Հոգեպես նորոգվելու ժամանակը. Ավագ ուրբաթ

Հոգեպես նորոգվելու ժամանակը. Ավագ ուրբաթ

Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օր

 

Մարտի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում կկատարվի Խաչելության, այնուհետև Թաղման կարգ։ Ավագ ուրբաթ հիշատակվում են Քրիստոսի չարչարանքները, խաչելությունն ու թաղումը։ 

 

Խաչելության, Թաղման կարգ

 

«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը»: (Հովհ. 3.16): 

 

Ավագ ուրբաթ առավոտյան ժամերգության ընթացքում կարդացվում են Հիսուսի` Պիղատոսի մոտ տարվելու, Գողգոթայի վրա խաչվելու, մահվան, արևի խավարման ավետարանական հատվածները: Խաչելության կարգի ժամանակ ընթերցվում են Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերին նվիրված հատվածներ։

 

Թաղման կարգը կատարվում է երեկոյան ժամերգությունից հետո՝ նախատոնակի արարողության ընթացքում։ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից, պտտում են եկեղեցու շուրջ։ 

 

Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա

 

Աստծո Որդին չարչարվում, խաչվում ու մահանում է մարդկանց փրկության համար։

 

Ըստ Ավետարանի՝ Վերջին ընթրիքից հետո Գեթսեմանի պարտեզում հռոմեացի զինվորները ձերբակալում են Հիսուսին: Նրան չարչարում են՝ դատապարտելով մահվան:

 

Ավետարանիչները գրեթե նույն կերպ են նկարագրում Հիսուսի խաչելությունը․

 

«Նրան խաչ հանեցին… և Նրա հետ խաչեցին երկու ավազակի՝ մեկին Նրա աջ, մյուսին՝ ձախ կողմում: Եվ կատարվեց այն գրածը, որ ասում էր, թե Նա անօրենների շարքը դասվեց» (Մարկոս 15:24, 27-28):

 

Նկարագրվում է, որ Հիսուսի մահվան պահին արևն ու լուսինը խավարում են, Երուսաղեմի տաճարի վարագույրը պատռվում է, երկիրը շարժվում է, ժայռերը ճեղքվում են, և բացվում են գերեզմանները` ազդարարելով հին աշխարհի ու դժոխքի մոտալուտ կործանումը: 

 

Մեր հոգին պետք է նորոգվի

 

Հիսուսի խաչելությամբ ու մահվամբ իրականացան հինկտակարանյան բոլոր մարգարեությունները Մեսիայի գալստյան վերաբերյալ, հիշեցնում է Նորք-Մարաշի Ս․ Աստվածածին եկեղեցու ծիսակատար Տեր Զգոն քահանա Աբրահամյանը։

 

Հոգևորականի խոսքով՝ չարչարանքների, խաչելության և Հարության արդյունքում մարդ հաշտվեց Աստծո հետ, իմացավ փրկության ճանապարհի մասին, լուսավորվեց աստվածգիտությամբ։
 

«Աստված մեզ ստեղծել է, պահպանել, օրհնել, Իր Միածին Որդուն զոհաբերել մեզ համար: Փոխարենն ի՞նչ կարող ենք մենք տալ, ի՞նչ է Աստված ցանկանում: Կարող ենք Աստծուն ընծայել մեր սիրտը: Մեր գործողություններն ամբողջությամբ պետք է բխեն Աստծո կամքից, բերեն բարի պտուղներ: Մեր սիրտը պետք է լցված լինի սիրով, խոնարհությամբ, հոգատարությամբ, քաղցրությամբ, լույսով։ Միավորվելով Աստծո հետ՝ ընթանում ենք դեպի փրկության նավահանգիստ»,- նշում է Տեր Զգոնը։

 

Հավելում է` Ավագ ուրբաթ հիշատակելով Տիրոջ տառապանքները` գտնում ենք մեզ նորոգող աղբյուր, քանի որ տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ։ Այդ ամենը վերհիշելով մեր հոգին էլ պետք է նորոգվի։ 

 

«Քրիստոսի գերեզմանի լռությունը մեզ հուշում է հոգևոր նորոգման բացառիկ հնարավորության մասին։ Դա ամենամեծ ավետիսն է մեզ՝ արթնանալու, հոգևոր առաջընթաց ապրելու, Աստծո կամքը առավել փութաջանությամբ իրականացնելու»։

 

Ըստ Տեր Եսայի քահանա Արթենյանի՝ Ավագ ուրբաթ լռության օր է: Այդ լռության մեջ ծնվում է մի հարց։ Հստակ է, որ Քրիստոս բոլորի համար իր կյանքը տվեց ու հարություն առավ: Կարևոր հարցն այն է՝ արդյո՞ք այդ ավետիսը կհասնի մեզ, արդյո՞ք Տերը մեզ համար, մեր կյանքում հարություն կառնի։ Հարցի փնտրտուքի ճանապարհին մենք վախենում ենք մեր կյանքը, օրն ապրել առանց Քրիստոսի:

 

«Հուդան դավաճանեց Նրան, Պետրոսը երեք անգամ ուրացավ Տիրոջը, Մարկոսը մերկ փախավ, աշակերտները լքեցին, միայն մնաց Քրիստոս իր քաջությամբ, սիրով՝ իր կյանքը տալով մեր փրկության համար: Տիրոջ խաչելությունը մեր փրկության կարևոր երաշխիքն ու գրավականն է ոչ թե նրա համար, որ խաչելությունը մահվան ամենածանր տեսակն էր, այլ որովհետև Աստված շատ սիրեց մեզ: Հիմա խաչի վրա Հիսուս դիմում է մեզ, ասելով` այս ամենն արեցի ձեզ համար, իսկ դուք ի՞նչ եք պատրաստ Ինձ համար անելու»,- նշում է Տեր Եսային:

 

Հիսուս Քրիստոս դատապարտվեց մեր մեղքերի համար, սակայն Նրա վերքերն օգնեցին մեզ բժշկվել: Այն դարձավ մեր փրկության ուղին։ Կարևոր է, որ հասկանանք՝ Խաչելության խորհուրդը չարի նկատմամբ հաղթանակն է՝ աստվածային սիրով:

 

Անի Ավագյան

 
  • 2024-03-28
×