Պայքար անարդարության ու անտարբերության դեմ

Պայքար անարդարության ու անտարբերության դեմ

«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանն է: «Զինվորի տուն»-ը օգնում է վիրավորում ստացած հայրենիքի պաշտպաններին: Աջակցում է նրանց վերականգնմանը, փորձում լուծել նրանց խնդիրները:

 

Անարդարության ու անտարբերության դեմ պայքարի իր ուղին

 

-Աստվածաշնչում գրված է՝ պայքարիր հանուն արդարության, և Տերը կպայքարի քեզ հետ: Ես հավատում էի այս խոսքերին: Մտածում էի, որ անարդարության դեմ մենակ չեն պայքարում, մեզ հետ է նաև Աստված: Այդ հավատն ինձ մղեց պայքարի: Իմ պայքարն անարդարության դեմ էր: Ես չէի մտածում, որ պետք է շուռ տամ աշխարհը, փոխեմ ամեն ինչ, չէի մտածում, որ պետք է ստեղծվի «Զինվորի տուն»-ը: Իմ նպատակը առավելագույն ջանքեր գործադրելն էր, որպեսզի կարողանանք վերացնել մեր երկրում, իմ կարծիքով, ամենաանարդար իրադրություններից մեկը: Մեր երկրում շատերն ունեն հաշմանդամություն, սակայն ես կցանկանայի խոսել նրանց մասին, ովքեր զինվորական ծառայության ընթացքում են այն ստացել: Հիմնականում մեծ մասը երիտասարդներ են, ում ծնողները դժվարությամբ են կարողանում պայքարել զավակների իրավունքների համար:

 

Փորձությունները հաղթահարվեցին հավատով, չհանձնվելու գիտակցմամբ



 

-Ես լրագրող էի ու ցանկանում էի զինվորներին անհատապես օգնել: «Զինվորի տուն» ունենալու գաղափարը Բժշկական համալսարանի այժմյան ռեկտոր Արմեն Մուրադյանինն էր, ում հետ միասին ենք սկսել այս գործունեությունը: Նա տարբեր երկրներում տեսել էր վիրավոր զինվորների համար նախատեսված վերականգնողական կենտրոններ: Ասում էր՝ Հայաստանն էլ պետք է ունենա նման կենտրոն: Երբ այս գործը սկսում էինք, հասկանում էի, որ մեծ պատասխանատվություն է:  Ինքս ինձ հարցնում էի՝ պատրա՞ստ եմ անցնել այդ ճանապարհն առանց տրտնջալու: Դա կարևոր նախապայման է: Երբ նախաձեռնում ես որևէ աշխատանք ու սկսում ես տրտնջալ, ոչինչ չի ստացվում: Եթե համառություն կա քո բնավորության մեջ, կարողանում ես գնալ առաջ: Ես չեմ հիշում՝ ինչպես անցան տարիները: Միայն հիշում եմ, որ թիմով գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատում էինք: Բոլորիս կյանքում միայն «Զինվորի տուն»-ն էր: Կային հազարավոր պատճառներ՝ ասելու՝ այլևս հնարավոր չէ: Հավատը թույլ չէր տալիս հուսահատվել:

 

Պայքարի արդյունքը

 

-Տարիների ընթացքում մենք կարողացանք ունենալ վերականգնողական բուժման ամբողջ շղթան: Ունենք պրոթեզավորման կենտրոն, վերականգնողական կենտրոն, սարքավորումներ, վիրաբուժական բաժին: Սա նաև հայ ժողովրդի ստեղծած կառույցն է: Ժողովրդի պայքարի մի դրվագն է, պետություն-հասարակություն համագործակցության լավագույն օրինակներից մեկը: Մեր շենքը բացառիկ է: Շատ երկրներում տեղի լավագույն շենքը իրենց երկրի պաշտպանության համար վիրավորված զինվորների համար է: Հայաստանը պետք է բացառություն չլիներ,  և այսօր, երբ տարբեր երկրների ղեկավարները գալիս են կենտրոն, տեսնում են՝ ինչպես է հայ ժողովուրդը, պետությունը վերաբերվում իր զինվորներին:
 

Մեր ծրագրերը շատ են: Կցանկանայինք ունենալ ջերմոցային տնտեսություն, որտեղ տղաները կաշխատեին: Պատրաստվում ենք նրանց համար սեփական տներ կառուցել:

 

Անտարբերության հետևանքները

 

-Ցավոք, մեր հասարակությունը պատերազմից պատերազմ է անդրադառնում տղաներին: Պատերազմից մի քանի տարի անց տղաներն իրենց խնդիրների հետ մնում են մենակ: Նրանց հանդեպ վերաբերմունքը շարունակում է մնալ անարդար: Մեր պայքարի նպատակը մարդկանց արթնացնելն է: Պետք է հասկանան, որ տղաների հետ պատահած դժբախտությունը կարող է լինել յուրաքանչյուր ընտանիքում: Եթե ցանկանում են, որ մի օր իրենց ընտանիքում նման իրադրության ժամանակ մենակ չլինեն, այսօր պետք է մենակ չթողնեն մյուսներին: Տղաների բոլոր խնդիրները լուծելու համար պետք է տրվեն ինստիտուցիոնալ լուծումներ: Մեր ջանքերն անընդհատ պիտի ներդնենք: Չպիտի ասենք՝ թող պետությունն անի, այս ֆոնդը, այն մեկը: Ամեն մեկը պատասխանատվությունն իր դաշտից մղում է այլ դաշտ: Արդյունքում՝ խնդիրները մնում են չլուծված: Դրա իրավունքը չունենք:

 

Շարունակելով երազել

 

-Ես շարունակում եմ երազել, որ ստեղծվի համակարգ, լինի համապատասխան օրենսդրություն, լինի պետություն, որոնք ամբողջապես համակարգված կլուծի զինհաշմանդամների խնդիրները:

 

Պատրաստեց Անի ԱՎԱԳՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան:

 
  • 2024-05-14
×