Անհնարը՝ հնարավոր

Անհնարը՝ հնարավոր

«Երկինքը երկար լռել չի կարող, վաղը երևի անձրև է գալու»: Ա. Ավագյան

 

Մենք կորցրել ենք, հիասթափվել: Շարունակ մեղադրում ենք ինքներս մեզ, ավելի շատ դիմացինին: Չենք ուզում նայել ետ, որովհետև տեսնում ենք պարտություն, վախենում ենք նայել առաջ, որովհետև վտանգ ենք տեսնում:

 

Ի՞նչ անել, եթե փորձում ենք ու չի ստացվում: Հանձնվե՞լ, կորցնե՞լ ապրելու ցանկությունն ու հավատը: Դա չափազանց հեշտ է մեր օրերում, երբ բացասական նորությունները շատ են, վերքը՝ թարմ, հիասթափությունը՝ մեծ:

 

«Հուսահատվելու ու չարանալու հարկ չկա կյանքում, երկինքը երկար լռել չի կարող, վաղը երևի անձրև է գալու»,- գրում է պապս: Հավատում է, որ վերջապես գալու է անձրևն ու մաքրի մեզ փոշուց ու կեղտից: Մաքրի նաև այն փոշին, որ կուտակվել է մեր մեջ, որովհետև վաղուց մեր հոգու մաքրության մասին մոռացել ենք մտածել:

 

Ի՞նչ անել, եթե արդեն մի քանի անգամ փորձել ենք ու չի ստացվել: Աստվածաշունչն ասում է՝ մի՛ հանձնվիր:

 

«Խնդրե՛ք, և ձեզ կտրվի, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեր առաջ կբացվի, որովհետև, ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, նրա առաջ կբացվի» (Մատթեոս 7:7-8):

 

Սուրբ Գիրքը պատգամում է դիմանալ փորձություններին, հաղթահարել դրանք, որովհետև նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ Ապրելու համար մեզ հույս է պետք։ Չունենալ հույս, նշանակում է ինքնաոչնչացում, իսկ հույս ունենալ նշանակում է նոր սկիզբ դնել: Նոր սկիզբը ենթադրում է ջանք, աշխատանք ու պայքար:

 

Այսօր անհնար թվացողը, որպեսզի հնարավոր դառնա, մեզնից յուրաքանչյուրը պիտի իր վրա վերցնի քայլ անելու, գործելու պատասխանատվությունը, եթե անգամ մի քանի անգամ փորձել ենք ու չի ստացվել: Մեզնից յուրաքանչյուրը պետք է դիմացինին ընդառաջ գնա, պետք է բռնի իր կողքին կանգնած մարդու ձեռքը: Մի անգամ չստացվեց, երկրորդ, երրորդ, չորրորդ, հիգերորդ անգամ գուցե ստացվի:

 

«Թող փոշին այսօր որքան ուզում է նստի ուսերին շենք ու ծառերի»,- հուսահատվողներին հանգստացնում է բանաստեղծը, շարունակում է.

 

«Եթե ոչ վաղը, երկու օր հետո անձրև է գալու»։ 

 

Մենք պարտվել ենք, կորցրել ենք, բայց ողջ ենք ու Տերն ասում է` «Մի՛ վախեցիր, միայն հավատա»:

 

Նոր կյանքի սկիզբ դնողը մենք ենք, չվախենանք դժվար ճանապարհից: Ցանենք մեր նոր կյանքի սերմերը, որ հետագայում դրանք ծիլեր տան:

 

«Որքա՜ն անձուկ է այն դուռը և նեղ՝ այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, և քիչ են նրանք, ովքեր գտնում են այն» (Մատթեոս 7:14):

 

Մենք պիտի շարունակենք աշխատել՝ մեր վերքերը խնամելով, մեր վերքերի վրա ծաղիկներ աճեցնելով, մեր ճանապարհը ճիշտ քայլերով լուսավորելով, եթե անգամ բազմիցս փորձել ենք ու չի ստացվել:

 

«Մենք մեր նյարդերը սպասման մեջ ենք դարերով կոփել։ Երկու օր հետո, թե անձրև չեկավ, մի օր անպայման անձրև է գալու»,- եզրափակում է գրողը:

 

Անի Ավագյան

 
  • 2024-04-19
×