Հայերեն առաջին նախադասությունը գրվեց աստվածաշնչյան բառերով. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս յանճարոյ»: 405 թվականին տեղի ունեցավ հայոց պատմության ամենանշանակալի իրադարձությունը՝ ստեղծվեց հայկական գիրը, հետագայում թարգմանվեց Աստծո խոսքը, Աստված խոսեց հայերեն։
Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցում Սուրբ թարգմանիչները հիշատակվում են երկու անգամ:
Թարգմանիչների շնորհիվ հայ ժողովրդը խոսեց Աստծո հետ իր լեզվով
Ըստ ավանդության՝ հայկական տառերը ծնվեցին աստվածային տեսիլքից։ Ժամանակին Սուրբ Մեսրոպ վարդապետը Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ, Վռամշապուհ արքայի աջակցությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը։
Մեսրոպ Մաշտոցը աշակերտների հետ մեկնեց Եդեսիա, Ամիդ, որտեղ աստվածային զորությամբ հղացան հայոց տառերը և Սամոսատում հույն գրչի՝ Հռոփանոսի օգնությամբ ձևավորվեցին վերջնական:
Իրադարձությունը մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Գրերի ստեղծումից առաջ հայերը շփվում էին այլ լեզուներով, քրիստոնեական գիտելիքներ կարող էին ստանալ կամ ասորերենով կամ հունարենով: Դա թույլ չէր տալիս, որ քրիստոնեությունը տարածվի հայ ժողովրդի մեջ լիարժեքորեն, ընդգծում է Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվը՝ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը.
«Սուրբ Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը վերափոխեցին հայ ժողովրդի հոգևոր կյանքը: Երբ եղավ գրերի գյուտը, Աստվածաշունչը թարգմանվեց, սկիզբ դրվեց թարգմանական գործին: Սուրբ թարգմանիչների շնորհիվ հայ ժողովուրդը խոսեց Աստծո հետ, հասկացավ Աստծո խոսքը»:
Սուրբ Սահակն ու Սուրբ Մեսրոպը Աստվածաշնչի թարգմանությունը կատարեցին կատարյալ: Այն դարեր հետո կոչվեց՝ «Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»:
Սահակ Պարթև Հայրապետը՝ Ներսես Մեծ կաթողիկոսի որդին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձավ հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիրը:
Տեր Բարդուղիմեոսի խոսքով՝ գրերի գյուտը բեկումնային էր հայ ժողովրդի ոչ միայն հոգևոր նաև մշակութային կյանքի համար: Պատմական իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան մեծ ազդեցություն են ունեցել հոգևորականները նաև ազգային մշակույթի զարգացման գործում:
«Հայ ժողովուրդը գրեց իր մայրենի լեզվով, սա ոչ միայն հոգևոր զարթոնք էր, նաև ուներ ազգային նշանակություն: Սկսեց թարգմանվել ոչ միայն հոգևոր գրականություն: Գրերի գյուտի շնորհիվ մարդիկ սկսեցին զբաղվել գիտությամբ: Կարևոր ձեռքբերում է 7-րդ դարում զբաղվել աշխարհագրությամբ: Հետագայում ձևավորվեց հայ գրականությունը, բանահյուսությունը»,- հիշեցնում է քահանան:
Հոգևորականի խոսքով՝ Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնը առիթ է ոչ միայն հիշատակելու պատմական տարեթիվն ու ավանդությունը, այլև տոնը մեզ հնարավորություն է տալիս վերարժևորելու մեր ժառանգությունը: Յուրաքանչյուր տոն մեզ հրավիրում է վերափոխման: