Նվիրվածության, չհանձնվելու, համբերատարության, ուժեղ լինելու մասին են պատմում Էրիկի աշխատանքները:
44-օրյա պատերազմի մասնակիցը ծանր վիրավորվել է, անցել վիրահատական շրջան, պարբերաբար ստանում է վերականգնողական բուժում, բայց շարունակում է իր գործերով, պարով, օրինակով մարդկանց սեր, ջերմություն ու գեղեցիկը փոխանցել։
Կյանքը անիվների վրա խոչընդոտ չէ, երբ հավատում է, որ կարող է։
Ուժերը չխնայելով հանուն հայրենիքի…
Պինդ ձեռքերը, որ ժամանակին կոպիտ գործով են զբաղվել, մեքենայի վրա աշխատել, հետո զենք բռնել, հիմա աշխատում են նուրբ թիթեռների հետ: Բնական, չորացրած թիթեռներն իր ձեռքերում նոր կյանք են ստանում, վերածվում արվեստի գործերի:
«Սկզբում չէի պատկերացնում, որ կարող էի թիթեռների հետ աշխատել: Բարդ էր. թիթեռները բնական են, չորացրած ու մի քիչ անզգույշ վերցնելուց՝ փշրվում էին: Պիտի իմանաս՝ իրենց հետ ոնց շփվել, որ չվնասվեն: Մի քանի աշխատանք փչացնելուց հետո՝ հասկացա ճիշտ աշխատելու ձևը, հիմա պրոֆեսիոնալի նման աշխատում ենք»,- պատմում է Էրիկ Մկրտչյանը:
Էրիկ Մկրտչյանը Վանաձորից է: Մեքենաների հետ աշխատելու արհեստով զբաղվում էր դպրոցական տարիքից։ Ծառայության մեկնել է Գորիս՝ Խնձորեսկ: Երբ սկսվել է 44-օրյա պատերազմը, իրենց տեղափոխել են Ջրական: Հայրենիքի պաշտպանը հոկտեմբերի 16-ին մարտի դաշտում ստացել է ողնաշարաողնուղեղային վնասվածք ու տեղափոխվել Երևան: Վիրահատական շրջանից հետո եկել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն՝ բուժումը շարունակելու: Դրան զուգահեռ սկսել է մասնակցել կենտրոնի տարբեր ծրագրերի:
Սկզբում հոբի, ապա աշխատանք է դարձել «Գեղեցկություն զինվորներից» նախագիծը։
«Աշխատելուց հասկանում ես, որ շատ նուրբ ու բարդ գործ է: Պետք է ցանկություն ու համբերություն: Կարող է մի անգամ չստացվել, մյուսն էլ չստացվել, չպիտի ասես՝ վերջ, չեմ անում այլևս: Մյուս անգամ հաստատ ստացվելու է։ Վերջում, որ նայում եմ աշխատանքներին, ասում եմ՝ արժեր այսքան տանջվել»,- նշում է հեղինակը:
Գործի ընթացքում վնասված թիթեռները աղբամանը չեն նետել, հավաքել են ու ստացել մեկ ստեղծագործություն, որ թիթեռներով աշխատող տղաների համար խորհրդանշական գործ է:
«Այդ թիթեռը, կարելի է ասել, խորհրդանշում է մեզ: Այդ թիթեռներն էլ վնասվել են, բայց դարձել են մի ամբողջական թիթեռ: Մենք էլ ինչ-որ չափով վնասվել ենք, բայց պիտանի ենք մեր երկրին ու կարող ենք աջակցել մեր պետությանը»,- ասում է Էրիկը:
Ժամանակին ուժերը չխնայելով պաշտպանել են հայրենիքը, այսօր իրենց սերը, նվիրվածությունը, ուշադրությունը դնում են այս աշխատանքների մեջ ու ստեղծում չկրկնվող կոմպոզիցիաներ: Դրանց հասույթը տրամադրվում է կենտրոնի վիրավոր զինվորների կարիքների համար:
Պայքար ու հաղթական պար
Այն, ինչ զգում է, փոխանցում է նաև պարի լեզվով: Էրիկը պարում է ու այն նաև պայքար է՝ կյանքի դժվարությունները հաղթահարելու, լիարժեք ապրելու, զգալու, գեղեցիկը տարածելու:
Բուժում ստանալու ժամանակ Էրիկ Մկրտչյանը տեսել է՝ ինչպես են պարի դասին իր ընկերները փորձում շարժումներ, սովորում պարել: Առաջարկել են միանալ։
«Ասեցի՝ չէ, ես՝ ուր, պարը՝ ուր: Նախկինում պարի մասին ընդհանրապես չեմ մտածել: Որոշ ժամանակ անց, երբ պարը բեմադրված էր, տեսա, հավանեցի, երբ հնարավորություն ընձեռնվեց, ասեցի՝ կարելի է փորձել: Փորձեցի, ստացվեց, մինչև հիմա պարում եմ: Այն դարձավ իմ օրվա մի մասը»,- նշում է Էրիկը:
Տղաները նաև համերգներ են տվել, իսկ տպավորությունների մասին Էրիկը կարճ է պատմում, ասում է՝ ուրիշ էին, ոգեշնչվել է: Ուզում է՝ այդ համերգները շարունակական լինեն:
Մասնակցում է նաև կրթական ծրագրերի: Ուսումնասիրել է թվային մարքեթինգ։ Սովորում է ու շուտով կավարտի գրաֆիկ դիզայնի դասերը:
Էրիկն ու իր ընկերները «Զինվորի տանը» պարբերաբար ստանում են բուժում, սովորում են, ստեղծագործում, պարում ու ապրեցնում իրենց գործով, համառությամբ, պայքարով, դժվարությունները հաղթահարելով, չհանձնվելով։