Նարեկացին և հնագույն հոգևոր երգերը

Նարեկացին և հնագույն հոգևոր երգերը

Մեր հարուստ գրականության ճոխ էջերից մեկն էլ կազմում են հոգևոր  երգերը, առանց որի պատկերացնել հայ գրականությունը անհնարին է: Հայ իրականության մեջ առաջին շարականագիրները համարվում են մեր մշակույթի մեծ երախտավորներ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը. «Նախ սուրբն Սահակ և սուրբն Մեսրոպ ասացին զուտն եղանակաւոր ձայնիսն, և երկու ձայն ստեղիս», «Շարական… Յորինեալ ի սուրբ թարգմանչացն մերոց և ի սրբոյ Շնորհալոյն և յայլոց սուրբ հարց և վարդապետաց…»: Սկզբնական շրջանում Հայ Եկեղեցում արարողությունները եղել են շատ պարզ ՝ գլխավորապես հիմնված Աստվածաշնչի վրա: Աստվածաշնչից հատկապես երգվել են սաղմոսները, Ավետարանից կարդացվել են հատվածներ: Բայց հետագայում, երբ կազմակերպվում և ամրապնդվում են եկեղեցիները և հովանավորվում են պետության կողմից, փոփոխություն են կրում նաև արարողությունները: Հատկապես, երբ եկեղեցին ազգայնանում է, ժամանակի հայ երևելիները այն տանում են այլ ուղղությամբ՝ հոգ տանելով, որ Հայ Եկեղեցին հնարավորին չափ տարբերվի մյուս ազգերի եկեղեցիներից: Ոչ միայն հավատի սաստկացման հետևանքով, ինչպես նշում է Մանուկ Աբեղյանը, այլև եկեղեցին հայացնելու ձգտման հետևանքով նոր երգերի պահանջ է զգացվում: Ինչպես նաև, երբ քրիստոնեական գաղափարները մարդկանց կողմից ընկալվում են, մարսվում, դառնում հարազատ ու սրտամոտ, մարդկանց մեջ այն երգելու, փառաբանելու պահանջ է զգացվում: Բանասիրության մեջ ընդունված է այն կարծիքը, թե Հայոց Եկեղեցու գործիչները նախ սկսում են թարգմանել և հետո միայն ինքնուրույնաբար ստեղծել նորանոր հոգևոր երգեր: Այստեղ պետք է նկատել, որ քրիստոնեությունը առաջին անգամ Հայաստանում ընդունվեց պետականորեն 301 թվականին: Հետևաբար, հույներից, ասորիներից առաջ հայ կրոնավորները ավելի հնարավորություն ունեին հոգևոր երգեր ստեղծել: Ուստի պետք է ոչ միայն խոսել մեր փոխառածների, կրած ազդեցությունների մասին, այլ՝ ճիշտ հակառակը: Մեր հոգևոր երգերը մեր հեռավոր նախնիների բյուրեղացած, անկեղծ զգացմունքների անաղարտ արտահայտություններն են: Դրանք քնարական գողտրիկ կտորներ են, օրհներգություններ, հիմներ, աղերսներ. «Հայցեմք ի քէն Տէր և փրկիչ՝ ամենողորմ և կեցուցիչ. Ողորմեա քո ստեղծուածոյս յուսով ի քեզ ննջեցելոյս…»: Իշխողը դավանաբանական ռետորիկան է: Միտքը ճնշում է: Զգացմունքը մղված է հետին պլանի վրա: Մտքի և զգացմունքի անհամաձայնություն, ուսուցողական, վարդապետական խրախույս, դատողական, խրատական շեշտ: Սա բացասական կողմն է: Բայց առկա է նաև դրականը: Ամենից առաջ շարականի սեռը քնարերգություն է: Իսկ քնարերգությունը ենթադրում է անհատի ենթակայական զգացմունքների միջոցով ընդհանուրի տրամադրությունների, խոհերի, զգացմունքների վերարտադրություն, ինչը բնորոշ է տվյալ ժամանակաշրջանին, տվյալ հասարակության, ընկերության և անհատին:

 

Մեր շարականների ճնշող մեծամասնությունը ստեղծագործվել է մինչ Գրիգոր Նարեկացին: Դրանց թիվը շատ է: Ստվար մի ժողովածու կկազմի, եթե հրատարակվի այսօր: Կրոնական այս երգերը ոչ միայն բավարարել են մարդկանց կրոնական, այլև ժամանակի մարդու գեղագիտական պահանջները, և բացի սրանից ունեցել են գործնական նշանակություն՝ ներազդել են ժամանակի կյանքի բոլոր փուլերի, հանգամանքների, մարդկանց բնավորության, նկարագրի, բարոյական ըմբռնումների վրա: Մարդը ծնվելու ուղեկցվում էր նման երգերի անվերջ կատարումով, մինչև մահվան օրը: Հները լավ էին հասկացել երգի, երաժշտության դրական դերը: Եթե երաժշտությունը, երգեցողությունը վերափոխում է, ազնվացնում մարդուն, հետևաբար այն պետք է լինի մարդու անբաժան ուղեկիցը:

 

Գրիգոր Նարեկացու վրա ամենից ավելի պետք է ազդեին կրոնական երգեցողությունը, արարողությունը, որոնք նրա մտքի հանապազօրյա հացն էին: Հոգևորականը օրվա ընթացքում ի պաշտոնե շուրջ վեց ժամ պետք է մասնակցեր երգեցողության: Եկեղեցին ամբարում էր իր մեջ տասնյակից ավելի արվեստներ ու արհեստներ՝ երաժշտություն, բանաստեղծություն, գրչության արվեստ, մագաղաթ պատրաստելու, գիրք կազմելու արհեստ, խոսելու, արտասանելու, քարոզելու արվեստ: Իսկ եթե սրան էլ ավելացնենք տոն օրերին գավառներից, տարբեր սովորություններով, բարբառներով, տարբեր տարազներով ու կենցաղով հազարավոր ուխտավորներ, որոնք շտապում էին Նարեկավանք՝ ժողովրդական երգ ու տաղով, զարմանահրաշ պատմություններով, որոնց հետ շփվում էր Նարեկացին: Հայոց Եկեղեցին արվեստների, գրականության, ազգային ավանդների, հայրենասիրության տուն էր: Նարեկացու գեղագիտական հայացքների ձևավորման համար պակաս նշանակություն չունեին այդ ամենը:

 

Անցման շրջանում, երբ քրիստոնյա քարոզիչները ոչնչացնում էին այն ամենը, ինչը հիշեցնում էր հին հավատալիքները, նման մարդիկ անգամ չէին կարողանում իրենց ստեղծագործությունները հեռու պահել հին մշակույթի ազդեցությունից: Գրիգոր Նարեկացին գրավոր և անգիր մինչև իր օրերը հասած հին բանահյուսության արժեքներից խուսափելու ոչ մի կարիք չուներ: Դրա լավագույն ապացույցը նրա տաղերն են, որոնց մեջ հանդիպում ենք ծավալվող լույսի, արևի, գարնան զարթոնքի, բնության զվարթ տեսարանների հմայիչ պատկերների: Հայ հին բանաստեղծության ազդեցության հետևանքով է, որ մի շարք շարականներ գրվում են համաչափ վանկերով ու հանգերով, ձգտում են գոյություն ունեցող գեղարվեստական որոշ կատեգորիայի. «Ով սքանչելի և տեսիլ ահավոր. զարարիչն երկնի և երկրի այսօր տեսաք ի խաչին. տեսեալ զտէրն ի խաչին. խաւարեցաւ արեգակն, և վարագոյր տաճարին ցելոյր վերուստ մինչ ի վայր…»: Սա պատմողական սեռի ստեղծագործություն է: Բանաստեղծական գյուտեր, հղացումներ չկան: Չկա բանաստեղծական երևակայություն: Պատմվում է պարզ, անկեղծ, անպաճույճ: Հեղինակը մտովի պատկերացնում է  Աստծուն խաչի վրա, որից տառապանք ու վիշտ է ապրում: Եվ նա իր վշտին հաղորդակից է դարձնում նաև բնությանը:

 

(շարունակելի)

 

Սասուն Վարդանյան, «Նարեկացին և հնագույն հոգևոր երգերը»,

անտիպ էջեր

Պատրաստեց Սիլվա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան 

 

  • 2024-05-29
×