Լցվի՛ր համբերությամբ, սիրով, հանդուրժողականությամբ, պայքարի՛ր, շարունակի՛ր պահել քո ընտանիքը

Լցվի՛ր համբերությամբ, սիրով, հանդուրժողականությամբ, պայքարի՛ր, շարունակի՛ր պահել քո ընտանիքը

Մեր օգտատերերի կողմից հաճախ տրվող հարցերին պատասխանում է Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը:

 

Պե՞տք է լինել ինքնավստահ, թե՞ վստահել միայն Աստծուն 

 

-Մարդը պետք է վստահի Աստծուն, և այդ վստահությունն Աստծո նկատմամբ պետք է բերի ինքնավստահության: Աստծուց պետք է գա մարդու ինքնավստահությունը: Հիշենք Նոր Կտակարանում դրվագը, երբ ծովը ալեկոծվում է, և նավակը ծածկվում է ալիքներով, Քրիստոս առաքյալներին ասում է. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Վախը առաջանում է, երբ կա վստահության պակաս: Պետք է հիշել, որ երբեք մենակ չենք լինելու, կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, Աստված մեզ հետ է լինելու, բայց դա չի նշանակում, որ պետք է փորձել Աստծուն՝ գնալով խենթության: Հիշենք Հիսուսի փորձությունն անապատում: Սատանան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր, որովհետև գրված է.“Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես” (Սաղ. 90(91).11-12)»։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ասված է. “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն”» (Ղուկաս 4:9-12):

 

Ինչո՞ւ ենք քահանային ասում՝ Տեր Հայր 

 

-Հիմնականում այս հարցը շահարկում են աղանդավորական կառույցի ներկայացուցիչները՝ մեջբերելով Մատթեոսի Ավետարանի այն հատվածը, որտեղ Քրիստոս ասում է. «Երկրի վրա ոչ մեկին ձեզ «հայր» մի՛ կոչեք, որովհետև դուք մեկ Հայր ունեք, որ երկնքում է» (Մատթեոս 23:9)։ 

 

Ո՞վ է քահանան, մարդ է, որը ձեռնադրությամբ օծվել է Աստծո սպասավոր: Քրիստոս Պետրոս առաքյալին ասաց. «Արածեցրո՛ւ իմ գառներին»: Այսինքն՝ Աստված տվեց հրահանգ՝ տիրություն անելու, հոգ տանելու, խնամելու, պահպանելու, զարգացնելու: Այսինքն՝ այստեղ կա հայրական խնամքի, գուրգուրանքի իմաստ: Քրիստոս Իր աշակերտներին տվեց շնորհներ՝ Իր հոտին խնամելու համար, առաքյալներն էլ իրենց հաջորդներին տվեցին այդ պատգամը: 

 

Եթե որևէ մեկը մեր դեմ չարությամբ է գործում, ինչպե՞ս հասկանալ պատասխան գործողությունն Աստծո՞վ է, թե՞ ոչ

 

-Աղոթքով, քահանայի խորհրդատվությամբ: Հին Կտակարանում ասվում է. «Աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք», իսկ Քրիստոս ասաց, որ չարին չարությամբ չպատասխանենք: Ինչ-ր մեկը չարությամբ է գործել քո դեմ, եթե քո պատասխան գործողությունը չարությամբ է լցված, ցավեցնելու, վրեժ լուծելու մղում կա, այդ դեպքում գործողությունն Աստծուց չէ: Պետք է կարողանալ կառավարել սեփական անձը, որ այդ գործողությունը չվերածվի վրեժխնդրության: Պետք է հիշել, որ չարությամբ չպատասխանել, չի նշանակում պատասխանատվության չկանչել: Այդ դեպքում դու ցանկանում ես, որ տվյալ մարդը գիտակցի իր սխալը, պատասխանատվություն կրի իր արածի համար, փորձում ես կանխել նման այլ դեպքերը:

 

Ինչո՞ւ է քահանան թաղման կարգից հրաժարվում

 

-Քահանան կարող է թաղման կարգից հրաժարվել, եթե հանգուցյալը մկրտված չի եղել կամ ինքնասպանություն է գործել: Ինքնասպանությունն աններելի մեղք է, սակայն կան մեղմացուցիչ հանգամանքներ: Եթե մարդը հոգեկան շեղվածության պատճառով է գնացել այդ քայլին, թույլատրվում է ծեսը կատարել: Այլ է իրադրությունը նաև, երբ պատերազմի ժամանակ զինվորը փորձում է իր սրբությունները պաշտպանել և զոհաբերում է իրեն՝ հանուն հայրենիքի, հավատքի: Պատերազմի դաշտում գործած հերոսական քայլերը դրվատելի են, դրանք որակվում են՝ զոհաբերություն: 
 

Ինչո՞ւ է քահանան ցանկանում զույգի հետ հանդիպել մինչև պսակադրության արարողությունը
 

-Այն զույգերը, որոնք պատրաստ են ընտանիք կազմել, ցանկալի է, որ մինչև պսակադրության արարողությունը, հանդիպեն հոգևորականի հետ: Այդ դեպքում զույգերը կստանան կարևոր այն պատգամները, խորհուրդները, որը պետք է կիրառեն ողջ կյանքի ընթացքում՝ ամուր ընտանիք ունենալու համար: Կարևոր է, որ պսակադրությունից հետո էլ ամուսինները շարունակեն հանդիպել հոգևորականի հետ, ստանան խորհուրդներ: Պսակադրությունից առաջ եկեղեցում կատարվում է նաև նշանադրության արարողությունը:

 

Պատրաստեց Անի Ավագյանը

  • 2024-07-12
×