Ժառանգենք այն լեզուն, երաժշտությունը, որտեղ արտացոլված է մեր նախնիների հոգու պատկերը

Ժառանգենք այն լեզուն, երաժշտությունը, որտեղ արտացոլված է մեր նախնիների հոգու պատկերը

Երաժշտություն. ի՞նչ ազդեցություն ունի այն, ինչպե՞ս կարող է վնասել ու հակառակը՝ նպաստել մարդկային հոգու փրկությանը: Ստորև` մեր զրուցակցի՝ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտի հետ զրույցից հատված։ 

 

Լավ երաժշտության մեծ առաքելությունն ու ցածրորակ երաժշտության ծանր հետևանքները

 

-Երաժշտությունը համարվում է Աստծո հետ խոսելու լեզու: Ըստ հանճարեղ Բախի՝ երաժշտության հիմնական առաքելություններից մեկը Աստծուն փառաբանելն է, մյուսը՝ նպաստել մարդկային հոգու փրկությանը: Երաժշտությունն ունի մեծ առաքելություն, բայց դա չի գիտակցվում զանգվածների կողմից, շատերի համար այն պարապ վախտի խաղալիք է: Հոգևոր երաժշտությունը միացնում է երկինքն ու երկիրը, Աստծո խոսքը մատչելի է դարձնում, և այն ճախրում է: Համաշխարհային համոզմունք է, որ երաժշտությունն իր գագաթնակետին հասել է Յոհան Սեբաստիան Բախի արվեստում, ըստ փիլիսոփա Հեգելի՝ հատկապես Բախի աղոթերգություններում՝ «Չարչարանքներ` ըստ Հովհաննու», «Չարչարանքներ՝ ըստ Մատթեոսի», որոնք պատկերում են Հիսուսի կյանքը, փրկագործական առաքելությունը: Ինչպես լավ երաժշտությունը մեզ արթնացնում է, սփոփում է, խանդավառում, այնպես էլ վատը վնասում է մարդուն, քաոս է մտցնում մարդու մեջ, հոգին կազմաքանդում է: 

 

 

Ընկալման մակարդակները

 

-Երաժշտությունը, ինչպես արվեստի ցանկացած երևույթ ճիշտ ընկալելու համար, պետք է պատրաստվել: Կան ընկալման տարբեր մակարդակներ: Անտոն Վեբերնը՝ 20-րդ դարի հանճարեղ կոմպոզիտոր, ասում էր՝ երաժշտության բովանդակությունը հասկանում են շատերը, ձևը՝ քչերը, էությունը՝ եզակիները:  Երաժշտությունն արտահայտում է հույզեր՝ ուրախ, տխուր, վեհ: Դա ընկալելի է: Ձևը հնչյունների շարադրման դրամատուրգիան է, թե ինչպես են հնչունները համախմբվում, ինչպիսի բախումներ են լինում նրանց մեջ: Դա լայն զանգվածի համար հասանելի չէ: Էությունը երաժշտության կապն է հավերժի, տիեզերքի, արարչագործության, հավիտենական գաղափարների հետ: Երաժշտությունը մի ակնթարթ է, որտեղ կարող է արտացոլվել հավերժը: Կոմպոզիտորները կոչվում են միջնորդներ: Նրանք լսում են տիեզերքի երաժշտությունն ու այն փոխանցում մարդկությանը: 

 

Տիեզերական սիմֆոնիայում հայկական լարը

 

Ըստ Հերդերի՝ համաշխարհին երաժշտությունը նման է մի տավիղի՝ մեծ վարպետի ձեռքում, և այդ տավիղի յուրաքանչյուր լարը մի ժողովրդի երաժշտությունն է, արվեստը: Տիեզերական սիմֆոնիայում հայն ունի իր ոսկե լարը: Կոմիտասն ասում էր. «Երաժշտությունն ամենեն մաքուր հայելին է ցեղին»: Այսինքն՝ այն մեր հոգու պատկերն է: Մեր երգն այնքան պատկերավոր է, որ տալիս է մեր բնաշխարհի մասին պատկերացում: Կոմիտասը մի տերմին ունի` ձայնանկար: Դրանք այն երգերն են, որոնք այնքան պատկերավոր են, որ մարդու մոտ արթնացնում են տեսողական կապակցություններ, օրինակ՝ երկրագործական երգերը, գութաներգերը: Մարդու մեջ մի քանի կայծից հրդեհ է բռնկվում, մի քանի հնչյունից զգում ես տարածությունը, դաշտը: Ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը, ինքնաթիռից մեր սարերը տեսնելով, ասել է` կարծես բազմաձայն երաժշտություն լինի: Հայաստանի բնաշխարհն առաջացնում է բազմաձայն երաժշտության տեսիլք, անհրաժեշտ է դա թարգմանել հնչյունների լեզվով, ինչը կատարվել է մեր ժողովրդական երգերում, որոնք Կոմիտասը գրի է առել, բյուրեղացրել, նվիրել է մարդկությանը:

 

Կոմիտասի երաժշտության պարզությունը

 

-Ասում են՝ հանճարը պարզության մեջ է: Կոմիտասի երաժշտությունը պարզ է, բայց ետևում թաքնված է բարդ աշխատանք, որ կատարվել է այդ երգերի ստեղծման ընթացքում: Ընկալելու համար՝ մարդ պետք է իր հոգու հայելին մաքրի, թոթափվի հողեղեն փոշուց։ Մարդու հոգին ռմբակոծվում է չար ուժերից, ալիքներից, որոնք խանգարում են։ Մարդ պետք է պարզ լինի, որ այդ պարզությունն ընկալի:

 

Մեր որբացած երգերը հավաքելով… 

 

-Մի առիթով ասել եմ՝ Կոմիտասը արել է մոտավոր նույնը, ինչ Զորավար Անդրանիկը: Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպում նկարագրված է, թե ինչպես էին կոտորածներից ցիրուցան եղած հայ երեխաներին քրդերը նվերների կամ ոսկու դիմաց հանձնում Զորավար Անդրանիկին։ Քանի որ ոսկի այլևս չկար, քրդերը մի որբուկի չէին հանձնում, և Անդրանիկը խնդրում է նրան մի երգ երգել։ Քուրդը լսում է երգն ու արտասվում, ասում է․ «Քո երգը ոսկուց էլ զորավոր էր»: Կոմիտասը հավաքում էր որբացած երգերը, որ ստեղծի ազգային կոմպոզիտորական դպրոց: Այդ շիթիլները Խաչատրյանի, Բաբաջանյանի, էդուարդ Միզոյանի արվեստում դարձան դարավոր կաղնիներ: Մենք դարեր շարունակ չենք ունեցել պետականություն, որ կունենար իր մշակութային ինստիտուտները: Կոմիտասն իր կարճ կյանքի ընթացքում կարողացավ դարերի պակասը լրացնել: 

 

Վիթխարի ժառանգությունից քիչ օգտվողներս

 

-Մենք ունենք վիթխարի ժառանգություն, բայց շատ քիչ ենք օգտվում դրանից։ Պատճառները սուբյեկտիվ և օբյեկտիվ են: Օբյեկտիվը միջավայրն է, հարևանները, հակամշակույթը, մշակութային պատերազմը: Մշակույթն ամենազորեղ զենքերից է: Մարդը ծարավ ունի, կարիք ունի մշակույթի, չի դիմադրում: Հենց դա էլ օգտագործում են մշակութային պատերազմի հրձիգները: Մշակույթը տարածելու պատրվակով՝ սրտրկացվում է հանրությունը: Ամեն ինչ արվել է, որ ժողովուրդներին կտրեն ազգային արմատներից, որ շուտ ձուլվեն, դիմադրություն չլինի: Եթե հոգուն տիրացար, մարմինը հանձնվում է: Մեր ժողովուրդը տարբեր գաղափարախոսությունների զոհ է դարձել: Շատերը կտրվել են իրենց արմատներից, չենք սնվել մեր ունեցածով:

 

«Որքան ապրի հայկական երաժշտությունը, այնքան կապրի Հայաստանը»

 

Մեր հավատքը մեզ ուղորդում է՝ ինչ է հարկավոր: Մենք անելիք ունենք՝ արժանանալ մեր փառահեղ ժառանգությանը՝ ճանաչելով, սիրելով, ուսումնասիրելով, կիրառելով, մեզ վերագտնելով: Երաժշտությունը շատ նուրբ կերպով է մարդուն դարձի բերում: Մանկուց` մեր կրթության, հասունության շրջանում, պետք է ժառանգենք այն լեզուն, երաժշտությունը, որտեղ արտացոլված է մեր նախնիների հոգու պատկերը: Դրանով համակվենք, տոգորվենք, դառնանք նրանք: Դրանից կգոյանա մեր անհատականությունը, մեր գույնը, մեր ձայնը: Նրանց երգին կգումարվի մեր հոգու արձագանքը: 

 

Կոմիտասն ասում էր. «Որքան ապրի հայկական երաժշտությունը, այնքան կապրի Հայաստանը»։ 

 

Պատրաստեց Անի Ավագյանը

  • 2024-07-03
×