Ունենք զղջալու, ապաշխարելու, մաքրվելու հնարավորություն
Ունենք զղջալու, ապաշխարելու, մաքրվելու հնարավորություն
Մեր օգտատերերի կողմից հաճախ տրվող հարցերին պատասխանում է Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը:
Ինչպե՞ս չկրկնել գիտակցաբար գործած նույն մեղքը
-Աստված ցանկանում է, որ մարդը պայքարի մեղքի դեմ: Շատ սխալ է, երբ մարդիկ գիտակցելով մեղք են գործում՝ մտածելով, որ միևնույն է, ի վերջո կապաշխարեն ու ներում կստանան: Մյուս ծայրահեղ մոտեցումն էլ այն է, երբ մարդիկ, մեղք գործելուց հետո, մտածում են, որ այլևս փրկություն չունեն, ամեն ինչ վերջացած է: Այս երկու ծայրահեղություններն էլ կործանարար են: Պետք է չվախենալ ընկնելուց, պայքարել մեղքի դեմ, բայց նաև չլինել չափից դուրս վստահ: Աստծուց պետք է գա մարդու ինքնավստահությունը: Նման ծայրահեղությունների գիրկը չընկնելու համար՝ կարևոր է խոսել քահանայի հետ: Այդ դեպքում հոգևորականը հասկանում է՝ ինչպես օգնել մարդուն, որ նրա մեջ պայքար ձևավորվի, կռիվ մեղքի դեմ:
Մե՞ղք է մտածելը, որ Հուդան Քրիստոսի կամքով է Իրեն մատնել
-Հիսուս Քրիստոսը Վերջին ընթրիքի ժամանակ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն Ինձ մատնելու է» (Մատթեոս 26:21): Սա չի նշանակում, որ Աստված է ընտրել Հուդային որպես մատնիչ։ Աստված կանխատեսեց գալիքը, սակայն Հուդան ինքը ընտրություն կատարեց: Առաքյալներից Պետրոսն էլ ուրացավ Քրիստոսին երեք անգամ: Երկու աշակերտներն էլ զղջացին իրենց կատարածի համար, սակայն Պետրոսը վերադարձավ Տիրոջ մոտ, իսկ Հուդան՝ ոչ, ինքն իրեն կործանեց: Այդ պատճառով Հուդայի քայլը դարձավ աններելի: Աստված ցույց տվեց, որ մեղքը ներելի է, երբ մարդ զղջում է և վերադառնում դեպի Տերը: Մարդն ունի զղջալու, ապաշխարելու, մաքրվելու հնարավորություն:
Ինչո՞ւ ենք դիմում սրբերի բարեխոսությանը, եթե մեր միջնորդը Հիսուս Քրիստոսն է
-Այո, մեր միակ միջնորդը մեր մեղքերի թողության համար Քրիստոսն է: Կարևոր է, սակայն, նաև խնդրել սրբերի բարեխոսությունը, որպեսզի նրանք մեր խնդրանքների համար միջնորդեն Աստծուն: Սուրբ Գրքում կարդում ենք բարեխոսության օրինակներ: Կանայի հարսանիքին (Հովհաննես 2:1-11) ներկաներից միայն Մարիամ Աստվածածինն է մոտենում Հիսուսին ու հայտնում, որ գինին վերջացել է: Տերը ջուրը գինու է վերածում և փրկում ընտանիքին վատ վիճակից: Մենք հավատում ենք, որ սրբերն Աստծո աջ կողմում են և Աստվածածնի օրինակով կարող են բարեխոսել, որ Տերը մեր խնդրանքները կատարի, թե ինչպիսի լուծում կլինի, չենք կարող ասել:
Ինչպե՞ս ճիշտ ասել՝ ինտուիցիա՞, թե՞ Սուրբ Հոգին կանխազգաց
-Հաճախ, երբ կարողանում ենք ճիշտ հաշվարկների միջոցով հասկանալ, որ որևէ գործողության արդյունքում կարող ենք վատ իրավիճակում հայտնվել, ասում ենք, թե դա ինտուիցիայի կամ 6-րդ զգայարանի միջոցով է: Իրականում, Աստված մեզ տվել է միտք, վերլուծելու կարողություն, Սուրբ Հոգու կողմից ստացել ենք շնորհներ և այդ ամենի միջոցով կարողանում ենք գործել: