Ս. Ծննդյան տոնի համաշխարհային ավանդույթում հաճախ են գործածվում ծառեր, ճյուղեր կամ տերևներ` որպես կյանքի հնագույն խորհրդանիշներ: Օրինակ` արմավենու կանաչ ճյուղերը Հին Եգիպտոսում մահվան հանդեպ կյանքի հաղթանակի խորհրդանիշն են, ինչպես կանաչ տերևները` հին հռոմեացիների մոտ Սատուրն աստծուն նվիրված ձմեռային տոնի, ոսկե խնձորներով զարդարված կաղնու ճյուղերը` դրուիդների մոտ ձմեռային արևադարձի տոնի: Սկանդինավյան մշակույթում կա հետաքրքիր ավանդույթ` «տոնածառ թռչունների համար»: Ս. Ծննդյան տոնին կամ նախօրեին թռչունների համար դուրս են տանում սերմեր կամ հացի փշրանքներ: Դա նախանշան է, որ նոր տարին հաջող կլինի: Բնականաբար, մշտադալար ծառն իր կենսահաստատուն տեսքով առավել է համապատասխանում մահվան հանդեպ կյանքի հաղթանակի գաղափարին:
Եղևնու հայտնվելու պատմությունը
Եվրոպայում Ս. Ծննդյան տոնի ծառն իր անմիջական նախորդն ունի: Դա փայտե կառույց էր` բուրգի տեսքով, որի վրա կախված էին բուսականություն և զարդարանքներ: Նվերները կամ քաղցրավենիքը դրվում էին բուրգի դարակներին: Մինչև տոնածառի հայտնվելը նման բուրգը Գերմանիայում և Հյուսիսային Եվրոպայում համարվում էր Ս. Ծննդյան տոնի գլխավոր զարդը:
Ս. Ծննդյան տոնածառի մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 16-րդ դարին: Օրինակ, 1561 թվականին թվագրված գերմանական աղբյուրում ասվում է, որ Ս. Ծննդյան տոնին տանը չի կարող լինել մեկից ավելի տոնածառ: 17-րդ դարում արդեն տոնածառը Գերմանիայում և Սկանդինավյան երկրներում դարձավ Ս. Ծննդյան տոնի առաջին ատրիբուտը: Ս. Ծննդյան տոնածառն Ամերիկա տարան գերմանացի վերաբնակիչները, ինչպես նաև հանուն անկախության պատերազմին մասնակից վարձկանները:
16-րդ դարում Գերմանիայում տոնածառը զարդարում էին փոքրիկ ֆիգուրներով և գունավոր թղթերից կտրատված ծաղիկներով, խնձորներով, վաֆլիներով, ոսկեզօծ առարկաներով, շաքարով: Ընդհանրապես, տոնածառը զարդարելու ավանդույթը կապված է դրախտի` խնձորներով զարդարուն ծառի հետ: Տոնածառի հաջողությունը բողոքական երկրներում ավելի մեծ էր` շնորհիվ լեգենդի այն մասին, որ Մարթին Լյութերն առաջինն էր մտածել տոնածառի վրա մոմեր վառել: Մոմերի փոխարեն էլեկտրական լուսաշղթաների կիրառման գաղափարն անգլիացի հեռախոսավար Ռալֆ Մորիսինն է: Մինչ այդ էլեկտրական լամպերն արդեն կիրառվում էին հեռախոսային բաշխիչ վահանակներում, իսկ Մորիսը մտահղացավ դրանք կախել տոնածառի վրա: Էլեկտրական լուսաշղթաներով առաջին տոնածառերը հայտնվեցին Ֆինլանդիայում 1906 թվականին:
Քանի որ առաջին տոնածառերը զարդարված էին բնական ծաղիկներով և մրգերով, իսկ ավելի ուշ ավելացան քաղցրավենիք, ընկույզ և տոնական մոմեր, ապա նման բեռն անշուշտ ծանր էր ծառի համար: Դրա համար էլ գերմանացի ապակի փչող բանվորները սկսեցին արտադրել սնամեջ ապակե խաղալիքներ տոնածառի համար` փոխարինելու մրգերին և այլ ծանր զարդարանքներին:
Ս. Ծննդյան տոնածառի պատմությունը Ռուսաստանում
Ռուսաստանում առաջին տոնածառը հայտնվեց 1700 թվականի նախաշեմին: Մայրաքաղաքն այն ժամանակ դեռևս Մոսկվան էր: Պյոտր Մեծի հրամանով գլխավոր հրապարակներում գիշերները կրակ էին վառում ձյութի տակառներում, կազմակերպում էին հրավառություն, տներից գալիս էր ձյութի և եղևնու ճյուղերի հոտ: Պյոտրի դուստրը` Ելիզավետա կայսրուհին, նույնպես սիրում էր պալատում ճոխ տոնածառ դնել, հանդիսություն կազմակերպել:
Իսկ Պետերբուրգի տներում Ս. Ծննդյան տոնը տոնածառով դիմավորում էին միայն բազմաթիվ արհեստագործ բողոքականները, ովքեր եկել էին Գերմանիայից և տեղավորվել Վասիլևյան կղզում: Սակայն պետերբուրգյան ընտանիքներն էլ աստիճանաբար սկսեցին ընդօրինակել եվրոպական այդ ավանդույթը: Իսկ 19-րդ դարի վերջում այդ ավանդույթը կար արդեն շատ գյուղական տներում:
Հեղափոխությունից հետո ավանդույթը ժամանակավորապես կասեցվեց: Իշխանությունները որոշեցին, որ զարդարված տոնածառը կրոնական Ս. Ծննդյան տոնի ատրիբուտն ունի, հետևաբար դրա դեմ պետք է պայքարել: Դրա համար էլ տոնածառերը մինչև 1935թ. պաշտոնապես արգելվեցին: Սակայն հետո ավանդույթը կրկին հաղթեց: Իսկ 1947թ. հունվարի 1-ը դարձավ «օրացույցի կարմիր օր», այսինքն` ոչ աշխատանքային: