Սիրելի՛ հավատավոր զավակներ,
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրաշափառ ավետիսը վերստին զորացնում է մեր հավատքը և լցնում մեր հոգիներն անհուն բերկրությամբ: Իր հաղթական Հարությամբ Հիսուս Քրիստոս ամենքիս պարգևեց փորձությունները հաղթահարելու, մահվանը հաղթելու և երկնքի արքայությունը ժառանգելու շնորհը։
Սիրելինե՛ր, Քրիստոս հարություն առավ, որպեսզի բյուրեղանա ու զորանա մեր հավատքը և աստվածային սերն ու ճշմարտությունը հրաշագործեն մեր կյանքում՝ պարգևելով նվիրական իղձերի և նպատակների իրականացում։
Ապրե՛նք մեր երկրային կյանքը վեհագույն արժեքների գիտակցությամբ՝ երկրայինի մեջ ամրագրելով հավիտենությունը, քանզի Երկնքի արքայությունը մե՛ր մեջ է. «Արքայութիւնն երկնից ի ներքս ի ձեզ է» (Ղուկաս ԺԷ 21):
Թող Հարության կենարար խորհրդով նորոգվի և պայծառանա մեր կյանքն ու Հայրենիքը, հաղթահարենք առկա փորձությունները և արժանանաք Տիրոջ կողմից մեզ պարգևած փրկությանն ու հավիտենական կյանքին. ամեն:
«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ,
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ»:
Սուրբ Հարության բերկրանքով և օրհնությամբ՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ