Սուրբ Հարության տոնը` Երևանի մանկական զբոսայգում

Սուրբ Հարության տոնը` Երևանի մանկական զբոսայգում

Սուրբ Հարության տոնը ազգային երգ ու պարով, խաղերով, Զատիկին նվիրված ցուցադրություններով նշվեց Երևանի մանկական զբոսայգում։ Միջոցառմամբ տրվեց «Արատտա» կրթամշակութային ազգային ծրագրի մեկնարկը։ 
 

Միջոցառումն իրականացվեց նաև Արարատյան Հայրապետական թեմի աջակցությամբ։ Տոնակատարությունը մեկնարկեց Տերունական աղոթքով։ Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանը ներկաներին փոխանցեց Քրիստոսի Հարության ավետիսը և կատարեց տնօրhնեքի արարողություն։ Հոգևորականը ներկաներին կոչ արեց համախմբվել Տիրոջ շուրջ։ 

 

«Սուրբ Հարության տոնն ունի հաղթանակի խորհուրդ։ Հաղթանակ կլինի, երբ կլինի համախմբում, Քրիստոսին առաջնորդ ընդունելով՝ պետք է հաղթանակ տանենք մեղքի, չարի ու մահվան, ներքին թշնամու դեմ, որպեսզի կարողանանք ազգովի նորանոր հաղթանակներ տանել»,- իր խոսքում նշեց քահանան։

 

«Արատտա» ծրագիրը պատկանում է «Հայը կա» հասարակական կազմակերպությանը։ ՀԿ փոխտնօրեն Վարդուհի Թովմասյանը նշեց, որ ծրագրի ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենց ձեռագործ աշխատանքները, մասնակցեցին վարպետաց դասերի և կրթական դասընթացների։ 

 

«Ցուցադրվեցին «Արար» ազգային արվեստի կենտրոնների սաների ձեռագործ աշխատանքները, ժողովրդական արհեստագործական վարպետների ձեռագործ աշխատանքները, զուգահեռ ցուցադրվեցին արցախյան ավանդական ուտելիքներ։ Իրականացվեցին մանրանկարչության, կերպարվեստի, կարպետագործության, փայտագործության, թաղիքագործության և խաչքարագործության վարպետաց դասեր»,- նշեց Վարդուհի Թովմասյանը։

 

Միջոցառմանը մասնակցեցին անվանի ժողովրդական վարպետներ, պարային ու այլ երաժշտական խմբեր։ Կատարումներով հանդես եկավ «Երաժիշտների Միություն» հասարակական կազմակերպության «Արցախի Զարկերակը» վոկալ-գործիքային անսամբլը։ 

 

«Հայը կա» հասարակական կազմակերպությունը «Արատտա» ծրագիրն իրականացնում է գործընկեր կազմակերպությունների հետ՝ «Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան», «Կենաց տուն» մշակութային ՀԿ, «Արար» հայ ազգային արվեստի կենտրոն, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ, «Միհր վոյաժ» զբոսաշրջային գործակալություն, «Սատուրն Ա» (Երևանի մանկական զբոսայգի) ՍՊԸ և Երևանի քաղաքապետարան։
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2024-03-31
×