Ավագ հինգշաբթի. Տիրոջ լույսով ու սիրով մաքրված պատրաստվենք Հարության հաղթական տոնին
Ավագ հինգշաբթի. Տիրոջ լույսով ու սիրով մաքրված պատրաստվենք Հարության հաղթական տոնին
Ավագ հինգշաբթի է՝ եկեղեցական արարողություններով ամենահագեցած օրը տարվա մեջ: Առավոտյան ժամերգության ավարտին իրականացվում է ապաշխարողների արձակման կարգ, այնուհետև Ս. Պատարագ՝ ի հիշատակ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսի կողմից Ս. Հաղորդության խորհրդի հաստատման: Կատարվում է Ոտնլվայի կարգ, ավարտին`յուղի օրհնություն, երեկոյան՝ Խավարման կարգ:
Ապաշխարողների արձակման կարգ
Ավագ հինգշաբթի այն հավատացյալները, որոնք Մեծ Պահքի ընթացքում գիտակցական հավատքով, ապաշխարությամբ, պահեցողությամբ, ինքնաքննությամբ անցել են ինքնամաքրման ճանապարհը, մասնակցում են ապաշխարողների արձակման կարգին՝ մեղքերի թողություն խնդրելու, բացատրում է Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանը: Այնուհետև հավատացյալները ստանում են Ս․ Հաղորդություն:
«Կարևոր է, որ Մեծ Պահքի այս ընթացքը կարողանանք անցնել որպես գիտակից քրիստոնյաներ, ընկալելով, որ հոգևոր պատերազմ ենք իրականացնում մեր ներսի չարի, վատ սովորությունների, մոլուցքների դեմ։ Մենք հավատքով զինված պետք է կարողանանք ապավինել Աստծուն, Նրա շնորհներով, լույսով ու սիրով պետք է մաքրվել ու պատրաստվել Հարության հաղթական տոնին»,- նշում է Տեր Արսենը:
Ս. Հաղորդություն
Ըստ Ավետարանի՝ Հիսուս Քրիստոս մատնությունից առաջ Իր աշակերտներին պատվիրում է, որ պատրաստեն Զատկական ընթրիք, միասին սեղան նստեն Վերնատանը: Տերն այդ օրը խոսում է Իրեն սպասվող իրադարձությունների մասին:
Քրիստոս վերցնում է հացը, օրհնում այն, կտրում, տալով իր տասներկու աշակերտներին` ասում. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը» (Մատթ. 26։ 26): Վերցնելով բաժակը գոհություն է հայտնում, տալիս նրանց ու ասում. «Խմե՛ք դրանից ամենքդ, որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ շատերի համար թափվում է մեղքերի թողության համար։ (Մատթ. 26։ 28):
Նա կենդանի գառան զոհաբերությունը փոխարինում է Պատարագով՝ հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը:
«Հաղորդության խորհուրդը փրկության հույսն է։ Այն կարելի է անվանել երկնային հարսանիք, որին մասնակցելու հրավեր ունի յուրաքանչյուրը: Ցավոք մարդկության մեծամասնությունը չունի այն գիտակցումը, որ Հաղորդությունը նորոգության, մարդուն Աստծո հետ հաշտեցնելու խորհուրդն է»։
Տիրոջ մարմինն ու արյունը՝ հացի ու գինու տեսքով բաշխվում է հավատացյալներին։ Ըստ քահանայի՝ Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը մեզ կյանք են տալիս, ապրելու իրավունք՝ առանց մեղքերի: Տալիս են աստվածային լույսի, հույսի զորության շնորհ, որ Աստծով լիացած ապրենք մեր կյանքն ու ընթանանք դեպի փրկություն տանող ճանապարհով:
«Բոլոր այն հավատացյալները, որոնք պահեցողությամբ, խոնարհությամբ, հոգևոր նորոգությամբ են անցկացրել պահքի ընթացքը, ճաշակելով Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը, վերազինվում են Քրիստոսի արդարությամբ, գոտեպնդվում են Քրիստոսի սիրով ու իմաստությամբ և ավելի զորացած պատրաստվում մեղքի, չարի դեմ հաղթանակին, որը Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ և կենդանարար Հարությունն է»։
Ոտնլվայի կարգ
Ավագ հինգշաբթի Ոտնլվայի արարողությանը եկեղեցակաները լվանում են մարդկանց ոտքերը։ Արարողության հիմքը Ավետարանում նկարագրվող պատմությունն է: Քրիստոս վերջին ընթրիքից հետո լվանում է Իր աշակերտների ոտքերը, ասում .«Արդ, եթե ես՝ Տերս ու Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։ Որովհետև մի օրինակ տվեցի ձեզ, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք»։ (Հովհաննես 13:14-15)
Տեր Արսենի խոսքով՝ այս դրվագը պատգամում է, որ եթե ցանկանում ենք մեր տեղն ունենալ երկնքի արքայությունում, պետք է սիրով ծառայենք միմյանց:
«Աստված լվաց մեղավոր մարդու ոտքերը։ Ցույց տվեց խոնարհության կատարյալ օրինակ։ Այն մարդու նկատմամբ սիրո դրսևորումն է։ Աստված այնքան սիրեց մարդուն, որ ցույց տվեց խոնարհությամբ վեր բարձրանալու ճանապարհը: Տերը, լվանալով աշակերտների ոտքերը, մաքրեց աշխարհի մեղքի փոշուց և կեղտից, թույլ տվեց մաքուր ոտքերով ընթանալ Տիրոջ հետևից, որը տանում է փրկության»,- հավելում է հոգևորականը:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը: