Խոնարհություն

Խոնարհություն

Ա.Ճշմարիտ խոնարհը նա՛ չէ, ով միայն խոսքով է իրեն անպիտան խոստովանում, բայց նույնն ուրիշից լսելով՝ վրդովվում, խոժոռվում ու բարկանում է: Այստեղից պարզ է, որ այդպիսին ավելի հպարտ է, քան խոնարհ, քանզի խոնարհը խոստովանությամբ կամենում է մարդկանցից գովեստներ ստանալ ու փառք որսալ: Դեռ ավելին՝ ստախոս ու կեղծավոր է, որովհետև լեզվի վրա մի՛ բան ունի, իսկ սրտում ուրի՛շ բան է խորհում և որպես խարդախ ոսկեգործ՝ ոսկու փոխարեն արույր է ջանում գործածել:

 

Բ.Խոնարհը բարի ու շատերին օգտակար գործը սովոր է ծածուկ անել՝ գովությամբ չհռչակվելու համար, քանզի Տիրոջից է ակնկալում հատուցումը ստանալ: Իսկ հպարտը, մի փոքր բարի գործ որ անում է, ցանկանում է հրապարակել, որպեսզի մարդկանցից գովեստներ ստանա՝ իբրև իր գործերի վարձ, ուստի և Տիրոջից վարձատրություն չի ստանում: Խոնարհը եթե իր մասին գովեստ է լսում մեկից, ամաչում ու տրտմում է, իսկ հպարտը գոռոզանում ու բերկրում է և կամենում էլ ավելին լսել:

 

Գ.Քանի որ խոնարհությունը բարի է, ոչ ոքի միջև խտրություն չի դնում, այլ բոլոր իրեն սիրողներին էլ ընդունում է, որովհետև բարուն է հատուկ սեփական բարությանն ամենքին հաղորդ դարձնել: Խոնարհությունն ասես մաքուր ադամանդ է, որ գիշեր ու ցերեկ փայլում է. իրենց վիճակից գոհ և ամենակարևոր բաներով բավարարվող աղքատների մեջ շողշողում է, բայց աղոտալույս, իսկ ազգօգուտ գործերով հարստացող ունևորների մեջ, որպես քաջարվեստ ակնագործի կողմից բազում անկյուններով տաշված ադամանդ, ցոլում է մեծ պայծառությամբ և ամենքի աչքը դեպի իրեն գրավում:

 

Դ.Կատարյալ խոնարհը, որքան էլ մեծամեծ շնորհներ, ունեցվածք, պատիվ ու մեծություն ունենա, իր մասին նվաստ կարծիք ունի. իր ունեցած առավելությունները չի տեսնում, այլ կամենում է իր թերությունները տեսնել՝ դրանք շտկելու համար, որով է՛լ առավել է արժանանում Աստծո շնորհներին:

 

Ե.Թող ոչ ոք խոնարհությունը չհամարի հոգու անզորություն կամ մտքի հիմարություն, կամ կամքի թյուրություն, այլ թող ճշմարտապես իմանա, որ խոնարհությունը ոգու արիության, մտքի իմաստության ու կամքի ուղիղ լինելու նշան է:

 

Քանզի անարին, հիմարն ու մոլին երբեք չեն կարող խոնարհվել, որովհետև ամենքը չէ, որ կարող են ունենալ այնքան մեծ զորություն, որ հաղթեն հպարտության ու բարկության անբան կրքերին և հեզ ու խոնարհ դառնան: Ուստի ով ամենքի առաջ կամովին խոնարհվում է, զորեղ, իմաստուն ու բարի է: Եվ ընդհակառակը՝ անզոր, հիմար ու մոլի է, ով խոնարհություն չունի, որովհետև չի կարող իր մոլեկան կրքերը նվաճել և կյանքի պատերազմական դաշտում խոնարհության հաղթանակը շահել:

 

Զ.Կան շատեր, որ մարդկանց առաջ գովում են խոնարհությունը իրենց խոնարհ ցույց տալու համար, իսկ ճշմարիտ՝ Աստծո ուզածի պես խոնարհը, խոնարհությունը գովում է այն պատճառով, որ բարի ու գովության արժանի է և ո՛չ թե, որ ինքը դրանով խոնարհ կարծվի ու փառավորվի, մանավանդ որ ճշմարիտ խոնարհը երբեք չի համարում, թե հասել է կատարյալ խոնարհության, այլ միշտ կրթում է իրեն՝ դրան հասնելու համար:

 

Է.Նա՛ չէ խոնարհ, ով մեծամեծերի առաջ իրեն նվաստացնում ու խոնարհի կերպարանք է առնում, բայց մտքով իրեն նրանց հավասարապատիվ կամ նրանցից էլ բարձր համարում, այլ նա, ով իրեն բոլորից նվաստ է համարում, թեև մեծ առաքինություններ ու այլ ձեռքբերովի բարիքներ նրանցից ավելի ունենա:

 

Ը.Խոնա՛րհ չէ նա, ով բարի հաջողություններ ունենալիս ու մարդկանցից պատիվ ստանալիս հանդարտ ու խոնարհ է երևում, իսկ ձախորդության մեջ ընկնելիս ու արհամարհանք կրելիս վրդովվում ու դառնանում: Ճշմարիտ խոնարհությունը մոլությունների ծառա չէ, որին իբրև անարգ գերու կամ անբան գրաստի մեկն ըստ իր ուզածի կապի ու արձակի, կամ իբրև ավելորդ զգեստ մեկը հագնի ու հանի շպրտի, այլ ազատ է ու ինքնիշխան, հոգու անհրաժեշտ զարդ ու մարդկային ցեղի պարծանք:

 

Ուստի ճշմարիտ խոնարհն ամեն ժամ և ամենուրեք հանդարտ ու անվրդով է մնում. ո՛չ պատիվ ստանալիս ամբարտավանանում է, որովհետև իրեն երբեք պատվի արժանի չի համարում, ո՛չ էլ արհամարհվելիս վշտանում, որովհետև գիտի, որ անարգանքի արժանի թերություններ ունի:

 

Թ.Իզուր է ջանում խոնարհ երևալ նա, ով փառքի է ձգտում. թեև արտաքուստ խոնարհ կերպարանք ունենա, ներքուստ հպարտության հոգին է իր մեջ կրում: Իսկ ճշմարիտ խոնարհը որքան ավելի է շատացնում առաքինությունները, այնքան առավել է ամաչում և իբրև ծառի բազմապտուղ ոստ՝ որքան ավելի է պտուղներով բեռնավորվում, այնքան ավելի է խոնարհվում: Ուստի իր ունեցած բոլոր բարիքներն Աստծո շնորհին է վերագրում, Տիրոջից շնորհակալ լինում և միշտ իրեն անարժան համարում երկնչելով, թե միգուցե մեծամտանա. բայց սրանով է՛լ ավելի մեծ պարգևների է արժանանում:

 

Ժ.Խոնարհը ոչ միայն երկարակյաց ու առողջ է լինում, այլև բոլոր ժամանակներում վնասներից ազատ է մնում: Որովհետև ոչ ոքից չի խռովում, չի տրտմում, չի հուսահատվում, չի զայրանում (որովհետև սրանք են զանազան հիվանդությունների ու մահվան պատճառները), մեկի հետ չի թշնամանում, ուստիև ոչ ոք ջանք չի թափում նրան վնասելու, և այսպես խաղաղ ու երջանիկ կյանքով է կնքում իր օրերը:

 

ԺԱ.Նա է հեզ ու խոնարհ, ով թեպետ կարող է վրեժխնդիր լինել իր դեմ արված անիրավությունների համար, բայց աստվածավախ երկյուղածությամբ ներում է: Իսկ հպարտը մի փոքր հանցանքի համար ջանում է վրեժ լուծել, որպեսզի ուժեղ երևա:

 

ԺԲ.Թող մեծամիտները չխաբեն իրենց, թե անպատիժ կմնան թախծագին պաղատանքով  ներում հայցող զղջացողի հանցանքը չներելու դեպքում: Թեպետև Աստված երկայնամիտ է և հապաղում է պատժել, որպեսզի թերևս թողնեն իրենց խստասրտությունը, բայց հետո, երբ տեսնում է, որ համառում են, սաստկապես է պատուհասում. որքան մեկն իր ձեռքը հեռու է տարածում, այնքան ուժգին է ապտակ հասցնում: Ոչ մի ներման արժանի չէ նա, ով ներողամիտ չէ:

 

ԺԳ. Ով կամենում է մեծամտությունից ձերբազատվել, թող աչքերը բարձրացնի ու նայի հոյակապ դամբարաններին. թող մտածի, թե մարդիկ, որ մի ժամանակ մեծաշուք փառքով բարգավաճելով ճոխանում էին երկրի վրա, ինչպես են այժմ, հողի տակ նեխած ու հող դարձած, կոխան լինում ամենքի կողմից:

 

ԺԴ.Իշխաններն ու մեծատունները դյուրով կարող են խոնարհություն ձեռք բերել, եթե մտածեն, թե ինչ բարձր աստիճանի են հասել, որովհետև ով  բարձր տեղում է բնակվում, անկումից ավելի պիտի վախենա, քան ներքևում գտնվողը: Ուստի իշխանները, որ շատերից բարձր են կանգնած, թող շատերից ավելի՛ իրենց պահեն խոնարհության մեջ, որ չընկնեն, քանզի աշխարհում եղած մեծությունն ու փառքը որքան ավելի բարձր են, այնքան ավելի վտանգավոր ու երկյուղալի են:

 

Աղբյուրը՝ Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի, «Խրատի թանգարան»

Պատրաստեց

Առաքել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան 

  • 2024-07-10
×