Տոնածառի զարդարումը. հավերժական ավանդույթ

Տոնածառի զարդարումը. հավերժական ավանդույթ

Այսօր տոնածառի զարդարանքներ, շողշողուն զարդաշղթաներ և առկայծող լուսաշղթաներ կարելի է գնել առևտրի ցանկացած կենտրոնում: Այն, ինչն անցյալում պարզ ընտանեկան ավանդույթ էր, այժմ վերածվել է բազմամիլիոն արտադրության` տարեցտարի դառնալով ավելի ու ավելի կատարելագործված և մատչելի: Իսկ ինչպե՞ս է այդ ավանդույթը ձևավորվել և դարձել Ս. Ծննդյան անբաժան մասը:


Քրիստոնյաների շատ ավանդույթների նման` այդ ավանդույթը առաջացել է հին հռոմեական հավատալիքների և քրիստոնեության տարածման միահյուսման արդյունքում: Վաղ քրիստոնյաները հավատում էին, թե որոշ ծառեր անժամանակ ծաղկում են Ս. Ծննդյան տոնի նախօրեին` որպես Հիսուսի ծննդյան հանդեպ հարգանք և մեծարանք: Այդ հավատալիքով էր պայմանավորված տներն ամանորի առիթով բուսականությամբ զարդարելու հռոմեական ավանդույթը, ինչն էլ դարձել է տոնածառը զարդարելու արդի պատկերացման հիմքը:


Տոնածառերի զարդարումը Եվրոպայում արձանագրվել է 17-րդ դարից ի վեր, սակայն տոնածառի զարդարման առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 1605թ.: Ըստ Ջոն Մեթյուսի «Ձմեռային արևադարձ» գրքի` գերմանացի մի անհայտ քաղաքացի այդ տարի տոնածառը զարդարել էր «բազմագույն թղթերից կտրատած վարդերով, խնձորներով, վաֆլիներով, ոսկեթիթեղներով և քաղցրավենիքով»: Հապա լուսաշղթանե՞րը և բազում փաթեթավորված նվերնե՞րը: Ավելի քան 100 տարի առաջ էր, որ Վիտտենբուրգի համալսարանի պրոֆեսոր Կառլ Գոտֆրիդ Կիսլինգը գրեց տոնածառը մոմերով զարդարելու և դրա բնի շուրջ մանուկների համար փաթեթավորված նվերներ դնելու մասին:


Թեև այդ սովորույթը սկզբնապես դատապարտվեց կրոնական առաջնորդների կողմից, այն Գերմանիայից Նորվեգիայի և Դանիայի միջոցով տարածվեց Ֆինլանդիա: 1841թ. Վիկտորիա թագուհին և իշխան Ալբերտը վավերացրեցին ավանդույթը` արքայական պալատում ցուցադրելով իրենց զարդարուն տոնածառը: Մինչև վաղ 1900-ական թվականները տոնածառի զարդարումն այնքանով էր Ս. Ծննդյան տոնի անբաժան մասը, որքանով` Ձմեռ պապը և նվերները:


ԱՄՆ-ի 14-րդ նախագահ Ֆրենքլին Փիրսը ներմուծեց Սպիտակ Տանը Ս. Ծննդյան տոնածառ զարդարելու ավանդույթը: 1923թ. ԱՄՆ-ի 30-րդ նախագահ նախագահ Քելվին Քուլիջն առաջին անգամ կատարեց Ս. Ծննդյան տոնածառի լույսերը վառելու արարողությունը, որն այժմ տեղի է ունենում ամեն տարի` Սպիտակ Տան դիմացի հովտում: Այժմ, 1966թ. ի վեր, Ս. Ծննդյան տոնածառի Ազգային Ասոցիացիայի անդամները նվիրում են ամենագեղեցիկ և փարթամ տոնածառn Ամերիկայի առաջին ընտանիքին: Այդ տոնածառն ամեն տարի դրվում է Սպիտակ Տան Կապույտ սենյակում:


Անշուշտ, վաղ տոնածառերն այսօրվա տոնածառերից տարբեր կերպ էին զարդարվում: Վաղ զարդարանքները սովորաբար ձեռքի աշխատանք էին կամ ուտելի: Ամենից շատ տարածված էին ընկուզեղենը, քաղցրավենիքը, մրգերը և գունավոր թղթից պատրաստված զարդարանքները: Այսօրվա տոնածառերը զարդարված են հիմնականում խանութներից գնված զարդարանքներով ու խաղալիքներով և ընտանեկան որոշ մասունքներով, մի քանի շարք լուսաշղթաներով` մոմերի փոխարեն: Սակայն անկախ այն բանից, թե ինչպես է տոնածառը զարդարված, այն խորհրդանշում է ընտանիքների Ս. Ծննդյան հավիտենական ավանդույթը` միասին հավաքվել, փոխանակել նվերներ և բարեմաղթանքներ:

  • 2021-08-09
×