Հուշ-դիմանկար. Վանա հողի կանչն էր թևածում նրա հոգում
Հուշ-դիմանկար. Վանա հողի կանչն էր թևածում նրա հոգում
Հետաքրքիր և բացառիկ երաժիշտ ու մտավորական էր Մանվել Բեգլարյանը: Բացառիկ՝ որպես կոմպոզիտոր, խմբավար, դիրիժոր, մանկավարժ, բացառիկ՝ որպես անհատականություն, առաջին հերթին՝ հայ: Վաղուց էի ճանաչում նրան: Ցավոք, անցյալ ժամանակով եմ գրում խոսքս, մինչդեռ նրա թողած երաժշտական հարուստ ժառանգությունը ժամանակի մեջ բյուրեղացել, հավերժացել ու լուսավոր հետք է թողել:
Մի քանի անգամ առիթ եմ ունեցել հանդիպելու մաեստրոյին՝ Բաղրամյան պողոտայում գտնվող իր տանը: Նստում էինք պատշգամբում, տնամերձ այգու պտղատու ծառերի հարևանությամբ, սուրճի սեղանի շուրջ զրուցում ազգային հոգսերից ու խնդիրներից: Ծանոթ էի Բեգլարյանի անցած ստեղծագործական ուղուն, սակայն, ամեն անգամ հանդիպելիս, նրա պատմությունները նոր երանգներ էին հաղորդում իր ստեղծագործական կենսագրությանը: Մեր զրույցներին հաճախ միանում էր նաև կինը՝ Ժենյա Գրիգորյանը, ով ուսուցչուհիս էր Երևանի Կրուպսկայայի անվան ցուցադրական դպրոցում: Ուրախ էր տասնամյակներ անց ինձ հյուրընկալել ու տեսնել իրենց տանը:
Բեգլարյանը հաճախ էր մտաբերում վանեցի ծնողների պատմությունները, որոնք նրան մտովի տեղափոխում էին Վան ու Վարագավանք, Խաչփողան ու Այգեստան, Վանա լիճ ու Աղթամար: Ծնողների հուզաշաղ պատմությունները նրան ուղեկցել են ամբողջ կյանքում: Այդ պատմություններով էր նա համեմում ու հարստացնում իր երաժշտական ներկապնակը: Վանա երկրի կանչն էր արձագանքում նրա ստեղծագործություններում, ու նա հպարտությամբ էր հիշատակում հայոց առաջին մայրաքաղաքը, որտեղ ապրել են իր նախնիները:
Մաեստրոն հավատում էր, որ Աստծու օրհնանքով անհայ դարձած հայոց Վանը նորից պիտի հառնի, և հայն իր կարոտաբաղձ երգերով ու Վանա բարեհունչ բարբառով պիտի Վան վերադառնա` վերագտնելու և շունչ տալու ավեր վանքերին ու սրբավայրերին, հնչեցնելու Աղթամարի Սուրբ Խաչ տաճարի լռած զանգերի ղողանջը:
2002 թվականն էր: Այդ ժամանակ աշխարհում շատ բան էր փոխվել: Վանա երբեմնի փակ դռները մասամբ արդեն բաց էին մեր առջև: Հիշում եմ, մի զրույցի ժամանակ պատմում էր, որ երազում է այցելել Վան, գտնել հայրական օջախը, հող ու ջուր բերել այնտեղից ու շաղ տալ վանեցի ծնողների գերեզմանին: Վան այցելելու նրա սուրբ երազանքն այդպես էլ չիրականացավ: Գուցե դա էլ մղեց նրան գրելու «Վարագավանք» սիմֆոնիկ պոեմը, որը նրա որդիական սիրո ու կարոտի արտահայտությունն էր նախնյաց բնօրրանի հանդեպ: «Վարագավանք» ստեղծագործության մեղեդիները մեզ տանում են Վարագասար, որի փեշերին այսօր էլ ծվարել է ավեր ու խեղված Վարագավանքը: Այդ մեղեդիները զանգի ղողանջներ են հիշեցնում, նաև՝ խնկաբույր աղոթքներ, որոնք երբևէ հնչել են այդ հինավուրց վանքի կամարների տակ: Խրիմյան Հայրիկի խնկաբույր աղոթքները…
Մանվել Բեգլարյանը հրաշալի զրուցակից էր, արվեստի իսկական նվիրյալ: Սիրում էր, երբ իրեն այցելում էին մտերիմ երաժիշտներ ու մտավորականներ, արվեստի գործիչներ: Նստում էին պատշգամբում, իսկ ամառային զով երեկոներին սկիզբ առած հետաքրքիր ու անմոռանալի զրույցները երբեմն ձգվում էին մինչև ուշ գիշեր:
Հիշողությանս մեջ մի հանդիպում է դաջվել: Առաջարկեց լսել իր նոր ստեղծագործություններից մեկը՝ նվիրված հայոց պետականության անկախությանը: Լսեցի՛: Ու երբ մարեցին երաժշտության վերջին հնչյունները, դիմելով ինձ՝ ասաց.
–Ի՞նչ անուն կսազեր այս ստեղծագործությանը…
Անբացատրելի մի զգացում համակեց ինձ: Հասկացա, որ լույս կա այդ ստեղծագործության մեջ, որը մեր ապագա դարերը լուսավորող փարոս է հիշեցնում:
–«Քարավան լուսո» պիտի կոչվի այդ ստեղծագործությունը, մաեստրո՛,– անվարան ասացի ես՝ հուսալով, որ առաջարկս իր սրտով կլինի:
Նա մի պահ լռեց, ընկավ մտորումների մեջ, ապա խանդավառված ասաց.
–Հիանալի՛ է, ավելի լավ անուն հազիվ թե գտնվի…
Մանկան պես ուրախանում էր հայոց անկախ պետականության համար, և այդ ուրախության ամենավառ արտահայտությունը նրա «Քարավան լուսո»-ն էր, որի լույսը հույսի շող պիտի սփռի մութով ու արնոտ յաթաղանով շղարշված մեր ավեր վանքերին ու սրբություններին՝ վառ պահելով կորուսյալ ու սքանչելի Վանը վերագտնելու երազը…
Ֆրանկֆուրտում բնակվող որդին՝ Մհեր Բեգլարյանը, իմ լավ բարեկամը, 2002-ին եկել էր ծնողներին այցի: Ես նոր էի վերադարձել Վանից: Մհերը գիտեր, որ եղել եմ Վանում: Զանգահարեց ու խնդրեց, որ այցելեմ Մանվելին՝ ավելացնելով, որ նա վատառողջ է և շատ կցանկանար զրուցել ինձ հետ: Սիրով համաձայնեցի: Գիտեի, թե որքան կուրախանար՝ լսելով պատմություններս Վանի մասին:
Մահից մի քանի ամիս առաջ այցելեցի Բեգլարյանին: Ի՞նչ իմանայի, որ դա վերջին հանդիպումս է լինելու մաեստրոյի հետ: Վիրահատված էր, տկարացած, աչքերում, սակայն, չէր խամրել լույսը, հավատն ու հույսը, Վանա հողի կարոտն էր խտացած, նաև` նախնյաց քաղաքն այցելելու չիրականացած երազը: Երբ իմացավ, որ Վանում եմ եղել, աչքերը փայլեցին, դեմքը մեկեն պայծառացավ ու ասաց.
–Ուրեմն Վանում ես եղել: Երանի՛ քո աչքերին: Պատմիր, ի՞նչ տեսար այնտեղ, Վարագավանքը կա՞, մեր Խաչփողանն ու Այգեստանը կա՞ն:
Մաեստրոյի հուզմունքը փոխանցվեց նաև ինձ: Տասնյակ լուսանկարներ էի բերել ցույց տալու նրան: Նա տեսավ պատկերներ սուրբ ու պաշտելի երկրից: Պատկերները նույնքան ցնցող էին, որքան՝ հուզաշաղ պատմություններս: Վան այցելելուց առաջ Մանվել Բեգլարյանին ու նրա կնոջը` տիկին Ժենյային էի նվիրել «Նախնյաց երկիր» բանաստեղծական ժողովածուս, որի շապիկին Աղթամարի Սուրբ Խաչն է պատկերված:
–Կարդացել եմ «Վասպուրական» բանաստեղծությունդ, շատ եմ հավանել,– ասաց Բեգլարյանը,– եթե առողջությունս ների ու ողջ մնամ, անպայման կմեղեդավորեմ, լավ գործ կստացվի:
Չհասցրե՜ց: Ութսուն տարեկան էր, երբ հեռացավ կյանքից: Հոբելյանից ընդամենը հինգ օր անց: Ապրեց վանեցուն հարիր արժանապատվությամբ, իր երաժշտական ներկապնակի բոլոր գույներն ու երանգները առատաբաշխ հոգով նվիրեց հայ ժողովրդին: Նրա «Վարագավանք» սիմֆոնիկ պոեմի ղողանջները այնքան ժամանակ պիտի հնչեն, քանի դեռ քնած է աշխարհի խիղճը, քանի դեռ կարոտով մեզ են նայում Վարագն ու Սիփանը, քանի դեռ գերված ու ավեր է հայոց Վանը: «Վարագավանք»-ը, հիրավի, անմար կանթեղ է դառնալու ավեր Վանը վերագտնելու ճանապարհին: