Քրիստոսի սերը բնակվեց հայոց աշխարհում

Քրիստոսի սերը բնակվեց հայոց աշխարհում

Քրիստոսի 12 առաքյալների և Սուրբ Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օր

 

Աստծո Որդու աշակերտները քարոզեցին ու ուսուցանեցին տարբեր ազգերի, մկրտեցին նրանց՝ Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով՝ դառնալով Քրիստոսի եկեղեցու հիմնադիրները: Հայ Առաքելական Եկեղեցին 12 առաքյալների և Սուրբ Պողոսի հիշատակը տոնում է միասին՝ Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը։ 

 

«Առաքյալներին նվիրված հիշատակության օրը քրիստոնեական մեր համայնքի սիրված տոներից է, քանի որ մեր Եկեղեցին անմիջականորեն կապված է առաքյալների հետ: Մեր հավատքի պատմությունը կապվում է Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների հետ, հետագայում Գրիգոր Լուսավորչի: Նա առաքյալների հիմնածը ծաղկեցրեց, աճեցրեց»,- նշում է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Վարդան քահանա Հայրապետյանը:

 

 

Քրիստոսի 12 առաքյալների և Սուրբ Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրը ևս մեկ առիթ է՝ խորհելու նրանց սրբակենցաղ կյանքի մասին, հասկանալու՝ ի՞նչ ենք մենք անում՝ նրանց ավանդածը պահպանելու համար։ Տեր Վարդանը, խոսելով օրվա պատգամի մասին, հիշեցնում է մեր ազգի ունեցած հավատի ու հայոց պարարտ հողի մասին: 

 

«Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները եկան, քարոզեցին մեզ մոտ: Հռիփսիմյանց կույսերը Հռոմից փախան հալածանքներից և ընտրեցին հենց Հայաստանը: Ինչո՞ւ: Քրիստոնեությունն այստեղ պարարտ հող գտել էր արդեն: Վստահաբար Հռիփսիմյանց կույսերը քաջ տեղյակ էին դրա մասին: Կարծում եմ իզուր չի լինի լրացուցիչ անգամ հիշեցնել, որ մեր հայրենիքը, մեր հողը, մեր սրտերը ժամանակին պարարտ հող են հանդիսացել, որպեսզի ամենամաքուր սերը՝ Քրիստոսի սերը գա և բնակվի մեզ մոտ»,- նշում է քահանան: 

 

Ընտրյալները

 

Թադեոսը և Բարդուղիմեոսը հայոց աշխարհում ցանեցին քրիստոնեության առաջին սերմերը՝ դառնալով Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիր առաքյալները: Հայոց աշխարհում նախ տեղեկանում ենք Թադեոսի քարոզչության մասին։ Նա հիշատակվում է նաև որպես՝ Ղեբեոս, Հակոբի որդի Հուդա: Հայաստան է բերել Սուրբ Գեղարդը, որով խոցեցին Հիսուսի կողը նաև մի բաժին այն յուղից, որ Քրիստոս փոխանցել էր առաքյալներին: Սուրբ Գրքում Բարդուղիմեոս առաքյալը կոչվում է նաև Նախադավան, քանի որ առաջինն էր, որ Քրիստոսին ասաց. «Դու ես Աստծո Որդին» (Հովհաննես 1:49): Բարդուղիմեոսն իր հետ բերել է Տիրամոր պատկերը: 

 

Պետրոսը և Անդրեասը եղբայրներ էին: Սուրբ Պետրոսը խոսող վկան էր մի շարք կարևոր դեպքերի: Նրան Աստծո Որդին ասել է. «Ես էլ քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել։ Քեզ եմ տալու երկնքի արքայության բանալիները. ինչ որ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակես երկրի վրա, արձակված կլինի երկնքում»։ (Մատթեոս 16:18-19) Հայտնի է, որ Պետրոսը երեք անգամ ուրացել է Տիրոջը, զղջալուց հետո դարձել է քրիստոնեական հավատի մեծագույն ջատագով: Սուրբ Անդրեասը կոչվում է «նախակոչ» առաքյալ, քանի որ առաջինն է ծանոթացել Հիսուսի հետ և հետևել Նրան: Պատմիչները վկայում են, որ առաքյալը քարոզել է Հյուսիսային Հունաստանում և սկյութների երկրում: 

 

Առաջինը կանչված առաքյալներից է Փիլիպպոսը: Ավանդությունը պատմում է, որ բազմաթիվ հրաշքներ են կատարվել իր քարոզչության ժամանակ: Նշվում է, որ հայոց Աբգար թագավորի պատվիրակությանը ինքն է դիմավորել և ներկայացրել Քրիստոսին: Փիլիպպոսը քարոզել է Հունաստանում, Փոքր Ասիայում: 

 

Հովհաննես և Հակոբոս առաքյալներին Քրիստոս անվանել է՝ Որոտման որդիներ (Բաներեգես) իրենց հախուռն բնավորության պատճառով: 12-ից կրտսերը՝ Հովհաննեսը, Քրիստոսի սիրելի աշակերտն էր: Նա է պատկերված Հիսուսի կողքին՝ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավում: Ըստ Ավետարանի՝ խաչելության պահին Տերը Աստվածամորը հանձնեց հենց Հովհաննեսի խնամքին. «Մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»» (Հովհաննես 19:26-27): Առաքյալը 4-րդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների ու «Հայտնության» գրքի հեղինակն է: Սուրբ Հակոբոսը՝ Հովհաննես Ավետարանիչի ավագ եղբայրը, Հիսուսի մտերիմ աշակերտներից էր: Նա գլխատվել է Երուսաղեմում: Ավանդությունը պատմում է, որ նրա գլուխը տրվել է Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տեառնեղբորը, ով այն թաղել է իր տան պարտեզում, որտեղ կառուցվել է Երուսաղեմի հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց մայր տաճարը:

 

Մատթեոս առաքյալը հեղինակն է Նոր Կտակարանի առաջին գրքի՝ Մատթեոսի Ավետարանի: Նրա Ավետարանը չորսից ամենաընդարձակն է։ Առաքյալը կոչվել է՝ Ղևի՝ Աստծո ընծա: Մինչև առաքյալ դառնալը, Մատթեոսը մաքսավոր էր, սակայն ի վերջո թողել է ամեն բան ու հետևել Հիսուսին: Քարոզել է Պաղեստինում:

 

Թովմաս առաքյալը բնորոշվեց՝ որպես թերահավատ, երբ հրաժարվեց հավատալ հարությանը. «Մինչև չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհ. 20:25): Առաքյալը Ավետարանում նաև ներկայացվում է՝ իբրև Քրիստոսի համար մեռնելու պատրաստ քաջարի հետևորդ: Նշվում են իր խոսքերը. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհաննես 11:16): Թովմաս առաքյալը քարոզում է Պարթևստանում, Հնդկաստանում: 

 

Հակոբոս Ալփյան, Շմավոն առաքյալների միայն անուններն են հիշատակվում Ավետարանում: Ավանդությունը վկայում է, որ Հակոբոս առաքյալը՝ Ալփեոսի որդին, Մատթեոս ավետարանիչի եղբայրն է: Հակոբոսն Ավետարանը տարածել է Պաղեստինում և Եգիպտոսում: Շմավոն առաքյալը անվանվում է Կանանացի նաև Սիմոն Նախանձահույզ: Այս անունով աղանդ կամ կուսակցություն կար հրեաների մեջ, որոնք միջոցների մեջ առանց խտրականություն դնելու, աշխատում էին իրենց վրայից դեն նետել օտար լուծը և ուրացողներին կամ օտարամոլ հրեաներին իրենց միջից վերացնել: Առաքյալը քարոզել է Պարսկաստանում: 

 

Հուդան կոչվում է Իսկարիովտացի՝ «Իշ Կարիոթ», ինչը նշանակում է մարդ՝ Կարիոթից: Հուդան առաջարկում է մատնել Քրիստոսին, որի դիմաց նրան խոստանում են 30 արծաթ: Մատթեոս ավետարանիչը հայտնում է, որ նա հետագայում զղջացել է, տաճարի մեջ նետել 30 արծաթը և կախվել: 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվում է Մատաթիան: Նա եղել է յոթանասուն աշակերտների խմբից: Հոգեգալստից հետո մյուս առաքյալների հետ քարոզել է Երուսաղեմում, Հրեաստանում:

 

Սուրբ Պողոսը համարվում է 13-րդ առաքյալը: Նա Եղել է փարիսեցի, հալածել է քրիստոնյաներին: Ամեն բան փոխվել է, երբ Աստծո Որդին տեսիլքի միջոցով երևացել է նրան: Պողոսի կյանքը գլխիվայր շուռ է եկել: Նա մկրտվել է, դարձել քրիստոնյա ու Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Մեզ են հասել նրա 14 թղթերը:

 

Անի Ավագյան

 
  • 2024-06-28
×