Անձեր նվիրված Քրիստոսի սիրուն

Անձեր նվիրված Քրիստոսի սիրուն

Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր
 

Հայ Առաքելական Եկեղեցին Հոգեգալստյան տոնից հետո՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին հիշատակում է կույսերին, որոնք իրենց հավատքով, կամքով, հավատարմությամբ դարձան լուսավոր օրինակներ: Նախ հիշատակվում են Սուրբ Հռիփսիմյանք, հաջորդ օրը՝ Սուրբ Գայանյանք: Կույսերի անունները կրող վանքերում մատուցվում է Սուրբ Պատարագ:
 

Հայոց աշխարհում տարածվեց անուշաբույր յուղը
 

Աստծո հանդեպ անսահման սերն օգնեց, որ Սուրբ Հռիփսիմյանց կույսերը դիմակայեն բոլոր խոշտանգումներին: 
 

Պատմիչ Ագաթանգեղոսը գրում է, որ Հռոմի Դիոկղետիանոս կայսրը ցանկանում էր ամուսնանալ իր կայսրության ամենագեղեցիկ կույսի՝ Հռիփսիմեի հետ, որը շուրջ 300 կույսերի հետ աղոթական կյանքով ապրում էր Սուրբ Պողոսի վանքում: Նրանց մայրապետը Գայանեն էր` Հռիփսիմեի դաստիարակը: Իմանալով կայսեր մտադրության մասին` նրանք շուրջ 70 կույսերի ու քահանաների հետ գիշերով վանքից հեռանում են` հաստատվելով Հայաստանում: Կայսրը նամակով դիմում է հայոց թագավոր Տրդատ Գ-ին, որպեսզի հետ ուղարկի Հռիփսիմեին, կամ եթե աղջիկը Տրդատին դուր գա, կարող է հայոց արքան ամուսնանալ նրա հետ: Տրդատը գտնում է նրան ու որոշում ամուսնանալ, սակայն Հռիփսիմեն չի համաձայնում: Նրան չի համոզում անգամ դաստիարակը, հակառակը, քաջալերում է հաստատուն մնալ ու չփոխել երկնային երջանկությունը երկրային ժամանակավոր վայելքի հետ: 
 

«Այդ փխրուն կույսը՝ Հռիփսիմեն, տապալում է Տրդատին, արքային, որը հոմերի թագավորին էր հաղթել: Արքան այդ ամոթից հրաման է տալիս կոտորել կույսերին»,- նշում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:


 

Ըստ ավանդության՝ դաժան չարչարանքներից հետո նահատակվածների մարմինները մնում են անթաղ, սակայն ոչ մի գազան չի մոտենում: Անմեղ կույսերին սպանելուց հետո՝ արքան խելագարվում է, նրան բժշկելու համար Վիրապից դուրս են բերում Գրիգոր Լուսավորչին:  Լուսավորիչը նահատակների նշխարները հողին է հանձնում, այնուհետև` կառուցում վկայարաններ: Հետագայում, այդ վայրերում կառուցվում են Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Սուրբ Շողակաթ եկեղեցիները: 
 

Կույսերի նահատակությունը, հետագայում Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելքը  շրջադարձային նշանակություն ունեցան հայ ժողովրդի համար, նկատում է Տեր Շահեն, այդ իրադարձությունները դարձան նախահիմքը, որպեսզի Հայաստանում հաստատվի քրիստոնեությունը: 
 

«Հռիփսիմե կույսն այն աղավնին է, որ ձիթենյաց ճյուղը բերեց Նոյան Տապան: Նա կարծես հաստատեց նախաշավիղը Գրիգոր Լուսավորչի ելքի: Կույսերը կարծես այն անուշաբույր յուղն էին, որ տարածվեցին հայոց աշխարհում: Կույսերի կոտորումից հետո Տրդատը դարձավ խոզակերպ և Գրիգոր Լուսավորչի աղոթքներով վերադարձավ մարդկային կերպարանքի: Պետք է նշենք, որ կինը եղել է քրիստոնեության հիմքերը ամրացնող էակը»,- նշում է քահանան:
 

Հռիփսիմե կույսը և խոզ Տրդատը մեր ներսում
 

Պատահական չէ, որ այս իրադարձությունները տեղի են ունեցել հենց հայոց աշխարհում, նկատում է Տեր Շահեն. 
 

«Հայոց հողը սնվել է քրիստոնյա նահատակների արյունով: Սա այն վայրն էր, որտեղ պետք է ճգներ Լուսավորիչը, որտեղ Սուրբ տեսիլքով պետք է հաստատվեր Էջմիածինը, այն վայրը, որտեղ պետք է կառուցվեին վկայարանները: Հռիփսիմյանց կույսերի նահատակությունը դարձյալ հագեցրեց հայոց աշխարհը սրբերի արյունով, որպեսզի այն հարատևի, գոյատևի մինչև Քրիստոսի երկրորդ Գալուստը»:
 

Քահանան, ներկայացնելով պատմությունը, զուգահեռներ է անցկացնում մեր կյանքի հետ. 
 

«Մենք ունենք հոգի, ինչպես Հռիփսիմե կույսը՝ գեղեցիկ, աստվածանման: Մեր մեջ կա նաև խոզ Տրդատը, որը հպարտ է, ցանկասեր, մարմնասեր, փառասեր: Կա պայքար: Կարևոր է, որ Քրիստոս Իր զորությամբ գա Լուսավորչի կերպարանքով ու մեզ փրկի, բուժի, մենք մեր ներսում վերականգնենք այն վկայարանները, տաճարները, որ այսօր փառահեղ կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմածնում՝ 7-րդ դարից ի վեր»:
 

Թեև կույսերը հայեր չէին, սակայն կարևոր տեղ են գրավում հայ վկայաբանություններում, նրանց մասին գրել է նաև Մովսես Խորենացին: Մեզ են հասել արվեստի գործեր՝ նվիրված նրանց: Առաջինը Սուրբ Հռիփսիմյանց տաճարն է՝ հայ ճարատարապետության գլուխգործոցներից մեկը, մյուսը՝ «Անձիք նվիրյալք սիրույն Քրիստոսի» շարականը:
 

Անի Ավագյան

 
  • 2024-05-27
×