Պատասխանատվության հիմքում սերն է

Պատասխանատվության հիմքում սերն է

Պատասխանատվություն, ինչո՞ւ է կարևոր, որ յուրաքանչյուրս այն ստանձնենք, ինչո՞ւ ենք խուսափում: Մեր զրուցակցի՝ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանի խոսքով՝ կյանքը՝ առանց պատասխանատվության ու սիրո անհնար է պատկերացնել:

 

Պատասխանատվությունը և սերը

 

-Մենք ունենք պատասխանատվություն մեր ծնողների, ընտանիքի, երեխաների, հարազատների, հայրենիքի նկատմամբ, սակայն այն չենք կարող լիարժեք ստանձնել, եթե այդ ամենի հիմքում սեր չկա: Պատասխանատվության հիմքում կատարյալ սերն է:

 

 Պատասխանատվությունը և ընտանիքը

 

-Միմյանց նկատմամբ սիրո, հոգատարության մթնոլորտում է ձևավորվում ընտանեական պատասխանատվությունը, այսինքն` յուրաքանչյուր հարցում միմյանց օգնելը, աջակցելը, խնամակալ լինելը, ծառայելը: Մարդը չի ծնվում պատասխանատվության զգացումով: Այն առաջանում է դաստիարակության միջոցով: Ընտանիքում երեխաները սովորում են՝ ինչն է կարևոր, ինչ պարտականություններ ունեն, ինչ պատասխանատվություն են կրում ընտանիքի անդամների, հասարակության, ազգի, հայրենիքի նկատմամբ: Երեխաները, ընտանիքում տեսնելով հոգատարություն, հարգանք, սեր, խնամք, նույն կերպ դաստիարակվում են: Այդպես այդ ընտանիքների միջոցով ձևավորվում է մեր հայրենիքը:

 

Պատասխանատվությունը և հայրենիքը

 

-Ցանկացած մարդ, լինելով իր ազգային տեսակի, էթնոսի կրողը, ունի պարտականություն՝ անելու առավելագույնը՝ պահպանելու իր նախնյաց ժառանգությունը և այն փոխանցելու եկող սերունդներին: Վերջին տարիներին ունեցանք օրինակներ, երբ շատ հայրենասերներ, հայրենիքի նկատմամբ խորը պատասխանատվության զգացումով, նաև կամավոր մասնակցեցին պատերազմի: Նրանք պատասխանատու էին այն ժառանգության համար, որ ստացել էին նախնիներից և ունեին այդ հանձնառությունը՝ ժառանգությունը փոխանցելու: Սա հայրենիքի նկատմամբ պատասխանատվության ամենացայտուն դրսևորումներից է: Տարրական օրինակներ կան: Պարտականություններ ունենք մեր հայրենիքի մաքրությունը ապահովելու, մարդկանց նկատմամբ հարգալից, ներողամիտ լինելու, զիջելու, օգնելու: 

 

Պատասխանատվությունը և հոգևոր կյանքը 

 

-Առանց պատասխանտվության քրիստոնեություն չկա։ Յուրաքանչյուրս պատասխանատվություն ենք կրում միմյանց համար, Տիրոջ առաջ՝ մեր հոգիները մաքուր, ջինջ պահելու, ապրելու Աստծու պատգամների, պատվիրանների համաձայն: Աստված մեզ պատգամեց հոգ տանել մեր հոգիների համար: Աստված էլ պատասխանատու է մեզ համար։ Այն արտահայտվել է մարդուն օգնելով, խնամելով, հոգ տանելով, որ վերջինս ընթանա լուսավոր ճանապարհով: 

 

Ինչո՞ւ ենք խուսափում

 

-Երբեմն երբ գալիս է անհրաժեշտ պահը, որոշ մարդիկ խուսափում են քայլ կատարելուց, վախենում են ստանձնել պատասխանատվություն: Ցանկացած պարագայում վախը թերահավատության արդյունք է: Նշանակում է՝ հավատքը լիարժեք չէ դեպի Տերը: Պատասխանատվություն ստանձնելու համար՝ մարդուն անհրաժեշտ է ամուր հավատք։ 

 

Պատասխանատվությունը և կրկին սերը

 

-Մարդը՝ առանց մյուսների նկատմամբ սիրո, պատասխանատվության ապրել չի կարող: Անգամ կենդանիներն են միմյանց մասին հոգ տանում։ Դժվար է բնութագրել նման մարդու, որն ապրում է առանց այդ զգացողության ու անհրաժեշտ պահին վախենում է, խուսափում իր պարտականությունը կատարել։ Կյանքը՝ առանց պատասխանատվության վերածվում է անբացատրելի, անհասկանալի, անիմաստ ժամանակահատվածի: Մարդը շեղվում է այն ճանապարհից, որը տանում է դեպի փրկություն: Մենք աղոթք ենք անում ոչ միայն մեր, այլև մեր հարազատների համար, քանի որ փրկությունը ևս ենթադրում է պատասխանատվության զգացում, և հիմքում սերն է:

 

Պատրաստեց Անի Ավագյանը

 
  • 2024-06-06
×