Մանուկների օրհնության օրը. Ծաղկազարդ

Մանուկների օրհնության օրը. Ծաղկազարդ

Մարտի 24-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Ծաղկազարդը: Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում Պատարագի սրբազան արարողությունից հետո կկատարվի Մանուկների օրհնության կարգ:

 

Տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ, երբ Տերը մտնում էր Երուսաղեմի տաճար, մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): 

 

Մուտքը Երուսաղեմ

 

Քրիստոսի մուտքը Երուսաղեմ նկարագրվում է 4 ավետարանիչների կողմից: Հիսուս քաղաք մտավ իր աշակերտների ուղեկցությամբ, ավանակին նստած: Քաղաքի բնակիչները դիմավորեցին Նրան, ինչպես վայել է Արքային ու Փրկչին, քանի որ ձգտում էին տեսնել առաջնորդին, որը կազատագրեր նրանց հռոմեացիների գերիշխանությունից: Մարդիկ ճանապարհին փռում էին ձիթենու ու արմավենու ճյուղեր, իրենց զգեստներն ու աղաղակում.
 

«Օվսաննա՜ Բարձրյալին,

օրհնյա՜լ լինես դու,

որ գալիս ես Տիրոջ անունով

օրհնյա՜լ լինի մեր հոր՝

Դավթի թագավորությունը, որ գալիս է։

Խաղաղությո՜ւն երկնքում և

փա՜ռք Բարձրյալին»։ (Մարկոս 11:9-10)

 

Քրիստոս, սակայն մտավ Երուսաղեմ ոչ թե նվաճելու, այլ աշխարհին խաղաղություն, հոգևոր փրկություն բերելու, նշում է Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը. 

 

«Երուսաղեմը խորհրդանշում է մարդուն, յուրաքանչյուրիս: Հիսուս Քրիստոս գալիս է` բախելու մեր սրտի դռները: Նա պետք է մուտք գործի մեր հոգևոր տաճար՝ մեր սիրտ, հոգի, այնտեղ պայծառակերպի, լուսավորի մեզ»:  

 

Հոգևորականի խոսքով՝ պատահական չէ, որ Տերը ձիու փոխարեն քաղաք մուտ գործեց ավանակի վրա նստած, ինչը խորհրդանշում է հեզությունն ու խոնարհությունը: 

 

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշում է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ձիթենու ու արմավենու ճյուղերի շնորհումը նշանակում էր առանձնակի պատիվ, հանդիսավորություն: Ձիթենին ընկալվել է՝ որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի ու փառքի խորհրդանիշ: Արմավենու ճյուղերը կարծես մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: 

 

Գարունը՝ մեր սրտերում

 

Տերը Երուսաղեմում մտավ տաճար ու այն մաքրեց: Ժողովրդին ասաց, որ տաճարն Աստծո տունն է ու պիտի լինի միայն աղոթքի տուն:

 

«Հիսուսը, տաճար մտնելով, սկսեց վռնդել տաճարում գտնվող վաճառողներին ու գնորդներին, լումայափոխների սեղանները տապալեց և աղավնեվաճառների աթոռները շուռ տվեց։ Թույլ չէր տալիս, որ որևէ մեկը որևէ բան տեղափոխեր տաճարի միջով»: (Մարկոս 11:15)

 

Հոգևորականն ընդգծում է՝ նույն կերպ պիտի մաքրվեն նաև մեր հոգիները: 

 

«Քրիստոս մաքրագործեց տաճարն ու ասաց՝ իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն ավազակների որջի եք վերածել: Այդպես մտնելով մեր հոգիների, սրտերի մեջ` փորձելու է մաքրել»: 

 

Մեր հոգիներն ու սրտերը մաքրվելու են նաև մեր կամքով: Ինչպես Երուսաղեմի բնակիչները, մենք նույնպես կանգնած ենք ընտրության առաջ՝ հետևե՞լ Փրկչին, թե՞ գնալ հակառակ ուղղությամբ: 

 

Հոգևորականի խոսքով՝ պատահական չէ, որ Ծաղկազարդը զուգադիպում է գարնան սկզբի հետ: Տոնը կարծես գալիս է՝ թարմություն ու գարուն բերելու մեր սրտերին.

 

«Մենք կարիք ունենք՝ Քրիստոսի կողմից մեր հոգում բերված գարնան ու Ծաղկազարդի: Քրիստոս մուտք է գործում ոչ միայն մեր սրտի, հոգու նաև էության մեջ: Մենք կարիք ունենք այդ թարմության, հոգևոր լիցքի: Թող Տիրոջ սերը, օրհնությունը, մեր հոգիների ծաղկազարդը բերի խաղաղություն և զորություն»:

 

Ծաղկազարդին հաջորդում է Ավագ շաբաթը, հիշատակվում են Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերը:

 

Անի Ավագյան

 
  • 2024-03-24
×