«Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»

«Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»

Ղազարոսի հարության հիշատակության օր

 

Մարտի 23-ին՝ Ծաղկազարդի նախորդ օրը, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակը: 

 

Քրիստոս հարություն է տալիս Ղազարոսին՝ ցույց տալով, որ Ինքն է կյանքն ու հարությունը: 

 

Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը, խոսելով Ավագ շաբաթվա ու օրվա խորհրդի մասին, ընդգծում է`  պատգամը մեր հոգևոր արթնությունն է։ Պետք է պատրաստ լինենք դիմավորելու Քրիստոսի Հարությունը։

 

«Ես եմ հարությունն ու կյանքը»

 

Ղազարոսի հարության մասին պատմում է Ս. Հովհաննես ավետարանիչը: Նշվում է, որ Հիսուս բացառիկ սիրով ու բարեկամությամբ էր կապված Ղազարոսի ու նրա քույրերի՝ Մարիամի ու Մարթայի հետ: Նրանք Հիսուսի մոտ մարդ են ուղարկում՝ տեղեկացնելու, որ իրենց եղբայրը հիվանդ է: Տերն, այս լուրն իմանալուց հետո, անմիջապես չի շտապում հիվանդի մոտ:

 

«Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահացու չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի» (Հովհ. 11:4): 

 

Երբ հասնում է Բեթանիա, Ղազարոսը ոչ միայն մահացել էր, այլև նրան արդեն հուղարկավորել էին: Տերն ասում է. «Ես եմ հարությունն ու կյանքը. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի»: (Հովհ. 11:25)

 

Ղազարոսի մահը հուզում է Նրան: Պատահական չէ, որ Ավետարանում Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը վերնագրված է` «Եվ Հիսուս արտասվեց...»: Քրիստոսի արտասվելը բոլորի հանդեպ Նրա անսահման սիրո վկայությունն է:

 

«Նրա մարմինը ննջած էր 4 օր, Քրիստոս խնդրեց Հորը, և Ղազարոսը հարություն առավ: Քրիստոս ասաց՝. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի» և նա դուրս եկավ կապված ոտքերով»,- ներկայացնում է Տեր Շահեն: 

 

Հրաշքը ցնցում է ամբողջ Երուսաղեմը։ Այն Քրիստոսի փառքի կենդանի հռչակումն էր: 

 

«Ղազարոսի հարությամբ քահանայապետները, փարիսեցիները վերջնականապես որոշեցին Քրիստոսին մահվան դատապարտել: Նրանք որոշում են Քրիստոսի հետ սպանել նաև Ղազարոսին, որպեսզի հիշատակը ամբողջովին կորցնեն, սակայն պատմության անիվը պտտվում է նրանց մտածումին հակառակ. Քրիստոսի փառքը տարածվում է ամբողջ աշխարհում»,- նշում է քահանան:

 

Ղազարոսի հարությունը խորհրդանշում է ննջեցյալների համընդհանուր հարությունը: 

 

Հետագայում Ղազարոսն իր ողջ կյանքը ծառայեցրել է Քրիստոսին:

 

 

Անի Ավագյան

 
  • 2024-03-23
×