Հուշ-դիմանկար. Լուսինեի հավերժական լույսը

Հուշ-դիմանկար. Լուսինեի հավերժական լույսը

Տաք ու անմեռ մի հուշ է վաղուց ծվարել իմ հոգում: Հուշ, որ ժամանակ առ ժամանակ արթնանում, հառնում ու տանում է ինձ Սուրբ Էջմիածին: Այդ հուշին հավերժաշող երկու բառ է շաղախված՝ Լուսինե Զաքարյան…

 

Նա աշխարհ էր եկել իր աստվածապարգև ձայնով օծելու մեր սրբալույս նշխարները, նոր շունչ ու կենդանություն հաղորդելու հինավուրց վանքերին ու մատուռներին, խոնարհված եկեղեցիներին, ժանեկահյուս խաչքարերին ու մագաղաթյա ձեռագրերին… Նա ամբողջովին լույս էր՝ իր անվանը համահունչ լուսաշող էություն, ձայնի հզորությամբ՝ մի ամբողջ տիեզերք…

 

Ես հաճախ էի այցելում Սուրբ Էջմիածին՝ մասնակցելու կիրակնօրյա Պատարագներին: Խնկաբույր աղոթքներին միահյուսվում էր Լուսինեի հոգեպարար երգը, և Էջմիածնի Մայր Տաճարի հինավուրց որմերն արձագանքում էին նրա հոգեթով ձայնը…

 

Հիշում եմ, Պատարագը նոր էր ավարտվել: Լուսինեն դուրս եկավ Մայր Տաճարից: Մոտեցա նրան, ասացի՝ ուզում եմ զրուցել:

 

–Սիրո՛վ, սիրո՛վ,– ջերմորեն պատասխանեց երգչուհին,– բայց խաչքարի մոտ աղոթք անելուց հետո միայն:

 

Նա ծնկի էր եկել մամռապատ ու հնօրյա խաչքարի առջև, աղոթք էր մրմնջում առ Աստված: Նա զրուցում էր խաչքարի հետ, ականջալուր էր լինում խաչքարեր կերտող վարպետների ձայնին, նա խաչքարվում էր…

 

Այդ ոգեղեն պահը հավերժ դաջվեց իմ մտապատկերում: Կարճատև էր մեր շփումը, բայց ասես մի ամբողջ կյանք ճանաչել ու զրուցել էի նրա հետ: Երկրորդ անգամ նրան տեսա Ազգային ռադիոյի շենքում: Բարևեցի: Իսկույն հիշեց: Ասաց՝ եկել է ձայնագրության: Չէի ցանկանում խլել նրա ժամանակը, բայց մի քանի րոպե զրուցեցինք: Ամեն խոսքից լույս ու բարություն էր ճառագում: Նա եկել էր ձայնագրվելու և իր կատարումներով հարստացնելու ռադիոյի ձայնադարանի ոսկե շտեմարանը: Դա իմ երկրորդ և վերջին հանդիպումն էր Լուսինեի հետ…

 

…Մեր հանդիպումներից շատ տարիներ անց, երբ նա հրաժեշտ տվեց երկրային կյանքին, այցելեցի Սուրբ Գայանե վանք, որի բակում հանգչում է նրա աճյունը: Խոնարհվեցի Լուսինեի շիրիմին, մտաբերեցի նրա աղոթքը խաչքարի առջև, նաև՝ մեր տաք ու անմիջական զրույցները: Գայանե վանքի բակում մեր հանդիպումից ծնունդ առավ «Սուրբ-Սուրբ» թախծոտ բանաստեղծությունս, որը ձոն է Լուսինե Զաքարյանի անմեռ հիշատակին.

 

Սուրբ Էջմիածնի կամարների տակ

Վառվող մոմերի հեղեղ էր ոսկե,

Սուրբ Պատարագ էր` ամոքիչ ու տաք,

Ծխացող բուրվառ, աղոթքի խոսքերգ:

 

Խունկի բուրմունքով պարուրված վանքում

«Սուրբ-Սուրբ» էր երգում հրաշք մի աղջիկ,

Ու ծեր գմբեթն էր վեհ արձագանքում`

Ձուլվում էր ձայնը մեր նախնյաց կանչին:

 

Ինքը` լուսեղեն, անունը` լուսե,

Երգում էր ձայնով աստվածապարգև,

Երգից ծորում էր բարություն ու սեր,

Երգով էր օծվել վանքը ալեհեր:

 

Հինավուրց վանքի կամարների տակ

Աղոթք էր անում մի ողջ ժողովուրդ,

«Սուրբ-Սուրբ»-ն էր հնչում` ամոքիչ ու տաք`

Դարձած բալասան, օրհնանք ու խորհուրդ:

 

Ու երբ «Սուրբ-Սուրբ»-ի մեղեդին մարեց,

Մամռոտ խաչքարին հանդարտ մոտեցավ,

Լուռ խաչակնքեց ու աղոթք արեց...

Ինքն էլ խաչքարվեց ու հավերժացավ:

 

Լուսե աղջիկ էր, լուսե մի էակ,

Լուսե աչքերով ու հոգով լուսե,

Լույսերով ցողված նա աշխարհ եկավ`

Լույսով թողնելով անունն իր լուսե:

 

…Այո, իրենից հետո նա հավերժաշող լույս թողեց, որն ամոքիչ կանթեղ դարձավ մեր ժողովրդի անափ ու արնածոր վշտերին: Նրա անզուգական ձայնն այսօր էլ թրթռում է մեր ունկերում, հասնում Մասիսի ադամանդե գմբեթներին, նույնիսկ ավելի հեռու՝ Վան ու Վարագավանք, Աղթամար ու Վանա լիճ, Վարագասար ու Սիփան, մինչև հինավուրց Անի ու Սասնա աշխարհ՝ ջերմացնելով մեր պատմական հայրենիքի ավեր ու սրբալույս նշխարները…

 

Լուսինեին բարձր էին գնահատում ոչ միայն Վազգեն Վեհափառը և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասը, այլև պետական շատ այրեր: Մի առիթով, երբ Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին են ներկայացրել ժողովրդական արտիստի կոչում շնորհելու՝ արվեստի նշանավոր մարդկանց անունները, Դեմիրճյանը զարմանքով հարցրել է, թե ինչո՞ւ չկա Լուսինեի անունը: Ցուցակին ծանոթանալուց հետո նա ձեռքով ավելացրել է՝ Լուսինե Զաքարյան:

 

Այսպիսին էր հմայիչ ու անկրկնելի Լուսինեն՝ ամենուր սիրված ու գնահատված: Նա հայ հոգևոր երգարվեստի իսկական մշակ էր: Ինքնակիզվող սիրով էր սիրում իր հայրենիքը, անափ նվիրումով էր ծառայում իր ժողովրդին ու նրա հոգևոր երգարվեստին: Նա գնաց միանալու հրեշտակաց հավերժական երամին՝ իր անմար լույսը թողնելով Հայաստանին ու հայ ժողովրդին:

 

Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆ

 

  • 2024-05-20
×