Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր
Գրիգոր Լուսավորիչը հաղթեց խավարին, դարձավ քրիստոնեական լույսի աղբյուր հայոց աշխարհում: Հայոց առաջին հայրապետի սերունդը շարունակեց հավատարիմ մնալ նրա առաքելությանը՝ չնայած հալածանքներին, նահատակություններին:
Լուսավորչի որդիները, թոռները օրինակ են, թե ինչպես պետք է տնօրինել հոր կողմից ստացված ժառանգությունը:
Խորհենք՝ ո՞ւր ենք գնում
Ո՞վ ենք մենք, ո՞ւմ սերնդից, ի՞նչ ժառանգություն ու առաքելություն ունենք: Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օրը ևս մեկ առիթ է՝ խորհելու մեր հոգևոր ժառանգության մասին:
«Մեր խոնարհումը պետք է բերենք Գրիգոր Լուսավորչին ու նրա սերունդներին՝ խնդրելով նրանց բարեխոսությունը, որպեսզի մեր անդաստանը բարի պտուղներ տա: Քրիստոս ասում է. «Հունձքն առատ է, մշակները՝ սակավ»։ Թող մշակներ դուրս գան հայոց աշխարհից»,- նշում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Այն ժառանգությունը, որը մենք ստացել ենք չի ենթադրում միակողմանի պատասխանատվություն: Հոգևորականը հիշեցնում է պատմության ընթացքում հայ ժողովրդի անկումների մասին ու հորդորում.
«Պետք է ապավինենք Աստծուն: Քրիստոնյա լինելու համար՝ մենք պետք է պատրաստ լինենք բոլոր փորձություններին: Կարևոր է, որ մենք հասկանանք՝ մեզ տրված շնորհին արժանի՞ ենք, թե՞ ոչ: Խորհենք՝ ո՞ւր ենք գնում»:
Արիստակես Հայրապետ
Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը, երիտասարդությունից հետևեց ճգնողական կյանքին: Նրա մասին չեն պատմում շատ դրվագներ: Իր կենսագիրը՝ Ագաթանգեղոսը, գրում է, որ Արիստակեսը եպիսկոպոս ձեռնադրվելուց և հոր փոխանորդ նշանակվելուց հետո՝ զբաղված էր քարոզչական ու հովվական աշխատանքներով: Ըստ ժամանակակիցների վկայության՝ վարդապետական ծառայությամբ գերազանցում է անգամ իր հորը: Նիկիայում 325 թվականին մասնակցել է Տիեզերական առաջին ժողովին: Հայրապետը նահատակվել է Ծոփած գավառի Արքեղայոս իշխանի ձեռքով, ում հանդիմանել էր անբարո ու անարդար գործերի համար:
Վրթանես Հայրապետ
Արիստակեսի մահվանից հետո Լուսավորչի ավագ որդին՝ Վրթանեսը, հաջորդեց նրան: Ժամանակակիցները վկայում են, որ Վրթանեսը հոր և եղբոր նման լուսավորում ու առաջնորդում էր մարդկանց, և իրավունքն ու արդարությունը ծաղկում էին այդ շրջանում: Երբ վախճանվում է Տրդատ թագավորը, նրան հաջորդում է Խոսրովը, Վրթանեսը արքային աջակցում է նաև քաղաքականության ու զինվորական գործողությունների ընթացքում: Վրթանեսը ութ տարի մնում է կաթողիկոսական պաշտոնին, մահանում է շուրջ ութսուն տարեկանում: Իր կյանքը լեցուն էր տառապանքներով և իր շրջանը, Տրդատի մահից հետո, ազգային դժվարություններով, որոնք կարողանում է հաղթահարել, թույլ չի տալիս, որ հայոց թագավորության գահը տապալվեր կրակապաշտ պարսիկների հարձակումներով:
Հուսիկ Հայրապետ
Վրթանես Հայրապետի մահվանից հետո հայրապետական պաշտոնը վիճակվեց նրա որդուն՝ Հուսիկին: Պատմիչ Բուզանդը գրում է, որ Հուսիկը ամեն ինչ անում էր Աստծո պարգևների և շնորհների համաձայն, ամենքին խրատում ավետարանական պատգամներով: Նշվում է, որ այդ ժամանակ Տիրան թագավորը և մյուս իշխանները Աստծո կամքին համաձայն չէին ապրում: Մի օր արքան, իր ավագանու հետ, փորձում է եկեղեցի մտնել, Հուսիկը նրանց դեմ է ելնում ու ասում. «Արժանի չես, ինչո՞ւ ես ներս մտնում, մի՛ մտիր»: Թագավորը բարկանում և հրամայում է եկեղեցում բրածեծ անել, և հոգևորականին հասցնում են կիսամեռ վիճակի: Հայրապետին հասցնում են Թորդան գավառ՝ իր հայրական կալվածքը, որտեղ նա վախճանվում է ու թաղվում հոր և պապի կողքին:
Գրիգորիս՝ Աղվանքի կաթողիկոս
Գրիգորիսը Վրթանես Կաթողիկոսի երկվորյակ զավակներից է: Երբ Գիրգորիսը հազիվ քսանհինգ տարեկան երիտասարդ էր, ձեռնադրվեց եպիսկոպոս և ուղարկվեց Կովկաս:
Գրիգորիսը քարոզելիս 337 թվականին չարաչար նահատակվեց, երբ դեռ հազիվ քառասուն տարեկան էր: Նա հորդորում էր իշխաններին զերծ մնալ սպանությունից ու թալանից: Իր գերեզմանը մինչև այսօր պահպանվում է Ղարաբաղի Ամարաս գյուղում, իր անունը կրող եկեղեցու մեջ:
Դանիել Ասորի Քորեպիսկոպոս
Դանիել Ասորի Քորեպիսկոպոսը համարվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի հոգեզավակը, նրա աշակերտն էր: Լուսավորչի ձեռամբ էլ ձեռնադրվել է քորեպիսկոպոս, այսինքն՝ մի այլ եպիսկոպոսի իշխանության ներքո եղող եպիսկոպոս: Պատմիչ Բուզանդը նշում է, որ Դանիել Ասորի Քորեպիսկոպոսը քարոզել ու մոլորությունից դարձի է բերել շատերին: Հուսիկ Հայրապետի մահվանից հետո, քանի որ նրա որդիներն ընտրել էին աշխարհիկ կյանքը, կաթողիկոս նշանակելու համար՝ Դանիելին են բերում Տիրան արքայի մոտ: Դանիելը տեղում հանդիմանում է արքային՝ վատ արարքների համար: Թագավորը հրամայում է խեղդամահ անել հոգևորականին: Նահատակի անշնչացած մարմինը թաղվում է իր ճգնության վայրում՝ «Հացյաց Դրախտ»-ում:
Անի Ավագյան