Քրիստոսի Եկեղեցու հաստատում ու հավիտենական խորհուրդ. Աշխարհամատրան կիրակի
Քրիստոսի Եկեղեցու հաստատում ու հավիտենական խորհուրդ. Աշխարհամատրան կիրակի
Սուրբ Հարության տոնին հաջորդող հիսնօրյա շրջանը խորհրդանշում է Մեծ Պահքից հետո Եկեղեցու վերակենդանացումը, հոգևոր գարունը։ Այս մասին են վկայում նաև գույների անուններով բնորոշվող կիրակիները՝ Կարմիր, Կանաչ։
Սուրբ Զատիկին հաջորդող երկրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ: Այդ օրը Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հաստատած ընդհանրական, մեկ միասնական Եկեղեցու տոնը:
Քրիստոնեական Եկեղեցու հիմքը
Կիրակին կոչվում է աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու: Այն Ավետարանից մեզ հայտնի Վերնատունն է: Օրվա խորհուրդը ներկայացնում է Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը.
«Վերնատանը տեղի ունեցավ Վերջին ընթրիքը, երբ Հիսուս Քրիստոս հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը: Ասաց. «Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ և ես նրա մեջ»: Վերնատունը Քրիստոսի Հարությունից հետո ծառայեց, որպես առաքյալների հավաքատեղի: Այն համարվեց քրիստոնեական եկեղեցու նախօրինակը»:
Տեր Կարապետը հավելում է. առաքյալները Հիսուսի համբարձումից հետո հավաքվում էին Վերնատանն ու հիշում Քրիստոսի տված պատգամները: Օրհնում էին հացն ու գինին, միասին աղոթում էին: Սա կարծես առաջին աղոթավայրն էր: Հենց այդտեղ է Հարությունից հետո Քրիստոս երկու անգամ երևացել իր աշակերտներին։
Աշխարհամատրան կիրակին հիշեցնում է Քրիստոսի Եկեղեցու հաստատման ու հավիտենական խորհրդի մասին։
Գարուն, նոր լիցք, զարթոնք
Հիշատակության օրը կոչվում է նաև Կանաչ կիրակի: Տոնի այս՝ ժողովրդական անվանումը, կապված է բնության հետ: Հինանց այս օրերին՝ գարնանը, զմրուխտ խոտածածկույթով է պատվում բնությունը։
«Կանաչ ասելով հասկանում ենք մշտադալարությունը, գարունը, քանի որ քրիստոնեությունը գարուն է, նոր լիցք է, բնության զարթոնք է: Գույնը խորհրդանշում է Քրիստոսի Հարությամբ սկիզբ առած վերազարթոնքը, Եկեղեցու հավիտենականությունը: Մշտնջենական է բնությունը նաև կյանքը՝ Հարության հույսով»,- նշում է հոգևորականը:
Կանաչ կիրակին մեզ հիշեցնում է՝ կյանքի հարությունը:
Երկնքի արքայությունը՝ երկրի վրա
Եկեղեցին այն վայրն է, որտեղ հանդիպում են մարդ ու Աստված:
«Եկեղեցին երկնքի արքայությունն է՝ երկրի վրա հաստատված: Ինչպես մեր հոգևոր հայրերն են ասում՝ Նոյան տապանն է: Նրանք, ովքեր եղան Նոյան տապանի մեջ, փրկվեցին: Խորհրդաբանորեն նշանակում է, որ եկեղեցի այցելող, հաղորդություն ստացող մարդիկ են արժանանալու փրկության»,- նշում է Տեր Կարապետը:
Քահանան հիշեցնում է Եղիշեի խոսքերը. «... մեզ հայր ենք ճանաչում Սուրբ Ավետարանը և մայր՝ Առաքելական կաթողիկե Եկեղեցին...»:
Ըմբռնելով Եկեղեցու նշանակությունը մեր կյանքում՝ կարևոր է Աստծո տուն մուտք գործել պատրաստված։ Կանայք պետք է գլխաշորով լինեն, տղամարդիկ՝ գլխաբաց, ներսում լռություն պահպանեն: Այս կանոններից զատ հոգևորականը խորհուրդ է տալիս հոգեպես պատրաստված գնալ Տիրոջ հետ հանդիպմանը:
«Եկեղեցին Աստծո հանդիպման վայրն է, և մենք պարտավոր ենք եկեղեցում լինել պատշաճ տեսքով, հոգևիճակով: Երբ գալիս ենք Սուրբ Պատարագի, պետք է պատրաստ լինենք հոգեպես: Եկեղեցին յուրաքանչյուրիս համար սրբության տապան է»:
Կանաչ կիրակին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, հռչակվել է Նորավանքի ուխտի օր: