Խավար իրականության մեջ պետք է տարածվի լույսը, ամրապնդվեն քրիստոնեական արժեքները
Խավար իրականության մեջ պետք է տարածվի լույսը, ամրապնդվեն քրիստոնեական արժեքները
Գյուտ նշխարաց
Հոգեգալստյան տոնի երրորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Գրիգոր Լուսավորիչի նշխարների գյուտի տոնը:
Սրբազան ավանդությունը փոխանցում է…
Գրիգոր Լուսավորչի առաքելությանը չխոչընդոտեցին ո՛չ ծանր ու դժվարին փորձությունները, ո՛չ տառապանքները: Ինչպես նշում է Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը, հայոց առաջին հայրապետը կարողացավ լուսավորել. «Աստծո խոսքը տարածել մի իրականությունում, որտեղ մարդիկ պարուրված էին խավարային մտքով»:
Սրբազան ավանդությունը փոխանցում է, որ Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիները անցկացնում է՝ ճգնելով Սեպուհ լեռան Մանյա քարայրում, որտեղ էլ մահանում է: Մահվան հանգամանքներն անհայտ են: Քարայրը կոչվում էր Մանյա, քանի որ այնտեղ ժամանակին բնակվում էր Սուրբ Հռիփսիմյանց կույսերից Մանեն:
Սրբի մահվանից հետո հովիվները գտնում են Լուսավորչի մարմինն ու ծածկում քարերի տակ, քանի որ չէին ճանաչել հայրապետին: Տարիներ հետո Բասենցի Գառնիկ ճգնավորի տեսիլքով հայտնվում է թաղման վայրը: Նշխարները փոխադրվում ու ամփոփվում են Դարանաղյաց գավառի Թորդան ավանում: Հետագայում այդ վայրում կանգնեցվում է վկայարան: Ժամանակի ընթացքում Լուսավորչի նշխարները տարվել են աշխարհի տարբեր կետեր, հասել Իտալիա, այն ժամանակ Բյուզանդիա:
Այսօր էլ Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են, նշում է Տեր Հրաչյան: Լուսավորչի Սուրբ Աջը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այն Հայ Եկեղեցու կարևոր սրբություններից է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը: Հոգևորականը հորդորում է մարդկանց արժանվույն գնահատել հայոց հայրապետին՝ հայոց աշխարհում քրիստոնեական լույսի աղբյուրին:
«Այսօր տեսնում ենք, որ կասկածի տակ են դրվում շատ իրողություններ, սա չարի աներևույթ ներգործությունն է: Չարի ցանկությունն այն է, որ մարդուն բերի միտք, որ այն ամենը, ինչ ժառանգել ենք, անիրական է»,- նշում է քահահան:
Օրինակ՝ իր կերպարով, վարքով, առաքելությամբ, նվիրվածությամբ
Հոգևորականը հիշեցնում է՝ քրիստոնյա ժողովուրդը չպետք է մոռանա իր քրիստոնեական արժեքները.
«Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ Նշխարաց տոնին խնդրենք սրբի բարեխոսությունը, որ մեր քրիստոնյա աշխարհի մեջ Աստծո լույսը առավել տարածվի և քրիստոնեական արժեքները հիմնավոր ամրապնդված լինեն այս խավար իրականության մեջ, որը մեզ՝ քրիստոնյաներիս տանում է մղելու բարի պատերազմ, ինչպես ժամանակին պայքարում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը»:
Քահանան հույս է հայտնում, որ մեր երկրում չի ուշանա հոգևոր կյանքի վերազարթոնքը, իսկ Լուսավորչի վարքը մեզ համար կլինի ուսանելի․
«Գրիգոր Լուսավորիչն իր կերպարով, կեցվածքով, վարքով, առաքելության մեջ նվիրվածությամբ, օրինակ է մեզ համար։ Մենք ասում ենք, որ առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, սակայն լավ կլինի, որ առաջինը լինենք նաև քրիստոնեական արժեքների պահպանմամբ: Լինենք մեր հոգևոր հայրերի հավատարիմ զավակները»:
Օրվա առիթով Հայ Եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տոնն ունի նաև իր նախատոնակը: