«Աղոթքը ճանապարհ է մեր հոգու փրկության համար». ասում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Աստված ամեն բան գիտի, նույնիսկ այն, ինչ մեր մտքում է, սակայն մեզ համար, մեր հոգու ներդաշնակության համար ամենօրյա աղոթքը անհրաժեշություն է։ Բացակայության դեպքում մենք դառնում ենք վշտացած, անհանդուրժող, անհամբեր։ Երկար շարքը կարճ ամփոփում է․ «Ոչ երջանիկ կյանք է՝ առանց աղոթքի կյանքը: Երբ մարդ աղոթում է, նաև ներում է, սիրում է, համբերում է: Աղոթքը կարծես նախադուռ լինի բոլոր առաքինությունների»։
Երբեմն հարցնում են ՝ ինչպե՞ս հաղորդակցվել Տիրոջ հետ, որ մեր խոսքը լսելի լինի, կա՞ հատուկ բանաձև: Նման հարց նաև առաքյալները տվեցին Քրիստոսին, խնդրեցին. «Տե՛ր, մեզ աղոթե՛լ սովորեցրու» (Ղուկ. 11.1): Աստծո որդին սովորեցրեց «Հայր Մեր»-ը:
Քահանան, ներկայացնելով Տերունական աղոթքի կառուցվածքը, բացատրում է՝ նախ նշվում է Աստծո կամքի իրագործման, Տիրոջ թագավորության գալուստի մասին, հետո անցում կատարվում երկրային, նյութական իրողություններին` հանապազօրյա հացի, մեղքերի ներման, փորձություններից հեռու մնալու խնդրանքներին: Աղոթքը ցույց է տալիս, թե որոնք պիտի լինեն հավատացյալի կյանքում մտահոգությունների առաջնահերթությունները: Երբեմն մարդիկ Աստծո հետ հաղորդակցությունը վերածում են առևտրի: Տեր Շահեն հիշեցնում է՝ աղոթքի նպատակը Տիրոջ հետ հաղորդակցությունն է մեր հոգու փրկության համար, իսկ Աստծուն պետք է սիրտ:
«Շատ քիչ բան է պետք փրկվելու համար, բայց մենք բարդացնում ենք, որովհետև մոռանում ենք մեր Արարչին»,- նկատում է քահանան:
Եթե չենք հասկանում բառերի նշանակությունը կարո՞ղ ենք աղոթել կամ մասնակցել ծիսական արարողություններին։ Քահանայի խոսքով՝ անհնար է միանգամից լիովին հասկանալ ամեն բան: Տարիների ընթացքում է մարդ կարողանում բացահայտել, գտնել իր հարցերի պատասխանները։ Դրանք ստանալու համար՝ կարևորում է ժամերգություններին, եկեղեցու գլխավոր ծիսական արարողությանը՝ Սուրբ Պատարագի խորհրդին մասնակցությունը և միասնական աղոթքը․
«Ներանձնական աղոթք անելիս զբաղվում ենք մեր հոգու շինությամբ։ Ընդհանրական աղոթքի գերխնդիրը համատիեզերական փրկությունն է, որովհետև այդտեղ տարերքներն անգամ ենթարկվում են աղոթքին, ուր մնաց մեր հոգին, սիրտը, միտքը։ Մենք դառնում ենք հրեշտականման, աստվածանման»:
Այսպիսով՝ կարևոր է ոչ միայն աղոթական կյանքը, այլև մասնակցությունը Սուրբ Պատարագին՝ Տիրոջ հետ հանդիմանը՝ ընդունելով Սուրբ Հաղորդությունը և թույլ տալով, որ այն ներգործի մեր մեջ: