Հոգացե՛ք, սիրելինե՛րս, իմանալու համար, թե ինչ է Աստծո սերը։ Մեծագույն գործ է, և չկա այլ բան, որ մեզ համար այդքան օգտակար լինի: Ամեն ինչի պատճառը սերն է, և առավել սերն այն է, երբ մարդիկ բարերարության են արժանանում, այնպիսի բարերարության, որ երբեք չեն ունեցել: Մե՛նք էլ նմանվենք Նրան։ Թշնամիների հանդեպ բարիք գործենք, սիրենք մեզ ատողներին, դա է մեզ նմանեցնում Աստծուն։ Եթե բարեկամներին եք սիրում, ասում է, ի՞նչ եք շահում, հեթանոսներն էլ են այդպես վարվում։ Այլ սիրո նշանն այն է, երբ քեզ ատողներին ես սիրում։
Երանելի Մովսեսը թողեց արքունի փափկությունները, փառավորությունը և հանձն առավ իսրայելացիների հետ նրանց վիշտը կիսել։ Նա ազգականների համար բարկացավ, վրեժ լուծեց և անձը փորձանքի ենթարկեց հանուն նրանց։ Սակայն բազում անգամներ արհամարհվեց նրանց կողմից։ Ասում էին՝ ո՞վ է քեզ իշխան և դատավոր կարգել մեզ վրա։ Բայց քանի որ ազգականներն էին, ներողամտությամբ էր վերաբերվում նրանց։ Եվ հետո, երբ հրաման ստացավ գնալ արհամարհողների և ապերախտների հետ, չհապաղեց։ Այդքան նշաններից և հրաշքներից հետո շատ անգամներ մտածում էին քարկոծել նրան։ Մովսեսն այսքանից հետո Աստծուն ասաց. «Եթե ներելու ես իրենց մեղքերը, ներիր, իսկ եթե չես ներելու, ուրեմն իմ անունը ջնջի՛ր քո մատյաններից, ուր գրել ես ինձ» (Ելք 32։31-32):
Նաև Տիրոջից պիտի օրինակ բերեմ, որ Ինքն էլ Հոր մասին ասում էր. «Նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա» (Մատթեոս 5։45)։ Նա Իր Հորն է օրինակ բերում, իսկ մենք՝ Քրիստոսին։ Նրանց համար եկավ, ծառա եղավ, խոնարհեցրեց Իր անձը, ունայնացրեց, ծառայի կերպարանք առավ։ Եվ երբ եկավ՝ շրջում ու բժշկում էր բոլորի ցավերն ու հիվանդությունները։ Բոլորը զարմանում և հիանում էին ու ասում, թե որտեղի՞ց սրան այս ամենը։ Եվ ովքեր շնորհն ընդունում էին, հայհոյում էին և ասում, թե մոլորեցնող է։ Մի՞թե երբևէ մերժեց նրանց, ո՛չ, երբե՛ք։ Այլ թեև այս ամենը լսում էր, առավել ևս բազմացնում էր շնորհները և Ինքն էր գնում նրանց մոտ, որ խաչ բարձրացնեն, որպեսզի ինչ ձևով էլ լինի, միայն փրկի նրանց։ Եվ խաչափայտի վրա աղոթում էր Հորը՝ ասելով. «Հա՛յր, սա մեղք մի՛ համարիր սրանց»։
Պողոսն էլ քարկոծվեց նրանց կողմից, բազմաթիվ չարչարանքների ենթարկվեց, սակայն նրանց համար փրկության բազում միջոցներ էր մտածում։ Լսի՛ր, թե ինչ էր ասում. «Իմ սրտի փափագը և աղոթքը առ Աստված նրանց փրկության համար են» (Հռոմեացիս 10։1), և նորից. «Վկայում եմ նրանց համար, թե նախանձախնդրություն ունեն Աստծո հանդեպ» (Հռոմեացիս 10։2), և նորից, թե. «Դու, որ ի բնե վայրի ձիթենուց կտրվեցիր, և քո բնությանը հակառակ, բարի ձիթենու վրա պատվաստվեցիր, որչափ ևս առավել նրանք, որ բուն իսկ ճյուղերն են, կպատվաստվեն իրենց ձիթենու վրա» (Հռոմեացիս 11։24)։ Արդ, որքան գութ կա այս ամենի մեջ, որքան խնամակալություն։
Այս ամենն իմանալով՝ միմյանց հանդեպ սեր հաստատենք, որպեսզի ճշմարտությամբ տնկենք այն մեր մեջ և հասնենք խոստացված բարիքներին Քրիստոս Հիսուսի՝ մեր Տիրոջ միջոցով, որի հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։