«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը բանաստեղծ Անի Հերունի Սաջյանն է:
-Բանաստեղծության ծնունդը…
-Ես ծնվեցի, ինձանից մի քանի վայրկյան անց ծնվեց բանաստեղծությունը. մենք նույն պորտալարից էինք սնվում:
-Չգտնված բառը…
-Բոլոր այն բառերը, որոնցով պետք է սեր խոստովանեի ու աշխարհին համոզեի, որ երջանիկ եմ...
-Չասված խոսքերը...
-Երբ չհասցրի մի նորմալ «Մնաս բարով» ասել ու ասել`Ամե՛ն...
-Ներդաշնակություն է, երբ...
-Դու հաշտ ես աշխարհի հետ, խղճիդ ու մտքիդ հետ...
-Կարոտի և սպասման մասին...
-Դու սպասում ես վերադարձներին, բայց չէ՞ որ, հոգի՛ս, մի տխուր գիշեր բոլորը հեռանում են ու անվերադարձ: Դու նայում ես հայելուն ու առաջին անգամ տեսնում, թե ինչպիսինն են մարդու աչքերը ինքնասպանությունից առաջ. չէ՞ որ կարոտը հոգիդ է սպանում, դու հայելու մեջ խեղդելու ես բոլոր կարոտներդ ու հրաժարվելու ես ինքդ քեզնից: Մահացու դեղ է հրաժեշտը, դու ընդունում ես այն և սպասում վերջին:
-Ի վերջո, ի՞նչ գույն ունի երջանկությունը:
-Երջանկությունը սիրո գույնն ունի: Երջանկությունը նրա աչքերի գույնն ունի...
-Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Որ սիրեն, շա՛տ սիրեն: Մի՛ մոռացեք բարի լույս մաղթել իրար, մի՛ մոռացեք բարի գիշերից առաջ ասել, որ սիրում եք, շտապե՛ք այնտեղ, որտեղ ձեզ սպասողներ կան, և ժամանակը կիսեք նրանց հետ, ովքեր կարևոր են ձեզ համար, որովհետև ժամանակը չի սիրում ավելորդներին: Սիրեցե՛ք, սե՛ր տվեք, որովհետև մի օր կարթնանաք ու կհասկանաք, որ շտապել եք այնտեղ, որտեղ ձեզ չէին սպասում և ուշացել այնտեղից, որտեղ ձեզ ամենաշատն էին սպասում: Մի քիչ բարի՛ եղեք...
Աշխարհը բաժանվել է երկու մասի, մեկում՝ պատերազմ, սեր, կարոտ, սպասում, մյուսում՝ ատելություն, խրախճանք ու բռնություն: Մեկն իր ողջ կյանքի սիրո բացակայի հետ չի համակերպվում և ամեն գիշեր անունը շուրթերին արթնանում ու աղոթք է լալիս, իսկ մյուսը որևէ պատի տակ էդ աղոթքը պղծում ու փոշիացնում է:
Շատերը սպասեցին, կարոտեցին, հասա՛ն... Չնայեցին թերություններին, կիսատությանն ու մարմնի որևէ մասի բացակայությանը, սիրեցի՛ն, իսկ մյուսները չընտրեցին, չսիրեցին, դավաճանեցին, ու ոչ ոք չնայեց՝ ներսում մարդ կա՞. կարևորեցին գրպանի պարունակությունը:
Կնոջից են ծնվում աշխարհիս չարն ու բարին: Սիրելի՛ մայրեր, սովորեցրե՛ք ձեր որդիներին հարգել կանանց, պաշտպանել և թևեր լինել նրանց համար:
Հարգելի՛ տղամարդիկ, ձեր դուստրերին սովորեցրեք հարգել սեփական անձը, սովորեցրե՛ք կարդալ, շա՛տ, բայց և սովորեցրե՛ք գրքերով չապրել ու չչափել մարդկանց, որովհետև շատերը Հեսսե ու Չարենց, Ֆրոյդ ու Ազնավուր, Կոմիտաս չգիտեին, բայց հայրենիք գիտեին ու այդ հայրենիքի համար զոհվեցին, իսկ շատերը թաքնվեցին իրենց գրքերում ու չսովորեցին սիրել ոչ միայն Կոմիտասին, այլ նաև հայրենիքը: Սովորեցրե՛ք, որ տղամարդը գումարի միջոց չէ, որ տղամարդը թև է, ուժ, սե՛ր, թող ձեր դուստրերը, նայելով ձեզ, հետագայում սխալ ընտրություն չկատարեն:
Ամեն կին մի հայրենիք է, և եթե դուք ձեր հայրենիքը հարգեք, սիրեք, պաշտպանեք, հայրենիքը չի թուլանա, և ոչ ոք այն գրավել չի կարողանա:
Եթե ցանկանում ես, որ ապագայում աղջիկդ երջանկությունն իր գտնի, ապա որդուդ մեջ հարգա՛նք սերմանիր, եթե չես ցանկանում, որ որդիդ դժբախտ լինի, ապա ազատի՛ր նրան շրջապատի կարծիքներից և սովորեցրո՛ւ թռչել: