Լսե՛նք աստվածային կանչը

Լսե՛նք աստվածային կանչը

Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օր

 

Հայոց Տրդատ արքան աշխարհում առաջինն էր, որ քրիստոնեությունն ընդունեց պետական կրոն: Պատմությունը նրա անվան կողքին հիշատակում է նաև Աշխեն թագուհուն և Խոսրովիդուխտ կույսին: Հայ Առաքելական Եկեղեցին նրանց հիշատակը տոնում է միասին: 

 

Կարևոր է ոչ միայն պատմական իրադարձությունը հիշատակել նաև հետևել օրվա խորհրդին: Ըստ Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանի՝ տոնը պատգամում է լսել աստվածային հրավերը, կանչը, որ կարողանանք մասնակցել երկնային հարսանիքին:



 

Հեթանոսական խավարից դեպի լույս

 

Պատմիչ Ագաթանգեղոսը գրում է, որ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուն նախորդել են Սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի նահատակությունը, Տրդատ Գ արքայի հիվանդությունը, Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից ելքը: Վերջին հարցով կարևոր դեր է ունեցել արքայի քույրը՝ Խոսրովիդուխտը: Հայտնի է, որ նա ապրել է Վաղարշապատում՝ կուսական կյանքով: 

 

Պատմիչը ներկայացնում է, որ անմեղ կույսերին սպանելուց հետո` հայոց արքան հիվանդանում է, կորցնում մարդկային կերպարանքը: Արքայի փրկության ելքի մասին հայտնում է թագավորի քույրը: Նա մի քանի անգամ երազ է տեսնում. Աստծո հրեշտակը ասում է՝ Տրդատը միայն Գրիգորի ձեռքով կարող է փրկվել: Ի վերջո Խորովիդուխտի շնորհիվ՝ Լուսավորիչը դուրս է գալիս ստորգետնյա զնդանից ու բժշկում հիվանդներին, քարոզում է քրիստոնեություն ու դառնում հայոց առաջին հայրապետը: Պատմական որոշ դրվագներում արքայի քրոջ հետ միասին նշվում է Աշխեն թագուհու անունը: Նրանք մասնակցում են նահատակված կույսերի մարմինները ամփոփելու գործին: Կեսարիայի արքեպիսկոպոսին ուղված նամակում Տրդատի անվան հետ նշվում են նաև նրանց անունները, ինչը նշանակում է, որ թագուհին և կույսը ունեցել են իրենց դերը Լուսավորչի՝ հայոց քահանայապետության համար Կեսարիա ուղարկվելու գործում: Երբ հայրապետը վերադառնում է Կեսարիայից, Աշխենն ու Խոսրովիդուխտը ևս ընդառաջ են գնում նրան ու մկրտվում՝ դառնալով քրիստոնյա:  
 

Սրբերի կյանքը՝ ուսուցանող օրինակ մեզ համար
 

Տրդատ թագավորը, Աշխեն թագուհին և Խոսրովիդուխտ կույսը պատմական կարևոր դերակատարներից են, որոնց միջոցով հայոց ազգը ապրել է իր մեծագույն դարձը, հեթանոսական խավարից տեղափոխվել դեպի լույս: Ըստ Տեր Արսենի՝ նրանց կյանքը բարի օրինակ է մեզ  համար: 
 

«Մարդ արարածը կարող է իր կյանքում սխալներ, մեղքեր գործել, ապրել ոչ աստվածահաճո կյանքով, բայց ի վերջո կարող է լսել Աստծո կանչը, հնազանդվել Աստծո կամքին, զղջումի ու ապաշխարության ճանապարհով վերադառնալ դեպի Աստված, հոգու, սրտի, մտքի մեջ վառել աստվածգիտության լույսը և այն տարածել»,- նշում է Տեր Արսենը:


Հայոց Տրդատ արքայի հրամանով սոսկալի չարչարանքների ենթարկվեցին, նահատակվեցին քրիստոնյաներ, սակայն արքան ի վերջո զղջաց, գտավ ճիշտ ճանապարհը և օժանդակեց, որ հայոց աշխարհում տարածվի Քրիստոսի լույսը: 


«Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ իր առաքելությունն է՝ զղջալ, դարձի գալ, կյանքը ապրել Աստծո հետ միասին՝ ինքնամաքրման ճանապարհով, մկրտությամբ, աստվածային լույսը, շնորհները ստանալու ճանապարհով, պետք է կարողանալ այդ լույսը, շնորհները դարձնել պտղաբեր, ինչպես պատվիրում է Տեր Հիսուս Քրիստոս»,- նշում է հոգևորականը:


Տեր Արսենը հավելում է՝ այդ ժամանակ արքայի օժանդակությունը շատ կարևոր էր, որպեսզի Լուսավորիչը կարողանար քրիստոնեություն տարածել: 


«Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա լսել այդ ձայնը՝ վերադառնալու դեպի Աստված, դեպի իր Արարիչը: Սրբերի կյանքը մեզ համար ուսուցանող է, մեզ գալիս է փաստելու, որ նրանք կարողացան ճանաչել Աստծուն, կարողացան իրենց հոգու և սրտի մեջ կրել կենդանի Աստծո ներկայությունը, այն պատճառով ցանկություն ունեին լսելու այդ աստվածային հրավերը, ցանկություն ունեին իրենց կյանքը ապրել Աստծո օրհնության, կամքի և սիրո մեջ»:  


Հոգևորականը հորդորում է, որ մեր քայլերով իրապես դառնանք Քրիստոսի հետևորդները, իրական հավատի կրողներ և ընթանանք լուսավոր ճանապարհով: 


Անի Ավագյան

  • 2024-06-21
×