Վերահաստատում ենք, որ իրապես Քրիստոսն է Մեսիան, փրկիչը. Պայծառակերպության տոն, Վարդավառ

Վերահաստատում ենք, որ իրապես Քրիստոսն է Մեսիան, փրկիչը. Պայծառակերպության տոն, Վարդավառ

Հայաստանում նշվում է Վարդավառը՝ ժողովրդի սիրելի տոներից մեկը, երբ մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Սա օրվա ժողովրդական սովորությունն է, սակայն առավել կարևոր է հոգևոր խորհուրդը: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: 

 

Դեմքն արեգակի պես լուսավորվեց, զգեստները լույսի պես սպիտակ դարձան

 

Տոնի հիմքում աստվածաշնչյան դրվագն է: Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում կարդում ենք, որ Քրիստոսը Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն աղոթելու: Աղոթքի պահին Աստծո Որդին պայծառակերպվում է․ «Նրա դեմքն արեգակի պես լուսավորվեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան» (Մատթեոս 17.2):

 

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի խոսքով՝ Թաբոր լեռան վրա պայծառակերպվելով՝ Հիսուսը բացահայտեց Իր աստվածությունը, որ Աստծո Որդին է, Սուրբ Երրորդության 3-րդ անձը:

 

Ավետարանում նկարագրվում է, որ աշակերտներին են երևում Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին Նրա հետ: Այնուհետև լուսավոր մի ամպ է գալիս, որից հնչող Հայր Աստծո ձայնն ասում է. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը, դրա՛ն լսեք» (Մատթեոս 17:5):

 

Հոգևորականը նշում է՝ նման ևս երկու դրվագի մասին ենք կարդում Նոր Կտակարանում՝ Քրիստոսի մկրտության և խաչելության ժամանակ, թեև վերջինի դեպքում խոսք չկա Աստծո ձայնի մասին:

 

Պայծառակերպության տոնը շարժական է, նշվում է Հարության և Համբարձման տոներից հետո: 

 

Ո՞վ է Քրիստոս մեզ համար

 

Սուրբ Գրիգոր Տաթևացին տոնի Վարդավառ անունը բացատրում է՝ Հիսուսին վարդի հետ համեմատելով: Վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին: Տերը մինչև այլակերպությունը, Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

 

«Այս օրը տոնելով ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ իրապես Քրիստոսն է Մեսիան, փրկիչը: Նրա միջոցով է տեղի ունենալու մեր փրկությունը: Քրիստոս Ավետարանի տարբեր դրվագներում հարցնում է աշակերտներին՝ ինչ եք կարծում, ո՞վ եմ Ես: Այս տոնը գալիս է մեզ նորից նույն հարցը տալու՝ ո՞վ է Քրիստոս մեզ համար՝ Մեսիա՞ն, Աստծո Որդի՞ն, թե՞ պատմական կերպար»,- նշում է Տեր Բարդուղիմեոսը:

 

Ջուր ցողելը՝ ընդամենը խաղ, ժողովրդական սովորություն

 

Վարդավառի տոնին միմյանց վրա ջուր լցնելը հաճախ կապվում է հեթանոսության, Աստղիկ դիցուհու հետ: Քահանան հիշեցնում է Պայծառակերպության տոնը կապ չունի հեթանոսության հետ: 

 

«Ավանդության համաձայն՝ Նոյը ջրհեղեղից հետո ամեն տարի՝ ի հիշատակ մարդկանց փրկության՝ իր որդիների, թոռների վրա ջուր էր ցողում, որպեսզի իրենք հիշեն, որ փրկվեցին, որովհետև հավատարիմ մնացին»,- ներկայացնում է քահանան: 

 

Հավելում է՝ ջուր ցողելը ընդամենը խաղ է, ժողովրդական սովորություն, և պետք չէ այն կապել հավատքի հետ, մտածել, թե միմյանց վրա ջուր ցողելով՝ մաքրվում ենք մեղքերից: Հիշեցնում է՝ մեղքերից ազատվելու համար` պետք է ապաշխարել, ճաշակել Քրիստոսի Մարմինն ու Արյունը: 

 

Վարդավառի հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է: Եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

 

Անի Ավագյան

 
  • 2024-07-07
×