Սուրբ Ներսես Շնորհալին, խոսելով հեզության մասին, առանձնացնում է «հեզ» բառի մի քանի իմաստներ. հանդարտ, ծանրաշարժ, լռակյաց, բարկանալ չսիրող։ Ըստ սուրբ Ներսես Շնորհալու` հեզը նույն խաղաղարարն է։
Մեր ժամանակներում մարդկանց մոտ միշտ բացասական պատկերացում կամ զգացումներ են առաջանում, երբ խոսում ես քրիստոնյայի հեզ ու խոնարհ լինելու մասին, ինչպես Քրիստոս էր Իրեն այդպես կոչում․ «Առէ՛ք զլուծ իմ ի ձեզ, եւ ուսարու՛ք յինէն՝ զի հեզ եմ եւ խոնարհ սրտիւ․ եւ գտջիք հանգիստ անձանց մերոց» (Մատթեոս ԺԱ 29)։ Այսօրվա աշխարհի մեջ հեզ մարդու մասին պատկերացումները հետևյալն են․ նա թույլ է, զուրկ` կամային հատկանիշներից։ Հեզությունը և խոնարհությունը մեր Տիրոջ բնորոշ հատկությունն ու առանձնահատկությունն է։ Քրիստոս խոնարհ էր` ճիշտ հակառակ այս աշխարհի ահասարսուռ թագավորների ու միապետերի։ Քրիստոս խաղաղությամբ ու հեզությամբ է հաստատում Իր թագավորությունը, որը նկարագրված է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ դրվագում (Մատթեոս ԻԱ 1-11), բայց նաև քաղաք է մտնում հաղթականորեն իբրև թագավոր։ Կարող ենք հիշել Մովսես մարգարեին, ով իր ժամանակակիցների և, ի մասնավորի, հրեա ժողովրդի վրա զգալի ազդեցություն է ունեցել: Այդ ազդեցության պատճառը նրա հեզությունն էր. «Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից ավելի հեզ էր» (Թվեր ԺԱ 3):
Բոլոր երանիները Հիսուս նախ Ինքն է ապրել և Իր կյանքով մարմնավորել է յուրաքանչյուր երանի․ հետևապես, որևէ երանություն հասկանալու համար նախ պիտի փորձենք տեսնել, թե մեր Տերն ինչպես ապրեց այդ երանությունը, որին Ինքն է երանի տալիս։ Հիսուս չէր սխալվում, երբ երանի էր տալիս հեզերին՝ հայտարարելով, որ նրանք պիտի ժառանգեն երկիրը: Նախևառաջ այն պատճառով, որ ճշմարիտ զորեղներն իրականում հեզերն են: Արդարև, «հեզ» չի նշանակում թույլ, մեղկ, տկարոգի, անուժ, այլ նշանակում է արի, զորեղ և հարատևող: Հեզության մեջ ներքին հաղթանակ, իշխանություն, զսպվածություն կա, որ ինքնին մեծագույն ուժ է ենթադրում: Հաճախ ենք նկատում, որ իրականում զորեղ մարդիկ ամենաքաղցրաբարոներն են: Իսկ բոլոր նրանք, ովքեր հեզության պակաս ունեն, ամենատկարներն են՝ ի տարբերություն հեզաբարոների: Իրական զորավորները նրանք են, ովքեր իրենց հույզերը և ուժը զսպել գիտեն, ովքեր գիտեն «քաղցրացնել» իրենց ձայնի աստիճանն ու հանդարտեցնել «եռացող» արյունը: Հեզերը ուրիշներին ջախջախելու մեջ որևէ օգուտ չեն տեսնում, և երբ պատեհ առիթ է լինում, նրանք անպարտելի բարոյական ուժ են դրսևորում:
Երբ Քրիստոս ասում էր երկիր, ի նկատի ուներ Իսրայելը. այն, որ տրվեց ընտրյալ ժողովրդին։ Աստված տարածք տվեց հրեաներին, որպեսզի ազատ կարողանան Իրեն պաշտեն։ Այս երանիով ոչ միայն ներկայում հաստատապես հատուցելու մասին է խոսում, այլ նաև` ապագա պարգևի: Եթե հոգևոր բան է ասում, դրանով չի վերացնում ներկա կյանքի պարգևը և եթե այս կյանքում բան է խոստանում, միայն դրա մեջ չէ, որ հաստատում է Իր կարողությունը:
Ալբերտ սարկավագ ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան