթրիքի ժամանակ: Նա աշակերտներին է փոխանցել հացն ու ասել. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»: Հետո նրանց տվել է գինով լի բաժակն ու ասել. «Խմե՛ք դրանից ամենքդ, որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ շատերի համար թափվում է մեղքերի թողության համար»: (Մատթ. 26:27-28)

 

-Ինչպե՞ս Ս. Հաղորդություն ստանալ

 

Ս. Հաղորդություն տրվում է բոլոր բաց Պատարագների ավարտին՝ մկրտված անձանց: Խորհրդակատարման նյութը անթթխմոր հացն է ու խաղողի անապական գինին, որոնք Պատարագի ընթացքում Ս․ Հոգու ներգործությամբ փոխակերպվում են Քրիստոսի ճշմարիտ Մարմնի ու Արյան ու բաշխվում ժողովրդին: Ծանր հիվանդ հավատացյալները կարող են հաղորդվել տանը: Մեծ Պահքի շրջանում, երբ եկեղեցու վարագույրը փակ է, Ս. Հաղորդություն չի տրվում:  
 

-Ինչպե՞ս պատրաստվել Ս. Հաղորդությանը
 

Հաղորդվելու օրը պետք է ֆիզիկապես մաքուր լինել: Արգելվում է ճաշակել որևէ կերակուր: Հավատացյալները կարող են միայն ջուր խմել: Պատարագից առաջ անհրաժեշտ է խոստովանել բոլոր մեղքերն ու սխալները: Գործում է մեղքերի խոստովանության երկու կարգ` անհատական, ընդհանրական: Անհատականը հոգևորականի հետ առանձնազրույցն է: Ընդհանրական խոստովանության ժամանակ հավատացյալները եկեղեցում ծնկաչոք ընթերցում են «զղջման» աղոթքը: Այնուհետև հոգևորականը արձակում է նրանց մեղքերը, որից հետո խոստովանողները կարող են հաղորդվել: Հղի կանայք, երեխաներն ու հիվանդները կարող են հաղորդվել առանց ծոմ պահելու, նրանց թույլատրվում է Ս. Հաղորդությունից առաջ սնունդ ընդունել: 

 
  • 2024-03-19
×