Ճանապարհորդություն Կոմիտասի հետ՝ բացահայտելու մեր ինքնությունը
Ճանապարհորդություն Կոմիտասի հետ՝ բացահայտելու մեր ինքնությունը
Երգերի հեղինակ, երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն իր համար բացահայտում է մի նոր աշխարհ, որտեղ եթե անգամ ինչ-որ բան անծանոթ է, հարազատ է:Սկսել էուսումնասիրել, կատարել Կոմիտաս: Գրեթե ամեն օր փորձ է անում, համերգներին, հանդիպումներին ներկայացնում կոմիտասյան երաժշտությունը:
Ձայն ու հայկական ինքնություն
-Կոմիտասյան երգերով ես սկսեցի մի ճամփորդություն դեպի անհիշելի ժամանակներ: Ես փնտրտուքների մեջ եմ: Բացահայտում եմ շատ նոր բաներ ու ինքս ինձ: Ինձ այս պահին հետաքրքրում է ձայն-հայկական ինքնություն փոխհարաբերությունը, թե ինչպիսի ձայնային աշխարհում է ձևավորվել հայկական էթնոսը, հայ մարդը: Հայ մարդու ինքնությունը ձևավորվել է հայկական լեռնաշխարհում: Մեր բնությունը, լեռնաշխարհը իսկապես դրախտային է, իսկ մեր երգերի մեջ զգացվում է բնության շունչը: Ձայնը կարևոր է, որ մարդն ինքն իր ինքնությունը բացահայտի, ինքն իրեն ավելի լավ ճանաչի: Մեզ լավ ճանաչելու համար՝ անհրաժեշտ է նաև, որ ավելի շատ ժամանակ անցկացնենք հայկական բնաշխարհում:
Հայկական ձայնը
-Կոմիտաս ներկայացնելը և՛ պարզ է, և՛ բարդ՝ մարդու, աշխարհի, տիեզերքի նման: Նարեկացու «Հավուն, Հավուն» շատ պարզ մեղեդի է, բայց լսեք, թե ինչ բարդ երանգներ կան այդ պարզության մեջ, ինչպիսի բացվածքներ կան: Որքան տաղանդավոր է հայ ժողովուրդը, որ ստեղծել է հրաշալի երգեր, որոնք Կոմիտասը զտել է: Այդ երգերի մեջ կա կայտառություն, կյանքի հանդեպ սեր, բնություն, նվիրվածություն, մարդու, տիեզերքի, չորս տարերքների ընկալում: Յուրաքանչյուր երգով կարելի է մի կարճամետրաժ ֆիլմ նկարել: Հայ մարդը, լսելով այդ երաժշտությունը, սկսում է ինքն իրեն բացահայտել՝ ով է, ինչու է այստեղ, ինչ ճանապարհ է նախատեսված իր համար: Սա ընդամենը երգ ու պար չէ նաև ամբողջ ժողովրդի դարերի խորքից եկող պատմությունն է, սեր, ողբերգություն: Կոմիտասյան երգերում հնարավոր է բացահայտել արարչությունը: Այն ուժ կարող է տալ՝ կյանքի բոլոր դժվարությունների դիմացն առնելու համար: Դժվարություններ լինելու են, հեշտ չի լինելու, պետք է գտնել դռները բացելու բանալիները: Մեր երգարվեստը ամենահզոր մշակութային զենքն է:
Ճանաչո՞ւմ ենք հայկական երգը
-Մենք մեր երաժշտությունը ճանաչում ենք որոշ չափով: Ցավալի է: Համակարգի խնդիր է: Երբ համերգների, հանդիպումների ժամանակ կատարում եմ մեր երաժշտությունը, հանդիսատեսը անմիջապես վերցնում է, որովհետև իրենն է, հարազատ է: Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում պարբերաբար կանգնած է եղել ինքնության կորստի, այլ մշակույթների, ազգերի հետ ձուլման, վերանալու խնդրի առաջ: Եթե կորցնենք մեր մշակույթը, կկորցնենք մեր դեմքը: Յուրաքանչյուր ազգի դեմքն իր մշակույթն է՝ իր լայն դրսևորումներով:
Սիրել՝ ճանաչելով
-Ի՞նչ է այս կյանքը, եթե ոչ ճանաչելու համար տրված մի ճանապարհ: Մենք բացահայտում ենք մեզ շրջապատող աշխարհը, ինքներս մեզ։ Ես մեկ տարվա ընթացքում այնքան նոր բան սովորեցի, որովհետև սկսեցի փնտրել:
Մշակույթի ոլորտի գործիչները պետք է սովորեն: Կարևոր է գիտելիք ձեռք բերելը: Ուսումնասիրելը կբացի ինքնաճանաչողության մի դուռ, որտեղ կբացահայտենք մեր ինքնությունը, պատմությունը, լեզուն: Պետք է աշխատել, ազնավուրաբար, Կոմիտասի նման: Նրանք, ովքեր ստեղծել են մեծ արժեքներ, եղել են բացառիկ աշխատասեր մարդիկ: Սովորել, աշխատել, զարգանալ…