Կյանքը՝ յուրահատուկ ժամանակահատված՝ նախապատրաստվելու Տիրոջ հետ հանդիպմանը

Կյանքը՝ յուրահատուկ ժամանակահատված՝ նախապատրաստվելու Տիրոջ հետ հանդիպմանը

Մենք արհամարհում, անտեսում կամ ըստ արժանվույն չենք գնահատում Աստծո կողմից մեզ տրված մեծ պարգևը՝ ժամանակը, կարծում է Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը՝ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը: 

 

Սոցիալական ցանցեր, էջեր, անօգտակար զբաղմունքներ, խոսակցություններ. հոգևորականը շարքն ամփոփում է՝ թանկ ժամանակը վատնում ենք: 

 

Ի՞նչ է ժամանակը՝ փիլիսոփաների խոսքով՝ ուսուցիչ, անշարժ հավիտենականության շարժվող կերպար։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Ոչինչ ավելի պատվական չէ, քան ժամանակը. դրա համար էլ պետք է այս կյանքի ժամանակը ի բարին օգտագործել, որովհետև այս ժամանակը ոչ ոք չի կարող վերստին ստանալ»:

 

Տեր Աշոտը ժամանակը մեկնաբանում է որպես՝ հավիտենականությունից պատառիկ, որ բաժին է ընկած մարդկանց։ 

 

«Ժամանակն Աստծո կողմից տրված պարգև է մարդկանց, որպեսզի սահմանափակի միջոցով մարդը հաղորդակից լինի անսահմանին, ինչպես օվկիանոսի մի կաթիլի համտեսումով հաղորդակից ենք լինում ամբողջ անծայրածիր օվկիանոսին: Ժամանակը պարգև է, որը հոգևոր կյանքում մեզ տալիս է չափի զգացողություն, որպեսզի մենք ժամանակի միջոցով չափենք մեր հիշողությունը, կառուցենք մեր կյանքը և դրանով չափենք մեր ապագա նպատակների իրագործումը»,- նշում է հոգևորականը:

 

Մարդը, որը չի գնահատում րոպեն, չի կարող գնահատել ժամը: Ով չի արժևորում ժամը, չի կարողանա արժևորել օրն ու այդպես նաև ողջ կյանքը, մինչդեռ Սուրբ Գիրքը պատգամում է՝ չվատնել թանկ ժամանակը:

 

«Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ապրելակերպի վրա. մի՛ ապրեք անմիտների պես, այլ իմաստունների։ Օգտագործե՛ք ժամանակը, որովհետև օրերը չար են»։ (Եփեսացիներին 5-15-16)

 

Կարող են լինել մարդիկ, որ փորձեն պահը պատկերացնել հավիտենականությունից կտրված, պահը դիտեն որպես զվարճությունների իրագործման հնարավորություն, դրա մեջ փորձեն գտնել իրենց երջանկությունը: Ապարդյուն փորձեր են, կարծում է Տեր Աշոտը, երբ անցնի պահը, կանցնի նաև ուրախությունը: 

 

«Մարդու ծնունդն այս աշխարհում պատահականության արդյունք չէ: Բարձրյալ Աստված, մարդուն աշխարհ ուղարկելով, հատուկ ակնկալություններ և նպատակներ ունի մարդու հետ, որ նա պետք է իրագործի՝ գտնելով իր կյանքի առաքելությունը, օգտագործելով իր կյանքի ժամանակը»,- նշում է հոգևորականը:

 

Ո՞րն է մեր առաքելությունը, ինչպե՞ս հասկանանք յուրաքանչյուրս: Ըստ քահանայի՝ մարդն իր կյանքի առաքելությունը գտնելու համար՝ պետք է ճանաչի Աստծուն ու Նրա մնայուն, հավիտենական գործերը, իր կյանքը զուգորդի և կապի այդ գործերին: Շատ կարևոր է, որ գիտակցենք յուրաքանչյուր պահի կարևորությունն ու այդ պահի մեջ տեսնենք Աստծո ներկայությունը:

 

«Մարդկային գործերն են իմաստ հաղորդում ժամանակին և գնահատելի դարձնում այն: Քրիստոնեական կյանքում  առաքինի գործերն են մարդու առ Աստված ունեցած հավատը լուսավորում: Մեր կյանքի առաքելությունն է, որ կարևորենք մեզ բաժին ընկած ժամանակը: Հնարավորինս խիտ կերպով այն լցնենք առաքինի, բարի, սուրբ գործերով»,- նշում է Տեր Աշոտը: 

 

Հավելում է. այսօր ամենամեծ մեղքերից մեկն այն է, որ պակասել է իրական աղոթասիրությունը, խոկումը, սա Աստծո գլխավոր պատվիրանի խախտում է, թե «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով»: Կյանքը յուրահատուկ ժամանակահատված է մեզ տրված՝ նախապատրաստվելու Աստծո հետ հանդիպմանը:  Ցավոք մարդը, հաճախ ժամանակ չի գտնում ժամանակը պարգևողի՝ Աստծո հետ հաղորդակից լինելու համար:

 

Անի Ավագյան

 
  • 2024-05-31
×